Դարո Սուլակաուրին վրացի լուսանկարիչ է, նա 31 տարեկան է: Ծնվել է Թբիլիսիում, ուսումնասիրել ֆոտոլրագրություն Նյու Յորքի Լուսանկարի միջազգային կենտրոնում: Նրա աշխատանքները հրապարակվել են Forbes-ում, Mother Jones-ում, Sunday Times-ում, The New York Times-ում, Saveur-ում, The Economist-ում, Vision-ում, Bloomberg-ում, Liberali-ում և շատ այլ պարբերականներում:
Այս պատմությունը Վրաստանում վաղաժամ ամուսնությունների մասին է: Պատմում է՝ ցույց տալով հարսանեկան սրահները, արարողությունը, ինչպես նաև երիտասարդ հարսներին, նրանց ընտանիքի անդամներին, ովքեր թույլ են տալիս իրենց անչափահաս երեխաների ամուսնությունը:
Բռնության զոհերին հոգեբանական և բժշկական օգնության վրացական կենտրոնում ես պատահաբար իմացա, որ Վրաստաում լինում են վաղաժամ ամուսնություններ: Մի թեթև շոկի մեջ էի, քանի որ երբեք այդ մասին չէի լսել: Մոտս ցանկություն առաջացավ հետազոտել այդ երևույթը և պատմել այդ մասին աշխարհին: Այդպես որոշեցի ստեղծել այս ֆոտոնախագիծը:
Կախեթի գյուղերից մեկում մի ընտանիք գտա, որտեղ պատրաստվում էին ամուսնացնել 17-ամյա աղջկա: Ծանոթացա փեսացուի հետ, նա ինձ հրավիրեց հարսանիքին և թույլ տվեց լուսանկարել: Նա 22 տարեկան էր: Աղջիկն իր փեսացուին առաջին անգամ տեսել էր նշանդրեքին:
Նախագծի օգնությամբ ես ուզում էի ուշադրություն հրավիրել պետության կողմից չընդունած վաղաժամ ամուսնությունների խնդրի նկատմամբ:
Վրաստանը վաղաժամ ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է, ինչը վառ կերպով արտահայտվում է էթնիկ փոքրամասնությունների շրջանում:
Աղջիկն ամուսնանում է՝ բացարձակապես չհասկանալով, թե ինչ է ամուսնությունը: Նա ոչ միայն լքում է հայրական օջախը, այլ նաև դպրոցը, իսկ հարսանիքից հետո ամենայն հավանականությամբ էլ չի շարունակի ուսումը:
Վրաստանի կրթության նախարարությունը հաղորդում է, որ երկրում 7 հազարից ավել աղջիկներ 13-15 տարեկան հասակում չեն ավարտում դպրոցը:
Վրացական գյուղերում ընդամենը մի քանի չափահասներ են լիարժեք դպրոցական կրթություն ստանում և ընդունվում բուհեր:
Վաղաժամ ամուսնությունները հակասում են մարդու և երեխաների իրավունքներին: Նրանք ավելացնում են մշակութային ժառանգության և ժամանակակից հասարակության նորմերի միջև անդունդը:
Ես ցանկացա աշխարհին երկխոսության հրավիրել այդ խնդրի շուրջ: Ես հավատում եմ, որ քննարկումը գերազանց գործիք է, որը կբերի կարևոր փոփոխությունների: