Իսրայելի պաշտպանության նախարարը եղել է Վրաստանում և Ադրբեջանում. ինչու՞ նա չի գնացել Հայաստան
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանը ժամանել է Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպել է առաջնորդների, պաշտպանության նախարարների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ:
Ինչու՞ Լիբերմանը չի գնացել Հայաստան: Այդ հարցը իսրայելցի փորձագետներին տվել են տեղի «9-րդ ալիք» հեռուստաալիքի եթերում: Ամփոփում ենք հաղորդման ընթացքում հնչած կարծիքները:
Վրաստան
Իսրայելա—վրացական հարաբերություններում կարևորագույն հարցը դարձել է ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության վերականգնումը:
Իսրայելն ակտիվորեն մասնակցել է վրացական բանակի արդիականացմանը մինչև 2008թ—ը: 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո երկու երկրների միջև ռազմական համագործակցության բոլոր ծրագրերը դադարեցվեցին. Իսրայելը դա արեց՝ հետևելով ԱՄՆ—ի օրինակին:
Երկու երկրներն էլ այդ որոշումը բացատրել են որպես Հարավային Կովկասում լարվածությունը թուլացնելու փորձ: Չնայած մինչ այդ Իսրայելն ակտիվորեն մասնակցում էր վրացական բանակի արդիականացմանը:
2017թ. վերջին ԱՄՆ—ը հայտարարեց, որ հնարավոր է՝ վերսկսի համագործակցությունը Վրաստանի հետ: Եվ Իսրայելը նույնպես այժմ փոխել է իր ռազմավարությունը և վերսկսում է ռազմական գործընկերությունը Վրաստանի հետ:
• Ինչու է Ամերիկան Javelin հակատանկային հրթիռներ տալիս Վրաստանին, և ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը
Ադրբեջան
Ադրբեջանում Իսրայելի պաշտպանության նախարարի աննախադեպ երկար՝ հնգօրյա այցը, ըստ իսրայելցի քաղաքագետ Արիե Գուտի, բացատրվում է մի քանի պատճառներով: Դրանց թվում են.
• Ադրբեջանը Իսրայելի կարևորագույն տնտեսական գործընկերն է. ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար,
• Ադրբեջանը տարածաշրջանում իսրայելական ռազմական արտադրանքի ամենախոշոր գնորդն է,
• Ադրբեջանը կարևորագույն կետ է անդրկովկասյան նավթագազային միջանցքում, որը բացառիկ նշանակություն է ձեռք բերում Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում: Պատահական չէ, որ Ավիգադոր Լիբերմանի այցը անմիջապես հաջորդեց Հարավային Կովկաս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին:
• Ադրբեջանի դերը՝ որպես միջնորդ, աճում է Սիրիայի ճգնաժամի խորացման ֆոնին, որտեղ խաչվում են Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ—ի և Իսրայելի շահերը: Վերջին շրջանում ակտիվացել են կապերը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Պուտինի և Ալիևի միջև, ասում է Արիե Գուտը:
Վերլուծաբանները նաև մատնանշում են անձնական բարեկամությունը, որը կապում է Իսրայելի պաշտպանության նախարարին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ:
Հայաստան
Հարավային Կովկասի երեք երկրներից Ավիգադոր Լիբերմանը չի այցելել միայն Հայաստան: Մասնավորապես, այդ կապակցությամբ հնչում են հետևյալ կարծիքները.
• Հայաստանի և Իսրայելի միջև ռազմական և տնտեսական համագործակցության մակարդակը ցածր է,
• Հայաստանն առանցքային դերակատար չէ Իսրայելին և ԱՄՆ—ին հետաքրքրող երկու կարևորագույն հարցերում՝ Սիրիայի ճգնաժամում և նավթի ու գազի անդրկովկասյան մատակարարումներում,
• Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ղարաբաղյան հարցում,
• Իսրայելի և Հայաստանի հարաբերություններում պահպանվում է ցավոտ մի խնդիր. Իսրայելը չի ցանկանում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Դրա համար Իսրայելի ներկայիս իշխանությունները դաժան քննադատության են ենթարկվում ներքին ընդդիմության կողմից: