«Հարավային Կովկասը կորցնում է գերակայությունը Անկարայի քաղաքականությունում»․ կարծիք
Թուրքիայի դերը Հարավային Կովկասում՝ մեկնաբանություն Երևանից
Թուրքիան ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ սուր միջազգային հակամարտություններում՝ սկսած Մերձավոր Արևելքից և Հարավային Կովկասից մինչև Ուկրաինա և Աֆրիկա։ Իր հեղինակությունը և ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա բարձրացնելու համար այս երկիրը հմտորեն օգտագործում է դիվանագիտությունն ու իր աշխարհագրական դիրքը։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը այն մասին, թե Թուրքիայի համաշխարհային տերություն դառնալու ձգտումը որքանով կարող է բարդացնել իրավիճակը տարածաշրջանում և ուժեղացնել Հայաստանի վրա ճնշումները աշխարհաքաղաքական գործընթացներում։
- «Կովկասում նոր դարաշրջան բացելու նախադրյալներ կան»․ ՀՀ արտգործնախարար
- Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է․ ի՞նչ սպասել
- «Թուրքիայի նախապայմանները հաճախ Բաքուն է հնչեցնում»․ հայ վերլուծաբան
Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ
Գլոբալ ազդեցության ձգտումը
«2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Թուրքիայի դերը Հարավային Կովկասում աճել է։ Բայց նրա հավակնություններն ու նպատակները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից։ Անկարան ձգտում է ավելի բարձր կարգավիճակի։ Այն հավակնում է համաշխարհային տերության կարգավիճակի։ Թուրքիան մտադիր է ազդել գլոբալ գործընթացների վրա։ Սա թուրքական արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է։ Եվ դա շատ մեծ չափով պայմանավորված է նախագահ Էրդողանի անձնական հավակնություններով։
Բայց Թուրքիան՝ որպես միջին մակարդակի, սահմանափակ ռեսուրսներով տարածաշրջանային երկիր՝ բնակչություն, տնտեսություն և տարածքի տեսակնկյունից, դժվարություններ է ունենում այս լայնամասշտաբ նպատակների իրականացման հարցում։ Համաշխարհային ասպարեզում իրեն դրսևորելու համար այն ակտիվորեն hանդես է գալիս որպես միջնորդ տարբեր հակամարտություններում։ Այսպիսով ձգտում է խորացնել իր ազդեցությունը։
Հարավային Կովկասում Թուրքիան մնում է առաջատար ուժերից մեկը՝ Ռուսաստանի և Իրանի հետ մեկտեղ։ Բայց նրա ուշադրությունն ավելի ու ավելի տեղափոխվում է դեպի Մերձավոր Արևելք։ Այստեղ է Անկարան տեսնում ավելի շատ հնարավորություններ իր ռազմավարական խնդիրներին հասնելու համար։ Հարավային Կովկասը՝ չնայած իր կարևորությանը, աստիճանաբար կորցնում է գերակայությունը Անկարայի արտաքին քաղաքականությունում»։
ԱՄՆ-ի աջակցությունը և դերը Սիրիայում
«ԱՄՆ-ի աջակցությունը ստանալուց հետո Թուրքիան ակտիվացրել է իր դերը Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում։ Այստեղ Անկարան օգնում է նոր ռեժիմին իր հատուկ բնույթով վերահսկել իրավիճակը։
Սիրիան բարդ երկիր է՝ բազմաթիվ ազգերով, կրոնական հանդգնություններով և, համապատասխանաբար, հակամարտություններով։ Իսկ Թուրքիան այստեղ լրացնում է այն վակուումը, որը ստեղծվել է ամերիկյան ներկայության կրճատվելուց հետո։ Սա այս երկրի՝ համաշխարհային գործընթացների վրա ազդող տերություն դառնալու մտադրության մասնակի իրագործումն է։
Սակայն, որպես միջին մակարդակի տարածաշրջանային երկիր, Թուրքիան դժվարությամբ է հաղթահարում աճող պատասխանատվությունը։ Այն մրցակցում է Սաուդյան Արաբիայի հետ, որին ԱՄՆ-ն նույնպես աջակցում է բազմամիլիարդ ռազմական համաձայնագրերի միջոցով։ Այս երկիրը զսպում է Իսրայելի ազդեցությունը Սիրիայում՝ հաշվի առնելով Իրանի հնարավոր ուժեղացումը ԱՄՆ-ի հետ համաձայնություններ կնքելու դեպքում և Եգիպտոսի հավակնությունները։ Այս բարդ խաղում Մերձավոր Արևելքը Անկարայի համար դարձել է գերակայություն, իսկ Հարավային Կովկասը՝ պակաս կարևոր»։
Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունները
«Թուրքիան և Ադրբեջանը տարբեր տեսանկյուններից են նայում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Անկարան այն դիտարկում է գլոբալ տեսանկյունից։ Ձգտում է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի միջոցով ամրապնդելու իր առաջատար դերը Հարավային Կովկասում։ Սա ռազմավարական քայլ է, որը պետք է փաստաթղթերով ամրագրի իր ազդեցությունը տարածաշրջանում։
Ադրբեջանը, ընդհակառակը, գործում է մարտավարական ուղղությամբ։ Այն հետապնդում է ավելի տեղային նպատակներ։ Մասնավորապես, ձգտում է ստանալ լրացուցիչ զիջումներ Հայաստանից։ Բաքուն ցանկանում է ստանալ գործնական արդյունքներ։ Մինչդեռ Թուրքիային գոհացնում է ցանկացած ելք՝ միայն թե գործընթացն արագ ավարտվի»։
Տրանսպորտային հավակնություններ
«Թուրքիայի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ունի ռազմավարական նշանակություն։ Միջանցքի արտատարածքային կարգավիճակը Անկարային հնարավորություն կտար անարգել կապվել Ադրբեջանի հետ և՝ Կասպից ծովի միջոցով՝ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակտիվորեն առաջ է մղում թյուրքալեզու երկրների միջև համագործակցության ամրապնդման և միասնական թյուրքական աշխարհի ստեղծման գաղափարը։ Թուրքիան չի թաքցնում նաև իր հեռու գնացող ծրագրերը՝ տարածաշրջանում դառնալ նավթագազային տրանսպորտային հանգույց։ Այն ենթադրում է, որ Կենտրոնական Ասիայից բոլոր էներգետիկ ռեսուրսները կհոսեն Ադրբեջանի և Հայաստանի հարավի՝ Մեղրիի ճանապարհով դեպի Թուրքիա, որտեղից արդեն կբաշխվեն եվրոպական երկրներին։
Ներկայումս Էրդողանի նախագծի իրականացումը բարդ է։ Թուրքիայի երկաթուղային ցանցը կապված չէ Նախիջևանի հետ։ Դրա համար պետք է կառուցել 220 կիլոմետր երկարությամբ ճյուղ Կարսից մինչև Նախիջևան՝ բարդ լեռնային ռելիեֆով, ներառյալ կամուրջներ և թունելներ։ Չնայած տասը տարվա քննարկումներին, շինարարությունը սկսվել է միայն վերջերս։ Վերջին կանխատեսումների համաձայն՝ այն կավարտվի 2029 թվականից ոչ շուտ։
Բայց եթե Թուրքիայի համար «միջանցքը» մնում է ավելի շուտ քաղաքական գաղափար, քան ռեալ նախագիծ, ապա Ադրբեջանի համար այն ունի գործնական նշանակություն։ Այն կապահովի Նախիջևանի հետ ուղղակի երկաթուղային կապ։
Թեև Բաքուն դրա համար օգտագործում է Իրանի միջով ավտոմոբիլային ճանապարհը, որը սկսել են արդիականացնել ավելի մեծ հարմարավետություն ստեղծելու համար, նա ձգտում է նվազեցնել կախվածությունը Թեհրանից և ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա։
Թուրքիան նույնպես հետաքրքրված է վերացնել իրանական վերահսկողությունը տրանզիտի նկատմամբ։ Այս պատճառով երկու երկրներն էլ մտադիր են արտատարածքային ճանապարհ ստանալ Հայաստանի տարածքով։ Այսինքն՝ չեն ցանկանում Երևանը վերահսկի ճանապարհը իր ինքնիշխան տարածքում»։
Թուրքիայի հավակնությունների սահմանափակումը
«Անկարայի և Բաքվի ճնշումը Հայաստանի վրա հազիվ թե հաջողությամբ պսակվի։ Երևանը չի համաձայնի արտատարածքային միջանցք տրամադրել։ Ճանապարհն անցնում է հայկական տարածքով, և Հայաստանը պետք է վերահսկի այն։
Տեսականորեն Ադրբեջանը կարող է փորձել ռազմական ճանապարհով հարցը լուծել։ Բայց հաշվի առնելով 2020 թվականի Արցախյան պատերազմում Բաքվի զգալի կորուստները և աշխարհաքաղաքական իրավիճակը՝ դա քիչ հավանական եմ համարում։
Թուրքիայի համար կարևոր է ամրապնդել իր հատուկ կարգավիճակը տարածաշրջանում։ Արցախյան պատերազմի գլխավոր արդյունքը Ռուսաստանի ազդեցության թուլացումն է Հարավային Կովկասում։ Ղարաբաղյան հակամարտությունը երկար ժամանակ ծառայում էր որպես լծակ Մոսկվայի համար, բայց այժմ ՌԴ-ն այս գործիքը կորցրել է։
Անկարան ձգտում է ամրապնդել այս արդյունքը՝ պահպանելով իր դիրքերը տարածաշրջանում մինչև ավելի բարենպաստ ժամանակներ։ Սակայն նրա համաշխարհային մասշտաբի հավակնությունները սահմանափակված են միջին տերության ներուժով, ինչը նրա նպատակները դարձնում է դժվար հասանելի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թուրքիայի դերը Հարավային Կովկասում՝ մեկնաբանություն Երևանից