Ինչպես էին «Եվրատեսիլում» Ղարաբաղը կիսում
«Եվրատեսիլ 2016»-ի կիսաեզրափակչից մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները ցնծում էին. երգի մրցույթում արգելված է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
Բանն այն է, որ արգելված խորհրդանիշներով փաստաթուղթը, որում ներառված է նաև ԼՂՀ դրոշը, հրապարակվել էր Globe Arena ընկերության և AXS տոմսերի վաճառքի գործակալության կայքերում:
Ավելի ուշ Եվրոպայի հեռարձակման միությունը (EBU) հայտարարել է, որ դա սխալմունք է և փաստաթուղթը չէին պատրաստվում հրապարակել, իսկ մրցույթի սահմանափակումների ավելի կոռեկտ ցուցակն ավելի ուշ կներկայացվի:
Թեման լայնորեն լուսաբանվեց մամուլում և քննարկվեց սոցցանցերում: Օգտատերերից մեկն ենթադրեց. «Այ հիմա նրանք հաստատ այդ դրոշը քարշ կտան այնտեղ»:
Մայիսի 10-ին կայացավ մրցույթի կիսաեզրափակիչը, որին հաջողությամբ ելույթ ունեցան Սամրա Ռագիմլին Ադրբեջանից և Իվետա Մուկուչյանը Հայաստանից:
Ֆեյսբուքի օգտատերերը ակտիվորեն համեմատում էին աղջիկներին՝ քննարկելով նրանց երգերն ու արտաքին տեսքը: Սամրայի հագուստը ոմանք շատ բաց էին համարում. «Մարմնագույնի պատճառով թվում է, թե նա մերկ է»: Սակայն իհարկե գլխավոր սենսացիան ԼՂՀ դրոշն էր, որը տեսախցիկների առջև ծածանեց Իվետա Մուկուչյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներում պարզապես պայթեցին վրդովված վերնագրերը.
«Եվ այնուամենայնիվ թափահարեցին ԼՂՀ լաթը»…
Հայաստանի պատվիրակությունը «Եվրատեսիլ 2016»-ին սադրանք արեց
«Հայ կատարողն ուզում է որ իրենց դուրս շպրտեն «Եվրատեսիլից»»
«Եվրատեսիլի» կազմակերպիչները նույնպես հիացած չեն միջադեպով:
«Մրցույթի գլխավոր պրոդյուսեր Սվեն Ստոժանովիչը, մեկնաբանելով կատարվածը, լրագրողներին հաղորդեց, որ ԼՂՀ դրոշի թափահարումը հայ մասնակցի կողմից ապօրինի քայլ է, այդ կապակցությամբ Եվրոպական հեռարձակողների միությունը համապատասխան հետաքննություն կանցկացնի», — գրում է sputnik.az-ը:
«Մենք առավել քան վիճելի տարածքի դրոշի հայտնվելն ուղիղ եթերում դիտարկում ենք որպես «Եվրատեսիլի» 1.2.2h կանոնի խախտում, որի համաձայն «շոուին արգելված է ցանկացած կազմակերպությունների, հաստատությունների, քաղաքական պնդումների առաջխաղացումը, ընկերությունների, ապրանքի կամ ծառայության գովազը»», — ասված է Եվրոպական հեռարձակման միության հայտարարությունում:
Մամուլի ասուլիսին կանոնների խախտման պատճառների մասին հարցին Իվետա Մուկուչյանը պատասխանեց, որ ուզում է ազատ արտահայտել իր զգացմունքները, ինչպես նաև խաղաղություն է ուզում իր հայրենիքի համար:
Սոցկայքերը նույնպես անհաղորդ չմնացին: «Եվրատեսիլն» Ադրբեջանում միշտ հայրենասիրական ոգևորություն է առաջացնում, հատկապես հիմա, երբ ղարաբաղյան հակամարտությունը սառեցվածից վերածվել է ցավոտ և արդիական թեմայի:
Այնպես որ, երգերի մասին շուտով մոռացան և խորացան քաղաքական թեմաների մեջ:
«Հայկական պատվիրակությանն առաջարկում եմ միանալ ադրբեջանականին որպես պահուստային թատերախումբ: Որպես ևս մեկ ինքնավար շրջան Ադրբեջանի կազմում: Չէ՞ որ ամեն ինչ վաղ թե ուշ վերադառնում է ի շրջանս յուր»:
«Ես դեմ չեմ որևէ դրոշի, բայց Ադրբեջանի կազմում»:
«Այնուամենայնիվ կազմակերպիչների ուշադրությունը պետք է հրավիրել այն փաստի վրա, որ դա ապօրինի սադրանք է, և հաջորդ անգամ պահանջել հեռացնել այն դահլիճից»:
Կազմի լուսանկարը՝ facebook.com/ArmeniaInEurovisionOfficial