Նոր սեփականատեր, հին քաղաքականություն. ի՞նչ փոխվեց Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքում
«Իմեդի» հեռուստաալիքի վաճառքը
2026 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ գործարար Իրակլի Ռուխաձեն և նրա գործընկերները վաճառել են վրացական կառավարամետ քարոզչական «Իմեդի» հեռուստաալիքը 1000 լարի (մոտավորապես 370 դոլար) «խորհրդանշական գնով»։ Նոր սեփականատերը «Prime Media Global»-ն է, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է կառավարությանը մոտ կանգնած Իլիա Միքելաիշվիլիին։ Գործարքի պայմանների համաձայն՝ հեռուստաալիքի բաժնետոմսերի կեսը պետք է փոխանցվի «Իմեդի»-ի կառավարմանը։
Սա սեփականատիրոջ փոփոխություն է։ Սակայն փաստացի սա ևս մեկ խորհրդանշական դրվագ է հեռուստաալիքի պատմության մեջ, որը երկար տարիներ եղել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնական տեղեկատվական հենասյունը։
Խորհրդանշական գին և իրական արժեք
Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ «Իմեդին» վաճառվել է 1000 լարիով։ Մինչդեռ ընկերությունը միլիոնավոր դոլարներ էր պարտք։ Պետական հաշվետվությունների պորտալի տվյալներով՝ 2024 թվականին նրա վնասները գերազանցել են 454 միլիոն լարին (մոտավորապես 168 միլիոն դոլար)։
Երկար տարիներ «Իմեդին» ծառայել է որպես քաղաքական նախագիծ, որտեղ տնտեսական տրամաբանությունը երկրորդական դեր է խաղացել։
Transparency International -Georgia-ի ուսումնասիրության համաձայն՝ հեռուստաընկերությունը առնվազն 2018 թվականից ի վեր ֆինանսավորվել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա հետ կապված ընկերությունների կողմից, այդ թվում՝ արտոնյալ վարկերի միջոցով։
Նոր սեփականատեր, հին քաղաքականություն
Հեռուստաընկերության նոր սեփականատեր Իլյա Միքելաիշվիլին ասում է, որ ինքը «մեծ ծրագրեր» ունի հեռուստաալիքի համար, բայց «գործող խմբագրական քաղաքականությունը կպահպանվի»։
Հաշվի առնելով, որ «Իմեդին» երկար ժամանակ համարվում էր «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր խոսափողը, սա կարող է նշանակել, որ փոփոխությունները կապված են կուսակցության ներսում տեղի ունեցող վերադասավորումների հետ։

Նոր սեփականատիրոջ քաղաքական և հասարակական գործունեությունը նույնպես հարցեր է առաջացնում։ 2025 թվականի սեպտեմբերին Իլիա Միքելաիշվիլին ներքաշվեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի ընտրական շտաբի մոտ տեղի ունեցած կոնֆլիկտի մեջ, որտեղ ֆիզիկական բախում տեղի ունեցավ եվրոպամետ ցուցարարների և իշխող կուսակցության կողմնակիցների միջև։ Տարբեր լրատվամիջոցների կողմից նկարահանված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Միքելաիշվիլին շտապում դեպի ցուցարարները՝ փորձելով կռիվ հրահրել, մինչդեռ ոստիկանությունը միջամտում է՝ երկու կողմերին բաժանելու համար։
Գնման պայմանագրում նշված է ևս մեկ կարևոր կետ. հեռուստաալիքի գործունեությունը չպետք է օգտագործվի նախկին սեփականատերերի կամ նրանց հետ կապված որևէ անձի դեմ։
Հեռուստաալիքի քաղաքական կենսագրությունը
«Իմեդի» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Ռուսաստանում բնակվող վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի կողմից, ով ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու գործընկերն էր։
«Իմեդին» արագորեն դարձավ ամենահայտնի և ազդեցիկ հեռուստաալիքներից մեկը՝ հակադրվելով այն ժամանակվա իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը և դրա առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին։
2007 թվականի նոյեմբերին՝ հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ, ոստիկանության հատուկ նշանակության զորքերը գրոհեցին հեռուստաընկերության շենքը և դադարեցին հեռարձակումը։ Դա մնում է վրացական ԶԼՄ-ների պատմության ամենադրամատիկ դրվագներից մեկը։
Պատրակացիշվիլիի մահից հետո՝ 2008 թվականի փետրվարին, հեռուստաալիքի ղեկավարությունը մի քանի անգամ փոխվեց։ Փոխվեց նաև խմբագրական քաղաքականությունը. այն հանկարծակի դարձավ կառավարամետ և անցավ Սաակաշվիլիի կառավարության լիակատար վերահսկողության տակ։
2012 թվականին իշխանության եկավ «Վրացական երազանք» կուսակցությունը և գրեթե անմիջապես հեռուստաալիքը վերադարձրեց Պատարկացիշվիլիների ընտանիքին։ «Իմեդին» ավելի ուշ անցավ Իրակլի Ռուխաձեի բիզնես խմբի վերահսկողության տակ և 14 տարի մնաց կառավարության հիմնական հենարանը։
Բիձինա Իվանիշվիլիի նախկին համախոհ, փորձագետ Գիա Խուխաշվիլին «Պալիտրա» ռադիոյին տված հարցազրույցում հիշեցրել է, որ «Իմեդի»-ի նկատմամբ վերահսկողությունը առաջնահերթություն է եղել Իվանիշվիլիի իշխանության գալու առաջին օրվանից։
Նրա խոսքով՝ Իրակլի Ռուխաձեն երբեք «Իմեդի»-ի իրական սեփականատերը չի եղել, միայն անունով, մինչդեռ իրականում հեռուստաալիքը միշտ ենթարկվել է Իվանիշվիլիին։
«Այնուամենայնիվ, Ռուխաձեն դրանում տեսավ զգալի օգուտ, քանի որ տարիների ընթացքում նա ստացել էր բիզնեսով զբաղվելու «կանաչ լույս» և այն շահագործել էր իր օգտին: «Իմեդի»-ի պահպանումը Ռուխաձեի վրա թանկ չնստեց, կառավարությունը պարբերաբար մարում էր իր պարտքերը, բայց, ինչպես պարզվեց, դրանք արագ աճում էին: Եվ հիմա, երբ «Իմեդին» փաստացի դարձել է քարոզչական կոնգլոմերատ, Ռուխաձեն ազատվում է իր պարտքերից…», — ասում է փորձագետը։
Քարոզչության գործիք
Միջազգային գնահատականների համաձայն՝ վերջին տարիներին Վրաստանում լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը վատթարացել է: Ի թիվս այլ բաների, նշվում է, որ կառավարությանը մոտ կանգնած ԶԼՄ-ները նպաստում են բևեռացմանը և Արևմուտքի նկատմամբ սկեպտիցիզմի աճին: Այս համատեքստում «Իմեդի»-ի (վրացերեն նշանակում է «Հույս») պատմությունը իր ստեղծումից ի վեր ճշգրիտ պատկերում է երկրի քաղաքական հետագիծը՝ Արևմուտքի հետ ինտեգրման հույսերից մինչև ավտորիտար միտումների ամրապնդում:

Վերջին տարիներին «Իմեդի»-ն ավելի ու ավելի հաճախ է անվանվում կառավարության քարոզչական հարթակ ոչ միայն վրացական, այլև միջազգային լրատվամիջոցներում։
Մասնագետները այս ալիքը համարում են իշխող կուսակցության տեղեկատվական ենթակառուցվածքի հիմնական տարր։
«Չկա առանձին «Վրացական երազանք» և առանձին «Իմեդի»։ Բոլոր նարատիվները, որոնց միջոցով կառավարությունն ազդում է հասարակության վրա, սկիզբ են առնում այս ալիքից»,— ասում է փիլիսոփա Լևան Գամբաշիձեն։
2025 թ․-ի փետրվարին բրիտանական «The Economist» պարբերականի հրապարակած հոդվածում նշվում է, որ «Իմեդին» հեռարձակում է հակաարևմտյան տեղեկատվական արշավ, որը խաթարում է Վրաստանի եվրոպական ինտեգրումը։
«Իմեդին» հաճախ Արևմուտքը ներկայացնում է որպես «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որը ձգտում է Վրաստանը ներքաշել հակամարտության մեջ։
Այս նարատիվները նշանակալի դեր են խաղացել երկրում քաղաքական մթնոլորտի ձևավորման գործում, մասնավորապես՝ այն ժամանակահատվածում, երբ կառավարությունը դադարեցրեց իր մերձեցումը Եվրամիության հետ։
2025 թվականի հոկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Եվրամիությունը դիտարկում է «Իմեդիի» և Կրեմլի քարոզչության կապերի վերաբերյալ ապացույցները՝ հեռուստաալիքի սեփականատերերի և գլխավոր քարոզիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։ Բրյուսելը հեռուստաալիքին մեղադրում է ռուսական քարոզչություն տարածելու մեջ։ Սակայն Կենտրոնական Եվրոպայի երկրները կասկածանքով են վերաբերվում այս պատժամիջոցների ներդրմանը՝ դրանք համարելով խոսքի ազատության սահմանափակում և երկակի ստանդարտ։ Հետևաբար, այս հարցի հետ կապված զարգացումներ չեն եղել։
2025 թվականի հունվարին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Իրակլի Ռուխաձեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարող պատժամիջոցներ կիրառել իր դեմ, քանի որ նա ԱՄՆ քաղաքացի է։
«Հնարավոր է՝ մեկ այլ երկիր կարողանա պատժամիջոցներ կիրառել իմ դեմ, բայց ոչ Միացյալ Նահանգները», — ասել է նա։
Այլ երկրներ, մասնավորապես՝ Ուկրաինան և Լիտվան, պատժամիջոցներ են կիրառել նրա դեմ։
Ավելին, 2025 թ․-ի սեպտեմբերին «Իմեդի»-ի նկարահանող խմբին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա՝ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար։
«Իմեդի» հեռուստաալիքի վաճառքը