«Թրամփի կողմից 25% մաքսատուրքի սահմանումը մեծ մաքսային բեռ չի դառնա ՀՀ համար»․ կարծիք
Թրամփի հայտարարած 25% մաքսատուրքն ու Հայաստանը
ԱՄՆ կողմից մաքսատուրքերի սահմանման հնարավորության ֆոնին Հայաստանի պաշտոնյաները հիշեցնում են՝ Երևանը բալանսավորված քաղաքականություն է վարում ինչպես Նահանգների, այնպես էլ հարևան Իրանի հետ։
Թրամփը, մասնավորապես՝ հայտարարել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունեցող բոլոր երկրների համար սահմանելու է 25% մաքսատուրք։
«Դուք գիտեք, թե մենք ինչ ծրագրեր ենք այսօր իրականացնում ԱՄՆ-ի հետ և գիտեք նաև՝ ինչպիսի հարաբերություններ ունենք Իրանի հետ: Ես հույս ունեմ, որ այդ [բալանսավորման] քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նախագահ Թրամփի հայտարարությունը դեռ իրավական փաստաթուղթ չի դարձել և ուժի մեջ չի մտնել։ Հայ տնտեսագետները, սակայն, արդեն իսկ վերլուծում են, թե նման որոշումն ինչ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության, ինչպես նաև ՀՀ-Իրան և ՀՀ-ԱՄՆ երկկողմ տնտեսական կապերի վրա։
Տնտեսագետ Աննա Փախլյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատել է՝ մաքսային բեռի տեսանկյունից նման որոշումը թույլ տնտեսական ազդեցություն կունենա Հաաստանի վրա։
«Հաշվի առնելով TRIPP նախագծի շրջանակում ԱՄՆ-ՀՀ ռազմավարական փոխգործակցության առարկայացումը, ամենևին էլ չի բացառվում, որ նոր մաքսատուրքերի կիրառման մասով Հայաստանը դասվի բացառությունների շարքին»,- հայտարարել է Փախլյանը։
Ըստ նրա՝ առավել «ազդեցիկ և շոշափելի» է Թրամփի հայտարարության քաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորությունը Հայաստանի համար։
- ԱՄՆ-ը մասնաբաժինը TRIPP-ում կլինի 74%․ Երևանի ու Վաշինգտոնի նոր հայտարարությունը
- Ջեյ Դի Վենսը Երևան կգա՞․ ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցի շուրջ քննարկումներ ՀՀ-ում
- «Ալիևը տորպեդահարում է Թրամփի նախաձեռնած խաղաղության գործընթացը»․ հայ քաղաքագետ
Մեկնաբանություն
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աննա Փախլյանի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ցանկանում է ուժեղ տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա: Շեշտում է՝ այդ ռիսկի տակ կարող է հայտնվել ցանկացած երկիր, որը տնտեսական հարաբերություններ ունի Իրանի հետ:
«Անգամ այն պարագայում, երբ ԱՄՆ-ը դեռ չի հրապարակել այս քաղաքականության իրավական մեխանիզմը կամ բացառությունները, սա մեծացնում է անորոշությունը և հարկադրանքի զգացողությունը Հայաստանի արտաքին առևտրային քաղաքականության համար»,- նկատել է նա։
Փորձագետը հնարավոր է համարել, որ Հայաստանը դասվի բացառությունների շարքին։ Նաև հիշեցրել է՝ դեռևս չկա որևէ պաշտոնական փաստաթուղթ, հայտնի չեն 25% մաքսատուրքի կիրառման մանրամասները, ուստի մի շարք անպատասխան հարցեր կան։
«Պարզ չէ՝ Իրանի հետ փոխգործակցող երկրների նկատմամբ այն սահմանվելու է առկա առևտրատնտեսական կապերի ծավալին և խորությանը համարժե՞ք, թե՞ Իրանի հետ ցանկացած աննշան առևտուր բավարար է լինելու, որպեսզի այդ պետությունները լրացուցիչ մաքսատուրք վճարեն նաև ԱՄՆ-ի հետ իրականացվող բիզնես գործարքների համար: Կամ արդյո՞ք մաքսատուրքը կիրառվելու է միաժամանակ և՛ արտահանման, և՛ ներմուծման նկատմամբ և այլն»,- նկատել է նա և հավելել, որ պայմանների հստակեցումն էապես կփոխի հնարավոր մաքսատուրքերի ազդեցության տիրույթն ու շրջանակը։
Տնտեսագետի գնահատմամբ՝ մաքսատուրքերի սահմանման պարագայում «առանցքային թիրախ» կդառնան այն երկրները, որոնք Իրանի խոշոր առևտրային գործընկերներն են։
Ասում է՝ հասանելի տվյալների համաձայն՝ Իրանի խոշոր առևտրային գործընկերներն են Չինաստանը (բաժին է ընկնում Իրանի արտահանման շուրջ 40%-ը), Իրաքը (13%), Արաբական Միացյալ Էմիրությունները (11%), Թուրքիան (10%), Հնդկաստանը (3․4%)․
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ է ուղղվում Իրանի արտահանման ընդամենը 0․66%-ը, սակայն Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Իրանի մասնաբաժինը համեմատաբար մեծ է»։
Աննա Փախլյանի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝
- 2024 թ․-ին Հայաստանից Իրան արտահանման ծավալը գնահատվել է 108․3 մլն դոլար, ինչը համարժեք է ՀՀ ողջ արտահանման 0․8%-ին,
- 2024 թ․-ին ՀՀ-ից ԱՄՆ արտահանումը գնահատվել է 58․9 մլն դոլար, կամ ընդհանուր ծավալի 0․5 տոկոսը։
- 2025 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից Իրան արտահանվել է 83․4, իսկ ԱՄՆ՝ 46․2 մլն դոլարի ապրանք։
«Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալներն ավելի սահմանափակ են, իսկ Իրանի շուկան արտահանման հիմնական ուղղություններից չէ մեր երկրի համար»,- շեշտել է նա։
Տնտեսագետի փոխանցմամբ՝ ներկրման ծավալները «շոշափելի» չեն։
Ասում է՝ 2024 թ․-ին ԱՄՆ-ից Հայաստան է ներմուծվել 351․7 մլն դոլարի ապրանք, որը համարժեք է մեր երկրի ներմուծման ընդհանուր ծավալի 2.1%-ին, իսկ Իրանից ներմուծումը գնահատվել է 629․2 մլն դոլար, կամ ընդհանուրի 3․7%-ը։
«Այս պայմաններում ակնկալվում է, որ Իրանի հետ տնտեսական փոխգործակցության համար 25% մաքսատուրքի կիրառումը թույլ տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանի համար, հատկապես՝ մաքսային բեռի ուղղակի արտահայտությամբ»,- արձանագրել է Փախլյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թրամփի հայտարարած 25% մաքսատուրքն ու Հայաստանը