«ԱՄՆ-ի նման հզոր պետությունը կապվել է Հարավային Կովկասին, սա խաղ չէ». կարծիք
«Թրամփի ուղու» դերը տարածաշրջանային զարգացումներում
«Հայաստանը ԱՄՆ-ի նման հզոր պետությունը կապել է Հարավային Կովկասին, սա խաղ չէ: Մեր երկրի կշիռը բարձրացել է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կառավարման մեջ: Նահանգները հենց Չինաստանի հետ լարվածության ներքո է դիտարկում Կովկասը»,- խոսելով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունների՝ նշել է ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը:
Նրա խոսքով՝ եթե «Թրամփի ուղի»-ն միանա Միջին միջանցքին, դա կամրապնդի Նահանգների դիրքերը Չինաստանի հետ հարաբերությունների համատեքստում:
Հաղորդակցությունների բացման շուրջ ընթացող գործընթացներն Օհանյանը կապում է Հարավային Կովկասի ենթակառուցվածքների արդիականացման հետ: Շեշտում է՝ դրանց ռազմավարական աշխարհագրությունը փոխվում է:
Գիտնականն այս համատեքստում մտահոգիչ է համարում այն, որ Ադրբեջանը 2020 թ,-ից մինչ օրս շարունակում է փակ պահել իր ցամաքային սահմանները նույնիսկ Վրաստանի հետ (COVID-ի պատճառաբանությամբ):
«Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը վախենում է բաց տարածաշրջանից»,- Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է Աննա Օհանյանը:
Հարցազրույցի կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Հայաստանը Սպիտակ տանը չստացավ ոչինչ, միայն խնդիրներ»․ Ռոբերտ Քոչարյան
- «Ձեռնպահ մնալ կոնֆլիկտային խոսույթից և քայլերից՝ հանուն խաղաղության»․ ՀՀ ԱԺ հայտարարությունը
- Ալիևը TRIPP-ը «միջանցք» է անվանում․ ինչպե՞ս են Երևանում մեկնաբանում այս խոսույթը
Հայաստան-Ադրբեջան. ճանապարհ դեպի կայուն խաղաղություն
«Խաղաղությունը պրոցես է, ոչ թե ֆիքսված արդյունք: Օգոստոսի 8-ին ստորագրված վաշինգտոնյան համաձայնագիրը շատ եմ կարևորում, քանի որ այն ՀՀ-ին կոնկրետ գործիքակազմ տվեց խաղաղության պրոցեսում իր դիրքերը բարձրացնելու համար: Ստեղծվել է կոնկրետ գործիքակազմ, որպեսզի ՀՀ-Ադրբեջան գրեթե մեկ դար, եթե ոչ ավելի տևած լարվածության մակարդակն իջնի:
Ակտիվ կինետիկ պատերազմից անցում ենք կատարում դեպի նեգատիվ խաղաղություն, երբ ռազմական ուժ չի գործածվում: Սա հարաբերությունների վեկտորը տանում է դեպի ավելի կայուն, ինստիտուցիոնալացված, կանխատեսելի խաղաղություն:
Բայց դա չի նշանակում, թե պատերազմի ռիսկն ամբողջովին վերացել է: Իրական, կայուն խաղաղության կհասնենք այն դեպքում, երբ Ադրբեջանի տրամաբանությունը [վարած քաղաքականությունը] փոխվի»:
ՀՀ-ն խաղաղությունն ինստիտուցիոնալացնելուց բացի այլ ելք չունի
«Կայուն, ապահով միջավայր իր համար ստեղծելու համար Խաղաղությունն ինստիտուցիոնալացնելուց բացի Հայաստանն այլ ելք չունի:
Կոնֆլիկտային տրամաբանությունը չի աշխատի, քանի որ ոչ մի երկիր կանգնած չէ ՀՀ-ի թիկունքին, ռազմական առումով պատրաստ չէ Հայաստանի շահերն առաջ տանել:
Միջազգային հարաբերությունները փոխվում են: Շատ կարևոր է այն, թե Հայաստանը կկարողանա՞ շարունակել իր դեմոկրատական կառույցների ամրացումը, որն անհրաժեշտ է պետականության ամրացման համար: Եվ այդ կոնտեքստում նաև լինել պրոակտիվ ռեգիոնալ հարաբերությունները դեպի ինստիտուցիոնալ խաղաղություն տանելու համար: Ամենամեծ շահողը դրանից ՀՀ-ն է լինելու»:
Ադրբեջանը վախենում է բաց տարածաշրջանից
«Ականատես ենք լինում Հարավային Կովկասի ենթակառուցվածքների արդիականացմանը: Այսինքն՝ դրանց ռազմավարական աշխարհագրությունը փոխվում է:
Մտահոգիչ եմ համարում այն, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել իր սահմանները։ Նույնիսկ Վրաստանի հետ: Շարքային ադրբեջանցին հեշտ չի անցում կատարում դեպի Վրաստան, ինքնաթիռով պետք է գնա:
Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը վախենում է բաց տարածաշրջանից: Ալիևը պետք է տեսնի, որ այս տնտեսական անցումից հետո, սահմանների բաց լինելուց հետո իր երկրի տնտեսական անցումը՝ նավթային տրամաբանությունից դեպի ավելի նորմալ տնտեսության, իր ռեժիմին չի հարվածում: Դա է Ադրբեջանի ապագա վարքագծի բանալին:
Նույնիսկ եթե 3 տարի հետո՝ Թրամփի պաշտոնավարումից հետո դեմոկրատները վերադառնան, այս պրոցեսները չեն վերափոխվելու: Սա առաջին ազդանշանն է նրա, որ ԱՄՆ-ն հասկանում է՝ եվրասիական մայրցամաքի ֆիզիկական աշխարհագրությունը փոխվում է, Արևմուտքն ու Արևելքը անհրաժեշտ է փոխկապակցել։ Եվ այդտեղ ԱՄՆ-ն դեր ունի կատարելու»:
Ապաշրջափակումը կբարձրացնի Ալիևի տրանզիտային արժեքը
«Ադրբեջանի տնտեսությունը մնում է նավթի վրա հենված: Իսկ նավթից եկող եկամուտները քչանում են, պիկը 2010 թվականն էր: Այս պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը, Ալիևների ընտանիքը չեն փորձում փոփոխություն մտցնել, քանի որ դա վնասում է իրենց ռեժիմի կայունությանը:
Բաքվի շահերից բխում է Հայաստանի հետ սահմանները բացելը, տարածաշրջանում սահմաններ բացելը, տնտեսական կապերը խորացնելը։ Ադրբեջանի համար շահեկան կլինի նավթային տրամաբանությունից անցում կատարելը:
Ալիևին Վաշինգտոնի համաձայնագիրը հետաքրքրում է տարբեր պատճառներով: Խաղի մեջ է մտցնում ԱՄՆ-ին, որ գործիք օգտագործի ՌԴ-ի դեմ՝ իր ռեժիմն ամրացնելու համար: Դա ես աշխարհաքաղաքական պատրոնաժ եմ համարում:
Սահմաններ բացելը բարձրացնում է նաև Ալիևի տրանզիտային արժեքը, և նա դա միշտ կարևորում է: Անշուշտ, տրանզիտից եկող եկամուտները չեն փակելու նավթից ստացվող եկամուտների բացը, բայց դա եկամուտ ստանալու նոր միջոց է լինելու Ալիևի համար»:
Երբ սահմանները բացվեն, Հայաստանի տնտեսությունը կսկսի աճել
«Մեկուսացման պայմաններում, փակ սահմաններ ունենալով ոչ մի երկիր տնտեսական թռիչք չի ապրի: Դա հնարավոր չէ: Կարող եք ցույց տալ Իսրայելի օրինակը, բայց դա բացառություն է:
Փոքր պետությունների տնտեսությունը հիմնված է արտահանման վրա: Նման պետությունների ամրության մեջ փոքր և միջին ձեռնարկությունների առողջությունն է կարևոր, նաև քաղաքական առումով: Իսկ տնտեսության այդ շերտերը հեռու շուկաներ չեն կարող հասնել, իրենց ավելի մոտիկ շուկաներ են անհրաժեշտ աճելու համար:
Միանշանակ է, որ Հայաստանի տնտեսությունը կսկսի աճել, երբ ապաշրջափակում լինի, սահմանները բացվեն: Համոզված եմ, որ ժողովուրդը հասկանում է՝ շրջափակման պայմաններում տնտեսական ռիսկերը շատ-շատ բարձր են:
Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, Վրաստանի ենթակառուցվածքների բազմազանությունը, կապերի արդիականությունը կարևոր են այդ պետությունների ապագայի համար»:
ՀՀ ընդդիմությունը կհաջողի, եթե փորձի Փաշինյանից վերցնել խաղաղության մենաշնորհը
«Հայաստանի ընդդիմությունը ավելի արդյունավետ կգտնվեր՝ ոչ թե հարվածելով եղած խաղաղության պրոցեսին, այլ փորձելով Նիկոլ Փաշինյանից վերցնել խաղաղության մենաշնորհը:
Երբ հարվածում են պրոցեսին, քննադատում են, դա թուլացնում է իշխող կուսակցության հաշվետվողականությունը, այսինքն՝ դիսկուրսն առաջ է շարժվում ոչ թե հետևյալ կերպ՝ խաղաղությանը միտված քաղաքականությունն արդյունավետ է, թե ոչ, ինչ ձևով պետք է համաձայնագրերն իրականացվեն, այլ հակառակը՝ Փաշինյանն ընդամենը ասում է՝ խաղաղությունը հաստատված է:
Ընդդիմադիրները քաղաքական առումով հաջողության կհասնեին, եթե առաջարկեին այլընտրանքներ համաձայնագիրն ավելի էֆեկտիվ իրագործելու համար:
եթե ՀՀ ընդդիմության նպատակն է հաջողության հասնել եկող ընտրություններում, չեմ կարծում, թե կհաջողեն՝ հարվածելով վաշինգտոնյան համաձայնագրին»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Թրամփի ուղու» դերը տարածաշրջանային զարգացումներում
 
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
  