Թոփ 5 ձմեռային ուտեստները
Կարևոր չէ, թե որտեղ եք դուք աշխատում, Բաքվի որ անկյունում եք ապրում, մեքենա ունեք, թե ոչ. միևնույնն է, տարվա ցուրտ եղանակին ձեզ տանջելու է Բաքվի քամին: Հյուսիսային քամուց չես փախչի, այն անխուսափելի չարիք է:
Մարդիկ ուզում են տաքանալ, և դա շատ լավ հասկանում են սրճարանների, բարերի, ակումբների և ռեստորանների աշխատակիցները: Այդ պատճառով էլ ժամանցային կայքերում աշնանը հայտնվում են տաք կոկտեյլների ընդգծված էսթետիկ լուսանկարներ: Օրինակ, այս աշնանը friday.az-ը պատմում էր, թե ինչ կարող են առաջարկել Բաքվի սրճարանները սառած ճամփորդին:
Ձմեռը դեռ չի ավարտվել: Ավելին, առջևում մարտ ամիսն է, իսկ մենք մեր փորձից գիտենք, որ Նովրուզը ձմռանը վերջնականապես չի քշի, մենք գիշերները դեռ փաթաթվելու ենք տաք վերմակներով, իսկ ցերեկները գլխարկը գլուխներս քաշելու:
Այսպիսով, մի՞թե Բաքուն որպես ցրտից ազատվելու միակ միջոց կարող է առաջարկել միայն տաք կոկտեյլներ գլամուրային ռեստորաններում ու սրճարաններում: Բարեբախտաբար ադրբեջանական խոհանոցում կարևոր տեղ են զբաղեցնում տաքացնող ուտեստները, որոնք ավանդաբար պատրաստում և ուտում են ձմռանը: Դրանք կշտացնող են, համեղ և, ինչը շատ կարևոր է ճգնաժամի ժամանակ, էժան: Պարզապես պետք է իմանալ ճիշտ տեղերը:
Shanson
Փիթի — 5AZN
Գառան մանր կտրատած միս, ոլոռ, շագանակ, համեմունքներ: Պատրաստվում է կավե ամանում, վառարանում շատ մարմանդ կրակի վրա: Փիթին ուտելու ճիշտ ձևը արգանակն առանձնացնելն է, մեջը հաց բրդելը, որից հետո մսին անցնելը: Այս ուտեստը հաջողության երկու գաղտնիք ունի՝ նուրբ երիտասարդ միսն ու եփման ձևը. գառան միսը շատ փափուկ է դառնում, երբ երկար եփվում է կրակի վրա: Զաֆրանն ու շագանակն ուտեստին հատուկ բույր են հաղորդում, հենց դրանց շնորհիվ այն շատ յուղոտ չի թվում: Մատուցվում է սումախով, չորացրած նանայով և սոխով:
Əriştə (Արիշտա)
Արիշտա — 2,5AZN
Արիշտան իտալական պաստայի կամ ռուսական լապշայի ադրբեջանական տարբերակն է: Դրանից կարելի է փլավ պատրաստել, սակայն նույն անվանումը կրող ռեստորանում նախընտրում են ապուրը՝ արիշտայով և լոբով, կոլոլակով և մսի արգանակով: Արիշտայի վրա նաև չոր նանա են լցնում, ինսչպես բոլոր ադրբեջանական ուտեստների վրա, որոնք մսի արգանակ են պարունակում: Մի փոքր թթվաշություն հաղորդելու համար ավելացնում են չորացրած շլոր:
Xəzər
Քյուֆթա-բոզբաշ – 4AZN
«Բոզբաշը» բառացիորեն նշանակում է «մոխրագույն գլուխ»: Նույն ուտեստի մեկ այլ տարբերակ է պարչա-բոզբաշը, որի համար միսն ավելի խոշոր է կտրատվում: Քյուֆթան պատրաստվում է ոչխարի մսից, որին կարելի է խառնել նաև տավարի միս: Ամեն գնդի մեջ ընդունված է տեղադրել չորացրած շլոր: Իսկ աղացած մսին խառնում են նաև բրինձ ու սոխ: Ոլոռը բոզբաշի համար նախապես են թրջում: Կարելի է այն թողնել ողջ գիշեր, որպեսզի հասցնի եփվել մսի հետ միասին: Համեմունքներից բոզբաշին ավելացնում են բիբար, զաֆրան (կամ կուրկումա, որով կարելի է փոխարինել զաֆրանը, այն ավելի հասանելի է), գրեթե պատրաստ ուտեստի վրա չորացրած նանա և թարմ կանաչի են լցնում:
Anadolu
Դյուշբարա — 3,1AZN
Համացանցի ռուսալեզու կայքերում կարելի է կարդալ, որ դյուշբարան ադրբեջանական պելմենի է: Իրականում այս ուտեստների տեսքն է միայն նման. դրանք երկուսն էլ խմորից ու մսից են, սակայն այստեղ բոլոր նմանություններն ավարտվում են: Դյուշբարան պատրաստում են յուղոտ ոչխարի աղացած մսից ու սոխից: Դրանք պետք է շատ փոքր լինեն և եփվում են մսի արգանակում: Այսպես կոչված «հարսի դյուշբարայի» չափսը դրա իդեալական չափսն է. գդալի մեջ պետք է տեղավորվի մոտ 10 հատ: Անվանումն ակնարկում է, որ հարսը, պատրաստելով այն ամուսնու և սկսերոջ համար, պետք է ցույց տա, որ գաղափար ունի խոհարարական չափանիշների մասին: Դյուշբարան մատուցվում է քացախով և սխտորով:
Araz
Խաշ — 5AZN
Խաշն ուտեստների այս ցուցակում առանձին տեղ է զբաղեցնում. առաջին հերթին այն առավոտյան են ուտում: Երեկոյան խաշ սկզբունքայնորեն չեն ուտում: Դա արվում է առավոտյան և միայն օղու հետ միասին: Այդ թվում նաև որպես խումհարի դեմ լավագույն դեղամիջոց: Երկրորդ հերթին, այն զուտ տղամարդկային ուտեստ է, և զարմանալի չէ. մածուցիկ և յուղոտ խիտ արգանակը իրական փորձություն է ստամոքսի համար: Խաշը պատրաստում են տավարի ոտքերից, պոչից, ստամոքսից և ընդհանուր առմամբ առաջին հայացքից անպետք հատվածներից: Դժվար է պատկերացնել ավելի հասարակ և անպաճույճ ուտեստ: Ասում են, նույնիսկ Չինգիզ խանն էր սիրում խաշ և ոչինչ չէր ուզում լսել, երբ ակնարկում էին, որ այդ ուտեստը չի համապատասխանում նրա բարձր դիրքին:
Այս ուտեստի թերևս ամենահաճելի առանձնահատկությունն այն է, որ խաշը միավորում է հարևան երկրները, քանի որ այն ուտում են Կովկասում ամենուրեք: Վեճերն այն մասին, թե որ ազգին է այն պատկանում, բոլորովին անիմաստ են, քանի որ այն պատրաստվում է յուրաքանչյուր կովկասյան երկրում, որտեղ կովերն ունեն ոտքեր և պոչ: