Թուրքիան «ուռկանը գցել է». մեծ աղմուկ ոչնչից
Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Իզմիրում նախորդ ուրբաթ կայացած ցուցահանդեսին:
«Մենք առաջարկ ունենք, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու շուրջ. չխախտելով ԵՄ հետ համապատասխան համաձայնագրերը՝ Թուրքիան ցանկանում է համագործակցություն սկսել ԵԱՏՄ հետ», — ասել է Զեյբեքչին:
Զավեշտալի իրավիճակ
Պաշտոնական Անկարայի հայտարարությունը ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մտադրության մասին մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ-ն:
Արմենպրեսի հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանիորեն փակել է հայ-թուրքական սահմանը՝ միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:
Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը կարող է համաձայնել ԵԱՏՄ-ի և Թուրքիայի միջև պայմանագրի կնքմանը, եթե Անկարան բացի սահմանը: Եվ արդյո՞ք Քոչարյանի հայտարարությունը նշանակում է, թե Հայաստանը վետո կդնի համաձայնագրի վրա, եթե Թուրքիան հրաժարվի բացել սահամանը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը միակողմանի կերպով արգելափակված է Անկարայի կողմից 1993թ-ից: Այդպիսով Թուրքիան համերաշխություն է հայտնել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունում: Եվ թեև Հայաստանը սովոր է ապրելու մասնակի շրջափակման պայմաններում, սահմանի բացումը կարող էր Հայաստանի տնտեսական վերելքի խթան դառնալ:
Հայ քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է խիստ պայմաններ դնի Թուրքիայի առջև, ընդհուպ մինչև Ցեղասպանության ճանաչում և դրա հետևանքների չեզոքացում:
Իր հերթին, Lragir.am առցանց պորտալն իր խմբագրականում հարցադրում է անում, թե ինչ կլինի, եթե Թուրքիան ստորագրի համաձայնագիրը և դրանով իսկ բացի ԵԱՏՄ հետ «միակ սահմանը»: Այդ ժամանակ աբսուրդային կլինի արդեն Հայաստանի դրությունը:
Իրավիճակի ողջ հմայքն ու զավեշտը դրանում է, որ Հայաստանն ինքն ընդհանուր սահմաններ չունի ԵԱՏՄ մյուս երկրների հետ: Այսինքն՝ եթե անգամ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա, ասենք, Ռուսաստանի հետ առևտրի համար նա պետք է իր ապրանքն անցկացնի Վրաստանով, որը ԵԱՏՄ հետ որևէ պարտադրող փաստաթուղթ չի ստորագրել: Թուրքիայի համար ավելի հեշտ է Ռուսաստանի հետ առևտուր անել Սև ծովով:
Շուվալովը մոռացել է Թուրքիայի մասին
Առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն օգոստոսի 22-ին Իսիկ Կուլում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը քաղաքական նախագիծ չէ և իրականացվում է ոչ Ռուսատսանի նախաձեռնությամբ: «Նախագիծը ծնվել է դեռևս նախորդ դարի 90-ականների սկզբին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ, որը հանդես է եկել եվրասիական ինտեգրացիայի գաղափարով»,- նշել է նա:
Միության երկրները կբախվեն երրորդ պետությունների հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման խնդրին: «Դեռևս նման մեխանիզմ հաջողվել է գործարկել միայն Վիետնամի հետ, ամեն ինչ վատ չի զարգանում, զուգահեռ բարդ բանակցություններ են գնում Իրանի հետ: Շարունակվում են այդ թեմայով խորհրդատվությունները Սինգապուրի և Չինաստանի հետ, այդ թվում քննարկվում է համագործակցության հնարավորությունը Չինաստանի հետ՝ հաշվի առնելով «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախագիծն»,- ասել է նա:
Ընդ որում, Շուվալովը չի հիշատակել Թուրքիան: Ավելին, Ռուսաստանը պաշտոնապես չի մեկնաբանել թուրք նախարարի հայտարարությունը, ինչը թույլ է տվել փորձագետներին ենթադրել, թե հայտարարությունը համաձայնեցված չի եղել Ռուսաստանի հետ և կարող է պարզապես Մոսկվայի արձագանքի ստուգում լինել: Կամ Ռուսաստանն ընկալել է թուրք նախարարի հայտարարությունը ոչ այնքան լուրջ:
Ո՞վ է Թուրքիային առաջարկ ուղարկել, Տիգրան Սարգսյա՞նը
Ընդհանրապես պետք է արձագանքի ոչ թե Ռուսաստանն, այլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը տվյալ պահին գլխավորում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թուրք նախարարը չի հստակեցրել, թե ով է առաջարկն ուղարկել Թուրքիային: Արդյո՞ք դա Ռուսաստանն է եղել, թե՞ Թուրքիայի բարեկամ Ղազախստանն ու Ղրղզստանը: Իսկ միգուցե առաջարկն ուղարկել է անձամբ Տիգրան Սարգսյա՞նը, որին նշանակումից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «մեծ ղեկավար» է անվանել:
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում հայ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է) ոչ միանշանակ է գնահատվում Հայաստանում: Կարծիք կա, որ Ռուսաստանն, այդ պաշտոններին հայերի նշանակելով, փորձում է նրանց ձեռքերով անհաճո գործեր իրականացնել:
Մյուս կողմից, հնարավոր է, որ Ռուսատսանը դրանով փորձում է իրեն պաշտպանել Թուրքիայի և Ադրբեջանի ավելորդ ճնշումից: Փորձագետները նկատում են, որ եթե Մոսկվային դուր չեն գալիս Բաքվի և Անկարայի որոշ առաջարկներ, նա նրանց ուղարկում է «հայերի մոտ»՝ առաջարկելով հարցերը նրանց հետ լուծել:
Թե ինչպիսին է Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը ԵԱՏՄ-ին Թուրքիայի միանալու կապակցությամբ, հայտնի չէ: Սակայն Հայաստանի նախկին վարչապետի լռությունը խոսում է այն մասին, որ թուրք նախարարի հայտարարությունն այլ նպատակներ էր հետապնդում:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հայտարարությունն այն մասին, թե Անկարան մտադիր է միանալ ԵԱՏՄ-ին սովորական շանտաժ է, որն ուղղված է Բրյուսելին և Վաշինգտոնին, կարծում է հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ինչպես նշել է քաղաքագետը, ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության գործում ամենաքիչը շահագրգռված է հենց Ռուսաստանը, քանի որ նա պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարում, որն ուղղված է սեփական արտադրողի շահերը պաշտպանելուն:
Օգոստոսի 23-ին Սոչիում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Արդյոք հանդիպմանը կքննարկվի Թուրքիայի և ԵԱՏՄ միջև համաձայնագրի հարցը՝ պարզ չէ: