Ինչ կլինի Վրաստանում, եթե բողոքի ակցիաները ձախողվեն
Ընտրությունների փաստացի չեղարկում, Արևմուտքից մեկուսացում, կողմնորոշում դեպի ռուսական շուկա, կրթության համակարգում հատուկ ծառայությունների լիարժեք վերահսկողություն, ինտերնետային գրաքննություն: Քաղաքական վերլուծաբան Դավիթ Զուրաբիշվիլին ներկայացրել է իր ենթադրություններն այն մասին, թե ինչ իրավիճակում կարող է հայտնվել Վրաստանը, եթե բողոքի ակցիաները հաջողության չհասնեն և ներկայիս «Վրացական երազանքի» կառավարությունն ամրապնդի իր իշխանությունը:
Վրաստանը կմեկուսացվի Եվրամիությունից, Ամերիկայից և ամբողջ արևմտյան աշխարհից, Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը կչեղարկվի:
Կդադարեցվեն Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից երկրում իրականացվող բոլոր ծրագրերն ու նախագծերը: Այդ ֆինանսավորման 90%-ն ուղղվում է սոցիալական աջակցությանը, պետական կառույցներին և ինքնակառավարման մարմիններին, այլ ոչ թե ոչ կառավարական հատվածին, ինչպես կարծում են «Վրացական երազանք»-ի շատ կողմնակիցներ:
Կիրականացվի պետական կառույցների ամբողջական կադրային մաքրազերծում: Ռեժիմին հավատարմությունը կդառնա աշխատանքի ընդունման անհրաժեշտ պայման ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածում:
Ընդդիմությունն ու անկախ ԶԼՄ-ները կվերանան՝ պահպանելով միայն իրենց խորհրդանշական կողմը: Նույնը տեղի կունենա նաև մասնավոր հատվածի հետ:
Վրաստանի զինված ուժերը զգալիորեն կկրճատվեն և կվերազինվեն ռուսական ու չինական արտադրանքով:
Կներդրվի գրաքննություն ինտերնետում, տպագիր մամուլում և տեսահաղորդումներում:
Դպրոցներում քաղաքացիական կրթության փոխարեն կներդրվի կրոնական կրթություն, և ուսուցիչ աշխատելու համար կհրավիրվեն անձինք, որոնց տվյալները նախապես ստուգված կլինեն անվտանգության ծառայությունների կողմից:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները լիովին կհայտնվեն հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, իսկ դասախոսները կընտրվեն՝ ելնելով իրենց քաղաքական հավատարմությունից:
Վրաստանը այլևս չի լինի Եվրոպայի խորհրդի անդամ, հետևաբար չի կատարի Ստրասբուրգի դատարանի որոշումները: Կարող է նաև առաջ քաշվել մահապատժի վերականգնման հարց:
Ընտրությունները՝ որպես իշխանության փոփոխության մեխանիզմ, փաստացի կչեղարկվեն, իսկ իշխող կուսակցությունը բոլոր ընտրություններում կստանա ձայների 80-90 տոկոսը:
Վրաստանը կանդամակցի այն բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնցում գերիշխող դեր ունի Ռուսաստանը:
Վրացական բիզնեսն ու շոու-բիզնեսը կուղղորդվեն դեպի ռուսական շուկա:
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության բարձրագույն մարմինը կլինի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին:
Այդ բարձրագույն անձի կամքի վրա ազդեցություն ունենալու միակ միջոցը կլինի Կրեմլ ներթափանցելն ու Մոսկվայից զանգահարելը: Բաքվից, Ստամբուլից և Պեկինից ստացված զանգերը կարող են ապարդյուն լինել:
Եթե այս կառավարությունը մնա իշխանության ղեկին, տեղի կունենան նաև այլ իրադարձություններ: Այստեղ թվարկված են միայն այն բաները, որոնք անկասկած կկատարվեն: Սա ոչ թե ենթադրություն է, այլ անխուսափելի իրողություն, և նման ապագայի ի հայտ գալը երկար չի տևի:
Հարց՝ արդյո՞ք մենք այդպիսի երկիր ենք ուզում: Ընտրությունը մերն է»: