Սև ուրբաթ Ռուսաստանում. ֆոնդային բորսաները փլուզվել են, օլիգարխները միլիոններ են կորցնում
ԱՄՆ-ը ապրիլի 6-ին նոր պատժամիջոցներ է գործարկել ռուս գործարարների և ընկերությունների նկատամբ: Անցել է ընդամենը երեք օր, իսկ ռուս օլիգարխներն արդեն միլիարդներ են կորցրել:
ԱՄՆ-ի անհատական ցուցակում ներառվել է 7 ռուս օլիգարխ: Ցուցակում, նրանցից բացի, տեղ են գտել պետական ծառայողներ, պաշտոնյաներ և մի քանի ընկերություններ:
Երկուշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ «Ռուսաստանը գործ ունի ինչ-որ նոր բանի հետ», որն «անօրինականության ծավալներով» նախադեպ չունի, և «Ռուսաստանի իշխանություններն անում են հնարավոր ամեն բան՝ կորուստները նվազագույնի հասցնելու համար»: Սակայն, ըստ ամենայնի, Ռուսաստանի կառավարության մոտ դա այնքան էլ լավ չի ստացվում:
Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը, որը մասնագիտացած է կարողությունները գնահատելու հարցերում, գրում է, որ պատժամիջոցային ցուցակում հայտնված ռուս գործարարներերը միայն երկուշաբթի՝ օրվա առաջին կեսին, կորցրել են ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ, «Ֆորբսի» ամենահարուստ մարդկանց ցուցակում գտնվող ռուս օլիգարխները (ներառյալ նրանք, ում պատժամիջոցները չեն վերաբերում), կորցրել են մոտ 14 մլրդ դոլար:
Մոսկովյան բորսան փլուզվել է, գրում է ВВС-ն: Արժեզրկվել են այնպիսի ընկերությունների բաժնետոմսեր, ինչպիսիք են «Գազպրոմը», «Սբերբանկը», «Լուկոյլը», «Ռոսնեֆտը», «Նորիլսկիյ նիկելը»:
Ռուսական ընկերություններն արժեզրկվում են նաև Լոնդոնում. արժեզրկվել են «Լուկոյլի», «Ռոսնեֆտի», «Սուրգուտնեֆտեգազի» և այլ խոշոր ընկերությունների բաժնետոմսեր:
Ճգնաժամն ազդել է նաև շարքային քաղաքացիների վրա. երկուշաբթի զգալիորեն նվազել է ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ:
Ըստ վերլուծաբանների՝ ճգնաժամի պատճառն այն է, որ ներդրողները՝ վախեցած ԱՄՆ պատժամիջոցներից, սկսել են խզել պայմանագրերը ռուսական ընկերությունների հետ, հետևաբար այդ ընկերությունների բաժնետոմսերն արժեզրկվել են:
ԱՄՆ-ը պահանջում է, որպեսզի մինչև հունիսի 5-ը բոլոր ներդրողները խզեն իրենց ամեն տեսակի կապերը ռուսական 12 ընկերությունների հետ, որոնք վերահսկվում են ռուս օլիգարխներ Օլեգ Դերիպասկայի, Վիկտոր Վեքսելբերգի, Իգոր Ռոտենբերգի և Կիրիլ Շամալովի կողմից: Այդ նախազգուշացումը վերաբերում է ոչ միայն ԱՄՆ քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին, այլև երրորդ երկրների բոլոր գործընկերներին և ներդրողներին: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցները տարածել նաև նրանց վրա:
Փորձագետները համոզված են, որ մինչ այժմ երբեք ԱՄՆ պատժամիջոցներն այդքան ցավոտ չեն եղել Ռուսաստանի համար, քանի որ այժմ դրանք ազդում են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վրա: Նրանց արգելվել է մուտք գործել ԱՄՆ տարածք, նրանց բոլոր ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվել են, իսկ կապերն ամերիկյան բանկերի հետ՝ սահմանափակվել: Օլիգարխներից միայն մեկը՝ Օլեգ Դերիպասկան, ըստ «Ֆորբսի», ապրիլի 9-ին կորցրել է 1,3 մլրդ դոլար:
Դերիպասկան Ռուսաստանի՝ Կրեմլին մոտ կանգնած ամենաազդեցին գործարարներից մեկն է: Մի քանի ամիս առաջ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հետաքննություն էր անցկացրել, որում Դերիպասկային և Կրեմլին մեղադրում էր ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: