Դեպքերի՞, թե՞ բացահայտումների աճ․ ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ արշավ կիրականացվի
Թրաֆիքինգի դեմ արշավ ՀՀ-ում
Հուլիսի 30-ը Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «Կապույտ սիրտ» խորագրով 5-ամսյա իրազեկման արշավը։ Այն կամփոփվի Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 2-ին։
ՄԱԿ-ի «Կապույտ սիրտ» արշավը համաշխարհային նախաձեռնություն է, որը նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը թրաֆիքինգի մասին: Կապույտ սիրտը խորհրդանշում է համերաշխություն զոհերի հետ:
Արշավը ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նախաձեռնությունն է։ ՀՀ-ն դրան միացել է 2020 թվականին և ամեն տարի իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ հանդիպումներ կրթական հաստատություններում սովորողների հետ։
2025 թ․-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում թրաֆիքինգի հետ կապված 22 քրեական վարույթ է հարուցվել։ Իսկ 2024 թ․-ի ողջ ընթացում 38 վարույթ էր հարուցվել։ Ոլորտի մասնագետները սա պայմանավորում են ոչ միայն արձանագրված դեպքերի աճով, այլև իրավապահ մարմինների կողմից տարվող բացահայտման աշխատանքներով։
- ՀՀ-ում ծանր հանցագործությունների թիվն աճել է, բացահայտման դեպքերը՝ նույնպես
- Մարտի 8-ի հակառակ կողմը. ՀՀ-ում կանանց 52 տոկոսը աշխատանք չունի և չի փնտրել
- Safe YOU․ հայ կանանց ստեղծած հավելվածը կօգնի կանանց ամբողջ աշխարհում
Արձանագրվել է սեռական շահագործման դեպքերի աճ
ՀՀ-ում հայտնաբերված թրաֆիքինգի դեպքերը հիմնականում վերաբերում են սեռական շահագործմանն ու հարկադիր աշխատանքին (ոլորտները՝ անասնապահություն, շինարարություն): Այս մասին հայնտնել է Քննչական կոմիտեի՝ Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը։
Ըստ նրա՝ տուժողները հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ են, որոնց մեծ մասն անգամ տարրական կրթություն չունի։ Ասում է՝ Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս դեպքերի աճ․
«2023 թ․-ին երկրում նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որից 4-ը՝ սեռական շահագործման, մնացածն աշխատանքային շահագործման վերաբերյալ է եղել։ 2024 թ․-ին 38 քրեական վարույթ է եղել, որից 20-ը՝ սեռական, մնացածն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ»։
Քիչ չեն նաև այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված դեպքերը։ Արդեն իսկ 22 քրեական վարույթ կա, որից 15-ը սեռական շահագործման վերաբերյալ։ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ բացահայտման աճի վրա ազդեցություն ունեն նաև՝
- իրավապահ մարմինների աշխատանքը,
- իրազեկման աշխատանքները։
«Մարդիկ ավելի տեղեկացված են դառնում ու ճիշտ են արձագանքում իրավիճակին»,- հավելել է նա։
Թրաֆիքինգի են ենթարկվում նաև օտարերկրացիները
«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանն ասում է՝ եթե տարիներ առաջ Հայաստանը համարվում էր թրաֆիքինգի ելքի երկիր, այսօր դարձել է նպատակակետ․ արձանագրվում են այլ ազգի ներկայացուցիչներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքեր։ Կարծում է՝ անհրաժեշտ է իրազեկման աշխատանքներ տանել աշխատանքի նպատակով ՀՀ եկած քաղաքացիների շրջանում։
«Օտարերկրացիներին՝ Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու մասով կան քրեական վարույթներ»,- հավելել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը։
Նաև տեղեկացրել է՝ այդ քրեական վարույթները չունեն «դատական հեռանկար», այսինքն՝ կամ արդեն իսկ կարճվել են, կամ դեռևս գտնվում են նախաքննության փուլում։
ՀՀ օրենսդրության համաձայն՝ պաշտպանության ենթակա են նաև մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված այն անձինք, որոնք հանդիսանում են օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ։ Նրանք ևս կրած վնասների համար միանվագ դրամական փոխհատուցում են ստանում։
Թրաֆիքինգի զոհերի կամավոր որոշման հիման վրա պետությունը կարող է կազմակերպել նրանց անվտանգ վերադարձը ծագման երկիր։ Բացի այդ, ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ օտարերկրացի զոհերին կարող է տրվել ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ և (կամ) աշխատելու իրավունք:
Ինչ վերաբերում է այլ երկրներում ՀՀ քաղաքացիների թրաֆիքինգին, ըստ փորձագետների, վերջին տարիներին նման դեպքեր հազվադեպ են գրանցվում։ Օրինակ՝ 2023 թ․-ին ՌԴ-ում գրանցվել է հարկադիր աշխատանքի 2 դեպք։
Սեռական շահագործման դեպքեր վերջին 5 տարիներին չեն արձանագրվել։ Մինչ այդ դրանք հիմնականում նկատվում էին Թուրքիայում և ԱՄԷ-ում։
Իրազեկման արշավը․ թիրախում խոցելի խմբերն ու երիտասարդներն են
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանի խոսքով՝ 5-ամսյա արշավի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակն ու նպաստել թրաֆիքինգի կանխարգելմանը։
Տեղեկացրել է՝ գործընկերների հետ մեծ ծավալով աշխատանքներ են իրականացնելու մարզերում, մասնավորապես՝ խոցելի խմբերի շրջանում։
«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանի փոխանցմամբ՝ որպես թիրախ են դիտարկել նաև երիտասարդներին, որոնք նոր են մուտք գործում աշխատաշուկա․
«Իրազեկման աշխատանքները կատարվելու են ոչ միայն մարզային այցերի շրջանակում՝ անմիջական շփումներով, այլև շեշտադրվելու է համացանցը։ Այսօր թրաֆիքինգի դրսևորումները տեղափոխվել են նաև ինտերնետ հարթակ։ Իրազեկումն ու կանխարգելումը նույնպես պետք է տեղափոխել համացանց»։
Հարությունյանը շեշտել է՝ այս արշավով ձգտում են հասնել նրան, որ յուրաքանչյուրը ճիշտ գնահատի իրավիճակն ու խնդրի առկայության դեպքում դիմի համապատասխան մարմիններին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թրաֆիքինգի դեմ արշավ ՀՀ-ում