Թուրքիայի սահմանին տեղակայված և հիմնականում էթնիկ հայերով բնակեցված վրացական Սամցխե-Ջավախք շրջանը զգալիորեն անհանգստացած է, — գրում է տեղական լրատվական Jnews պորտալը: Այդ անհանգստությունը պայմանավորված է մի քանի գործոններով. առաջին հերթին, աշխարհում վերջերս կատարված ահաբեկչական գործողություններով և տարածաշրջանում տիրող ընդհանուր մթնոլորտով, երկրորդը, հայ-վրացական սահմանին՝ Կարցախի գյուղում, բացված նոր անցակետով: Այն գտնվում է Ախալքալաքից 25 կմ հեռավորության վրա և բացվել է բոլորովին վերջերս՝ աշնանը, սակայն անհանգստության առիթ է տվել դեռևս մինչև բացումը. տեղի հայկական բնակչությունը պնդում է, որ Թուրքիայի հետ անմիջական հաղորդակցությունը նրանց նվազագույնը հոգեբանական անհարմարություն կպատճառի:
ՀԱԿ ‘Կարցախի
Այս պահին բնակիչներն անհանգստանում են այն փաստից, որ սահմանը, կարծես, միակողմանի է բաց. ըստ լուրերի, Սամցխե-Ջավախքի վրացի քաղաքացիների համար այն հատելն ավելի դժվար է, քան Թուրքիայի քաղաքացիների:
“Հայերն ու թուրքերը չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել և չեն էլ գտնի, հետևաբար սահմանի բացումից ոչ մի լավ բան չեմ ակնկալում: Այդ սահմանը հեշտությամբ կարող են անցնել հանցագործները (թուրքական կողմից), այն կողմից բոլորին առանց որևէ խնդրի թողնում են, — ասաց Jnews-ի կողմից անցկացված անանուն հարցման մասնակիցներից մեկը:
Աղբյուրը գրում է, որ շրջանի դպրոցներում ուսուցիչները երեխաների հետ զրույցներ ու մինի-թրեյնինգներ են անցկացնում անվտանգության թեմայով: “Ուսուցիչները մեզ զգուշացնում են, ասում են, որ չնստենք անծանոթ մարդկանց մեքենաները, եթե առաջարկեն տուն տանել կամ եթե նվերներ առաջարկեն, չընդունենք, — Jnews-ին պատմել է դպրոցականներից մեկը:
“Մեզ զգուշացրել են, որ եթե անծանոթ մեկը որևէ տուփ նվիրի, չի կարելի այն վերցնել, դա կարող է վտանգավոր լինել, — ասաց մեկ այլ դպրոցական: