«Հիմա եմ հասկանում՝ ինչ է կատարվել ինձ հետ»․ թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում
Թրաֆիքինգը ՀՀ-ում
Հայաստանում վերջին երկու տարիներին մարդկանց թրաֆիքինգի դեպքերը գրեթե կրկնակի ավելացել են։ Այս տարի թրաֆիքինգի ենթարկվածների թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Երեխաների սեռական շահագործում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարկադիր աշխատանք անասնաֆերմաներում, մուրացկանություն․ սա, ցավոք, արձանագրված դեպքերի ոչ ամբողջական ցուցակն է։
Անձնական պատմություն և թրաֆիքինգի ընդհանուր պատկերը Հայաստանում վիճակագրական տվյալների և ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի հիման վրա։
- Աննկատ բռնություն. ինչո՞ւ Հայաստանում չեն բացահայտվում թրաֆիքինգի դեպքերը
- «Ես իրենց պետք եմ»․ միայնակ հոր պատմություն
- «Հիմա իմ մեջ ավելի շատ քնքշություն կա, քան երիտասարդ տարիներին»․ նրանք միասին են գրեթե կես դար
«Կուզենայի՝ դատաստանի օրը նայել խազեինի աչքերին»․ Աշոտի պատմությունը
«Որքան ինձ հիշում եմ՝ մայրս հիվանդ էր։ Մի օր լավ, մի օր վատ։ Հիշում եմ, որ շատ փոքր ժամանակ ապրում էինք քեռուս ընտանիքի հետ։ Վատ էինք ապրում, ծայրը ծայրին հասցնելով: Բայց խաղաղ էինք։ Քեռուս շատ էի սիրում։ Հետո չգիտեմ ինչ եղավ, ու մենք մի օր ուղղակի տեղափոխվեցինք մորական պապիս տանից ինչ–որ այլ տարածք։
Շատ լավ եմ հիշում այդ օրը: Մտա մի սենյակ, որտեղ միայն մի բազմոց էր դրված ու մի սեղան։ Մյուս սենյակում չորս աթոռ էր ու մի փայտի վառարան։ Մայրս ասաց, որ դա արդեն մեր տունն է, իսկ Ալբերտը՝ իմ հայրը»,– հիշում է 24–ամյա Աշոտը (անունը փոխված է)։
Տղան հիշում է՝ նոր հայրը վատ մարդ չէր, երբ սթափ էր։ Զբաղվում էր իր հետ, խաղում, բայց փոխվում էր, երբ խմում էր․
«Ոչ մի անգամ իմ կամ մորս վրա ձեռք չի բարձրացրել, չար մարդ չէր: Ուղղակի խմած ժամանակ աչքին բան չէր գալիս, կարծես վերանար աշխարհից»։
Ալբերտի ու մոր հետ Աշոտն ապրեց 2 տարի։ Մայրը մահացավ 2009 թ․–ի սեպտեմբերի 1–ին, երբ տղան 2–րդ դասարան գնաց։ Դա եղավ Աշոտի վերջին դպրոցական օրը։
Մի քանի ամիս անց Ալբերտը տեղեկացրեց, որ իրեն նոր գործ են առաջարկել, գյուղում։ Պատմեց, որ գնացել, տեսել է տարածքը, որ տղային հաստատ դուր կգա գյուղում։ Աշոտը չընդդիմացավ։ Ճար էլ չուներ․ մայյրը չկար, քեռու հետ կապ չուներ երկու տարուց ավելի։ Աշխարհում իր միակ հարազատ հոգին մնացել էր Ալբերտը։
«Գնացինք գյուղ։ Մեզ տարան մի սիրուն տուն, ու ինձ թվաց, թե մենք այդտեղ ենք ապրելու։ Հետո պարզվեց, որ մեզ համար տեղ են հատկացրել գոմում, կենդանիների հետ։ Մեծ անասնապահական ֆերմար էր։ Սկզբում նոր ծնված հորթուկների հետ խաղը, դասի չգնալը ինձ դուր էր գալիս, չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Ապրում էի այդ օրով, ինչպես Աբոն։
Լավ չեմ հիշում՝ ինչքան ժամանակ էր անցել, Աբոն հերթական անգամ խմել էր, նստել խազեինի կոմբայնը։ Մանրամասները չեմ հիշում, բայց հիշում եմ, որ տարել, վնասել էր։ Կարծեմ պատին էր խփել։ Դա դարձավ մեր դժբախտության սկիզբը։ Այդ օրը խազեինը Աբոյին ահավոր ծեծեց։ Աչքերը, քիթը կապույտ–ուռած, դեռ երկար այդպես մնաց։ Դրանից հետո Աբոն ոչ մի կոպեկ փող չի աշխատել։ Խազեինն ասում էր՝ արածիդ պարտքն ես տալիս»,– պատմում է Աշոտը։
Խորթ հոր ու իր համար գոնե օրվա հաց վաստակելու համար տղան սկսեց մուրացկանություն անել։
Ալբերտն օրերով սթափ չէր լինում։ Խմում էր ու ծեծվում։ Աշոտն ասում է՝ նույնիսկ այդ ժամանակ Ալբերտը փորձում էր իրեն պաշտպանել։ Հենց հասկանում էր, որ վատ բան է լինելու, իրեն ուղարկում էր հարևանների տները։ Աշոտն ասում է՝ ինքն ուրախամում էր․ հարևանները գիտեին՝ երեխան մայր չունի, կերակրում էին, երբեմն նաև քաղցր բան տալիս։
Անասնաֆերմայում Աշոտն ու Ալբերտն աշխատեցին 3 տարի՝ առանց վճարվելու, մշտական վախի մեջ։ Աշոտն այդպես էլ դպրոց չգնաց։ 10 տարեկանում իր անունը գրել չգիտեր։ Երեք տարի հետո անասնաֆերմայի տերը դուրս արեց նրանց․ Ալբերտն արդեն հիվանդ էր, աշխատել չէր կարողանում։ Աշոտի պատմելով՝ այդ մարդն ասել էր․ «Ջարմա ես, կմեռնես, կմնաս վրես»։
Այդ ժամանակ էր, որ Ալբերտը զանգահարեց Աշոտի քեռուն։ Չկարողացավ գտնել։ Նա վաղուց տեղափոխվել էր Ռուսաստան։ 4 օր ապրեցին փողոցում, քնեցին՝ ուր պատահի։ Հետո Ալբերտը մահացավ՝ անձայն, քնի մեջ։
Աշոտն ասում է՝ երբ առավոտյան արթնացավ, ու չկարողացավ Ալբերտին արթնացնել, կյանքում առաջին անգամ անասելի վախեցավ։ Ինքը բոլորովին մենակ էր, մահացածի կողքին, սոված, մոլորված։
«Աբոյի հետ մենակ մնացի երևի 2-3 ժամ։ Նստել էի կողքին, ոչինչ չէի ասում։ Հետո հանկարծ մարդիկ հավաքվեցին, ոստիկաններ եկան։ Ես սարասփելի վախենում էի ոստիկաններից։ Վախից սկսեցի հիստերիկ լացել։ Շտապօգնության մարդկանց ասում էի՝ Աբոյիս չտանեք, թողեք Աբոյիս։ Ես, անկեղծ, ուզում էի մեռնել նրա հետ։
Հետո էլ չեմ հիշում՝ ինչ ու ոնց եղավ։ Սկզբում ինձ տարան ոստիկանություն։ Մի երկու ժամ նստեցի իրենց մոտ, պեչենի ու թեյ տվեցին։ Հետո եկան երկու կին ու ինձ տարան մանկատուն։ Ո՛չ փաստաթուղթ ունեի, ո՛չ ծննդական, միայն մորս անուն–ազգանունն էի հիշում։ Չգիտեմ՝ ինչ երջանկություն էր, որ կարողացան շատ արագ քեռուս գտնել։ Մանկատանը մնացի 42 օր։ Հետո քեռիս եկավ ու ինձ տարավ Ռուսաստան»,– հիշում է նա։
Հետո Աշոտն իմացավ, որ քեռին դեմ է եղել քրոջ ու Ալբերտի կապին, խնդրել է երեխային գոնե իր մոտ թողնել։ Քույրը մերժել է, ինքն էլ խզել է բոլոր կապերը։ Որոշ ժամանակ անց փոշմանել է ու փորձել գտնել։ Արդեն ապարդյուն։
Քեռու համար ամենասարսափելին այն էր, որ ինքը 10 տարեկան էր դառնում, բայց միայն առաջին դասարան էր գնացել։
Սուղ միջոցներով քեռին կարողացավ Աշոտին մասնավոր պարապմունքների տանել, և արդեն հաջորդ սեպտեմբերին նա գնաց 2–րդ դասարան։
Աշոտն ասում է՝ իր ռուս դասընկերներից մեծ էր 3 տարով, արտաքինով էլ շատ էր տարբերվում, բայց միջավայրին արագ սովորեց։ Իրենց քաղաքում հայեր շատ կային, քեռու կինն էլ իր համար իսկական մայր դարձավ։
«Այս տարի առաջին անգամ եմ եկել Հայաստան։ Չգիտեմ՝ խազեինը կա, թե՞ մեռել է։ Հիմա, այս տարիքում եմ հասկանում՝ ինչ է կատարվել մեզ հետ։ Հասկանում եմ, որ կարող էինք ոստիկանություն դիմել, պաշտպանել մեզ։ Բայց հիմա արդեն ինչ եղել, եղել է։ Ես փորձում եմ չհիշել հետս կատարվածը։
Կհավատա՞ք՝ հիմա ավելի ծանր եմ տանում, քան այն ժամանակ։ Հիմա երբեմն գիշերը վեր եմ թռնում վախից, երբ երազում Աբոյին եմ տեսնում՝ կողքիս մահացած։ Բայց այն ժամանակ չէի վախենում։ Կուզենայի դատաստանի օրը նայել խազեինի աչքերին, հարցնել՝ այդ խեղճ, անշառ մարդը քեզ ի՞նչ էր արել։ Ես մանկություն չունեցա, թող ինքը խաղաղություն չունենա՝ ո՛չ այս աշխարհում, ո՛չ մյուս»,– ասում է Աշոտը։
Թրաֆիքինգի դեպքերն աճ
Ըստ Գլխավոր դատախազության տվյալների՝ անցնող երկու տարիներին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեպքերի շեշտակի աճ է գրանցվել։ 2023 թ․–ին գրանցվել է 19 դեպք, 2024 թ․–ին՝ 36 դեպք։ Այսինքն՝ դեպքերն աճել են 89.5 %-ով։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը ևս փաստում է՝ վիճակագրությունը ցույց է տալիս դեպքերի հստակ աճ․
«Հայաստանում 2023 թ․–ին նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որից 4-ը՝ սեռական շահագործման, մյուսները՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ։ 2024 թ․–ին 38 քրեական վարույթ է եղել՝ 20-ը սեռական, 18–ը աշխատանքային շահագործման վերաբերել։ 2025 թ․–ի առաջին կիսամյակում արդեն 22 քրեական վարույթ կա»։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 2024 թ․–ին նույնականացրել է 25 մարդու՝ որպես զոհ։ 2025 թ․–ի առաջին 9 ամիսներին արդեն գործ ունեն 31 մարդու հետ։ Նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանն ասում է՝ մինչև տարեվերջ դեռ նախատեսվում են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի նիստեր, ամենայն հավանականությամբ՝ կավելանա նաև նույնականացված անձանց թիվը։
Ըստ նախարարության տրամադրած տվյալների՝
31 հոգուց 20–ը եղել են արական սեռի ներկայացուցիչներ, 11–ը իգական։ Նրանցից 5–ը երեխաներ են եղել, 2–ը հոգեկան առողջության խնդիրներ են ունեցել։ Երեխաներից 3–ը՝ աղջիկներ, ենթարկվել են սեռական շահագործման, 2–ը՝ աշխատանքային։ Սեռական շահագործման ենթարկվել են նաև երկու չափահաս մարդիկ, մյուս 26 անձանց դեպքում գործ ունենք աշխատանքային շահագործման հետ։
«Այս տարի ևս շատ են անասնաֆերմաներում մարդկանց աշխատանքային շահագործման դեպքերը։ Հիմնականում՝ Կոտայքի մարզում։ Բացի այդ, այս տարի եղել են նաև օտարերկրացիների աշխատանքային շահագործման դեպքեր․ խոսքը Տաջիկստանի 13 և Թուրքմենստանի 1 քաղաքացու մասին է։ Նրանց տրամադրվել է ապաստանի ծառայություն, ապա կազմակերպվել է նրանց վերադարձը հայրենիք»,– ասում է նախարարության ներկայացուցիչը։
Տարվա առաջին 9 ամիսներին միանվագ դրամական աջակցություն ստացել է 2 անձ՝ յուրաքանչյուրը 250.000–ական դրամ։ Անի Թաթոյանն ասում է՝ տարվա կտրվածքով նախատեսված է 7 հոգու տրամադրել աջակցության այդ տեսակը՝ առավել խոցելիներին։ Մինչև տարեվերջ նույնացման հանձնաժողովը կքննարկի ևս 5 անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդությունները և կկազմակերպվի դրամական միջոցների փոխանցումը նրանց։
«Ապաստարանի հնարավորություն առաջարկվում է թրաֆիքինգի ենթարկված բոլոր անձանց, ամսվա կտրվածքով միջինում 5 հոգի օգտվում է ապաստարանի ծառայությունից։ Այդ թիվը անընդհատ փոփոխվում է»,– ասում է Թաթոյանը։
«Հայաստանը շարունակում է մնալ 2–րդ խմբում»․ ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում աշխարհում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ։ Անդրադառնալով 2024 թ․–ին Հայաստանում թրաֆիքինգի դեպքերին, Պետդեպը նշում է, որ Հայաստանի կառավարությունը լիովին չի բավարարում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները, սակայն զգալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Նախորդ զեկուցային շրջանի համեմատությամբ աճող ջանքեր ցուցաբերելու շնորհիվ Հայաստանը պահպանել է իր տեղը երկրորդ խմբում։
ԱՄՆ Պետդեպի տարեկան զեկույցում երկրները բաժանվում են 4 խմբի` հաշվի առնելով դրանց համապատասխանությունը ԱՄՆ-ի «Մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին օրենքի» (Trafficking victims protection act) նվազագույն չափանիշներին։
1-ին խմբի (Tier 1) երկրների կառավարությունները լիովին համապատասխանում են թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին։ Դա չի նշանակում, որ այդ երկրում թրաֆիքինգ գոյություն չունի։ Ուղղակի կառավարությունները ակտիվ ու արդյունավետ են աշխատում՝ կանխարգելման, հետաքննության, դատական հետապնդման և զոհերի պաշտպանության ուղղությամբ։ Այս խմբում են, օրինակ, ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան։
2-րդ խմբի (Tier 2) երկրների կառավարությունները մինչև վերջ չեն համապատասխանում նվազագույն չափանիշներին, բայց նշանակալի ջանքեր են գործադրում՝ դրանք կատարելու համար։ Այսինքն՝ խնդիրներ կան, օրինակ՝ անբավարար արդարադատություն և պատժելիության ցածր ցուցանիշներ թրաֆիքյորների համար և զոհերի պաշտպանության անարդյունավետ մեխանիզմներ։ Միևնույն ժամանակ երկրներում նկատվում է դրական միտում։
3-րդ խմբի (Tier 3) երկրները գտնվում են միջանկյալ կարգավիճակում։ Սա նշանակում է, որ երկրները ջանքեր են գործադրում, սակայն կա զոհերի թվի աճ կամ կառավարությունները նվազեցրել են իրենց ջանքերը խնդրի հաղթահարման ուղղությամբ։
4-րդ խմբի (Tier 4) երկրների կառավարությունները չեն համապատասխանում նվազագույն չափանիշներին և տեսանելի ջանքեր չեն գործադրում բարելավման համար։ Այս խմբում են, օրինակ, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը, Իրանը։
Զեկույցում հատկապես դրական է գնահատվում այն, որ Հայաստանում շատացել են թրաֆիքինգի վերաբերյալ քննվող գործերը, ինչպես նաև՝ թրաֆիքինգով զբաղվողների վերաբերյալ ավելի շատ դատական վճիռներ են եղել․
«2024 թ․–ին իրավապահ մարմինները հետաքննել են 38 գործ, 20-ը՝ սեռական, 18-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի վերաբերյալ, մինչդեռ 2023 թ․–ին հետաքննվել էր 27 գործ։ Շարունակվել են նախորդ տարիներին սկսված 10 հետաքննություն։ Կառավարությունը քրեական հետապնդում է նախաձեռնել 10 ենթադրյալ թրաֆիքյորների նկատմամբ, 7՝ սեռական, 3՝ աշխատանքային թրաֆիքինգի համար։ Մինչդեռ 2023 թ․-ին հարուցվել էր 8 գործ։ Կառավարությունը հայտնել է, որ նախորդ տարիներից մնացած երկու քրեական գործեր դեռ շարունակվում են։
Դատարանները դատապարտել են 6 թրաֆիքյորների, 4՝ սեռական, 2՝ աշխատանքային թրաֆիքինգի համար։ Մինչդեռ 2023 թ․-ին դատապարտվել էր միայն 2 թրաֆիքյոր։ Մեկ թրաֆիքյոր դատապարտել է ութ տարվա ազատազրկման, իսկ մյուս 5–ը ենթարկվել են պայմանական ազատազրկման։ Նրանցից երեքը 3 տարվա կալանքից հետո համարվել են պատիժը կրած, ինչը թուլացրել է զսպման մեխանիզմը և չի արտացոլել հանցագործության լրջությունը։
Դատախազությունը բողոքարկել է 3 գործերով պայմանական ազատազրկման դատավճիռները։ Իրավապահ մարմինները համագործակցել են Ինտերպոլի հետ՝ թրաֆիքինգի 11 գործերի շրջանակում»,– ասված է զեկույցում։
Պետդեպը հիշեցնում է՝ թրաֆիքինգի դեմ առավել խոցելի են
- սոցիալապես անապահով անձինք,
- սեքս աշխատանքում ներգրավված կանայք,
- հաշմանդամություն ունեցող և խնամքի հաստատություններում բնակվողները,
- խոցելի ընտանիքների երեխաները,
- օտարերկրյա միգրանտները,
- ավելի քան 100.000 փախստականները Ղարաբաղից։
Հայաստանի վերաբերյալ ևս մեկ միջազգային զեկույցի՝ Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) նախնական հաշվետվությունը կհրապարակվի նոյեմբերի 20–ին։
«Չեմ ուզում՝ ինձ խղճան»
Աշոտն ասում է՝ իր հետ կատարվածի մասին ոչ մեկին չի պատմում։ Հետագայում, երբ ընտանիք ունենա, գուցե սիրելի կնոջը կպատմի․
«Հանդուրժողականության մասին բոլոր զրույցները ձևականություն են։ Ես գիտեմ, որ ինձ ոչ ոք չի հասկանա, միայն կխղճան։ Գուցե՝ իմանան, աղջիկ էլ չտան, չեմ զարմանա։ Ես խեղճ եմ եղել, խեղճ մարդկանց ոչ ոք չի սիրում։ Ես չեմ ուզում, որ ինձ խղճան, ոնց որ Աբոյին էին խղճում մարդիկ»։
Աշոտը սեպտեմբերի 1–ին է վերադարձել Հայաստան՝ մոր գերեզմանին գնալու համար։ Ասում է՝ հիմա մի երազանք ունի՝ ուզում է գտնել Ալբերտի գերեզմանը և կազմակերպել նրա արտաշիրիմումն ու տեղափոխումը մոր մոտ։ Բայց դրա համար երկար ժամանակ կպահանջվի․ Ալբերտի ազգանունը նրան հայտնի չէ, ոչ էլ փաստաթուղթ կա, որով Աշոտը կկարողանար նույնականացնել նրան։
Հիմա է հասկանում՝ հավանաբար, ֆերմայի տերն էր վերցրել բոլոր փաստաթղթերը։ Բայց տղան հույսը չի կտրում՝ դժվար օրերն անցել են։ Հիմա ինքը կիրթ, ուժեղ տղա է, իր գլխի տերն է։ Աբոյին էլ կգտնի, վստահ է․ «Ինքը ինձ տեր եղավ, ես իրեն կլինեմ։ Ամեն մեկս մեր ուժերի չափով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թրաֆիքինգը ՀՀ-ում