Տեսանյութ. Ինչո՞ւ են մարդիկ իսլամական ծայրահեղականներ դառնում
Ջորջթաունի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր և ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական Հարուն Ուլլան կիսվում է Պակիստան կատարած այցի տպավորություններով:
Տեսանյութը`հայերեն թարգմանությամբ
“Ի՞նչն է մարդկանց ստիպում կրոնական ծայրահեղական՝ ընդհուպ մինչև ահաբեկիչ-մահապարտ դառնալ: Ինչպես և մարդկանց մեծ մասը, ես ենթադրեցի, որ երկու հիմնական պատասխան կա՝ աղքատությունն ու տգիտությունը:
Առաջինը ենթադրում է, որ աղքատությունը, որից, թվում է, թե ելք չկա, նպաստում է ունևորների հանդեպ մարդու մոտ զայրույթի ու վրդովմունքի առաջացմանը: Երբ մարդ ընտրության առջև է՝ մահանալ աղքատ, թե նահատակվել, նա ընտրում է նահատակի մահը:
Ինչ վերաբերում է անգրագիտությանը, ապա չունևորները կրթություն ստանալու հնարավորություն չունեն, հետևաբար, նրանց հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել: Խելացի մարդիկ օգտագործում են նրանց նախապաշարմունքներն ու սնահավատությունը:
Այն պահից, երբ անգրագետ ու չունևոր մարդն ընկնում է ծայրահեղականի ձեռքը, նրա ուղեղի վրա ազդելն ու գաղափարական ներշնչանքը մեծ բարդություն չի ներկայացնում: Քանի որ աշխարհում աղքատությունն ու անգրագիտությունը շատ է, բազմաթիվ մարդիկ կարող են ներգրավվել այս գործընթացում: Ահա, թե ինչպես է բացատրվում ահաբեկչության աղբյուրը:
Հետո ես մեկնեցի Պակիստան, և սկսեցի իրոք ապրել մի աշխարհում, որի հաշվին լրացվում են ծայրահեղականների շարքերը: Այն, ինչին ես բախվել եմ, խորապես տարբերվում էր իմ սպասումներից:
Նրանք, ովքեր ծայրահեղական էին դառնում, ոչ մի ընդհանուր բան չունեին աղքատության, էլ չասեմ՝ տգիտության հետ: Նրանցից շատերը կրոնական ծայրահեղականությանը միացած մարդիկ էին, որոնք պատրաստ էին մահանալ իրենց գործի համար, դա միջին դասի ներկայացուցիչներ էին, նրանցից շատերը՝ բարձրագույն կրթությամբ: Այդ մարդիկ ոչ աղքատ էին, ոչ էլ անգրագետ: Ընդհակառակը՝ նրանք լավ սնվում էին ու կարդացած էին:
Այսպիսով՝ եթե մարդկանց ծայրահեղականության հորձանուտ չեն նետում աղքատությունն ու տգիտությունը, ուրմեն ի՞նչն է նետում:
Պատասխաններից մեկը՝ կարևորության ու կարգուկանոնի ձգտումն է: Այնպիսի երկրներում, ինչպիսին է Պակիստանը, դեռևս քաոս ու կաշառակերություն է: Իսլամիտները բոլոր խնդիրների հստակ լուծում են առաջարկում, ահա թե ինչպես է ամեն ինչ փոխվելու, եթե դուք հետևեք այս կանոններին: Ու միայն այս կանոններին: Ապա փոփոխության ձգտումն է: Հին ու կոռումպացված կարգերը, որոնց մասին գնում է խոսքը, պետք է կործանվեն, իսկ դա հնարավոր է միայն բռնի ուժով:
Եվ ահա կրկին հայտնվում է ծայրահեղականը կառավարման նոր ձևի իր խոստումներով, զոհի կարգավիճակով, իբր մենք պատասխանատվություն չենք կրում մեր երկրի ողբերգական վիճակի համար, դա ուրիշներն են մեզ հասցրել այս իրավիճակին, ահա այն թույնը, որ բոլորն ընդունում են:
Անկասկած, սա այն պատասխաններն են, որ իրենց հետևորդներին առաջարկում էին բռնապետներն ու դեմագոգները՝ կլինի դա Լենինը, Մուսոլինին, Հիտլերը թե Բեն Լադենը:
Ապրելով Պակիստանում՝ ես մի անգամ ականատես եղա, թե դա ինչպես է գործում: Մի անգամ, առանցքային դեմքերից մեկի սպանությունից հետո ես երկու միջին դասի ծնողների հետ նստած էի: Հայրը փոքր բիզնես ուներ, մայրը բուժքույր էր: Նրանք իրենց որդուն արժանի կյանք են ապահովել: Նա ոչ մի բանի կարիք չի ունեցել:
Սակայն մի քանի օր առաջ ընտանեկան ընթրիքի ժամանակ նրանց որդին նկատեց, որ այն մարդը, ում սպանել էին, “մահվան արժանի էր”: Ինչո՞ւ: Որովհետև նա խոսում էր կրոնական փոքրամանսությունների անունից: Ծնողներն ապշած էին: Ինչպե՞ս կարող էր իրենց կրթված ու լավ դաստիարակություն ստացած որդին նման կերպ մտածել:
Այս պատմությունը չափազանց տիպիկ է: Լավ, իսկ ի՞նչ անել այս ծայրահեղականության հետ:
Առաջին հերթին, պետք է ձերբազատվել կեղծ հռետորաբանությունից, իբր այս ամենը աղքատության կամ տգիտության պատճառով է:
Երկրորդը, պետք է դիմադրել ծայրահեղական խմբավորումների հռետորաբանությանը: Նրանք ավելի լավ ուղի են խոստանում, սակայն ի՞նչ են նրանք իրենց հետ բերում: Պատասխանը միշտ մեկն է՝ ավելի շատ մահ, ավելի շատ տառապանք ու աղքատություն: Այլ կերպ ասած, երիտասարդությունը պետք է իր աչքով տեսնի՝ ինչ են իրենցից ներկայացնում այդ ծայրահեղական խմբավորումներն իրականում: Միայն այդ դեպքում նրանց քանակը կսկսի նվազել:
Երրորդը, լրատվամիջոցները պետք է դադարեն վերաբերվել ծայրահեղականներին որպես ազատության մարտիկների: Նման հռետորաբանությունը տիպիկ է այնպիսի երկրների համար, ինչպիսին է Պակիստանը:
Չորրորդը, ծնողներն ու ուսուցիչները չպետք է ենթադրեն, որ իրենց երեխաներն ու աշակերտները նույնպես մերժում են ծայրահեղականությունը, ինչպես իրենք: Միջին խավի ծնողներն ու ուսուցիչները պետք է զգոն լինեն և երեխաներին փոխանցեն չափավոր բազմակարծության արժեքներ:
Հինգերորդը, քաղաքական գործիչները պետք է դադարեն երկրի խնդիրների մեջ մեղադրել Արևմուտքին ու դիմակայեն երկիրը ներսից քայքայող քրոնիկ կաշառակերությանը:
Եվ վեցերորդն ու թերևս ամենագլխավորը, իսլամական կրոնական գործիչները պետք է դադարեն նրանց աջակցել կամ, ինչն ավելի վատ է, փառաբանել այպես կոչված «նահատակներին»՝ մուսուլմաններին, ովքեր հանուն իսլամի սպանում են անմեղ մարդկանց, և, որպես կանոն, այլ մուսուլմանների: Մուսուլմանական կրոնական առաջնորդները պետք է այդ մարդասպաններին խոստանան հավերժական տառապանքների դատապարտում, այլ ոչ թե դրախտային կյանք: Պակիստանի և մեծ մասամբ մուսուլմաններով բնակեցված երկրների ժողովուրդները հիմնականում դժգոհության հիմքեր ունեն: Սակայն ծայրահեղականությունը միշտ բարդացնում է գործը: Միշտ և ամենուր:
Ո՛չ չքավորությունը, ո՛չ տառապանքը ծայրահեղականություն չեն ծնում, ընդհակառակը, կրոնական ծայրահեղականությունն է բերում չքավորության և տառապանքի:
Ես՝ Հարուն Ուլլան, Ջորջթաունի միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսորը, Փրեյգերի համալսարանի համար:
Հարուն Կ. Ուլլան գիտնական է, ամերիկյան դիվանագետ, Հարավային Ասիայի ու Մերձավոր Արևելքի հարցերով մասնագիտացած հետազոտող”:
Նա 2014 թ. հրատարակված «Մրցում հանուն Ալլահի» (Vying for Allah’s Vote) գրքի հեղինակն է: