Հայաստանի պաշտպանության նախարարություն․ թուրքական կործանիչները Երևանին չեն մոտեցել
Օգոստոսի երկուսից ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, թե թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի մայրաքաղաքին՝ հասնելով օդային հարվածի հեռավորության։
Ռուսաստանում գրում էին, որ Թուրքիան «հերթական վտանգավոր սադրանքն է իրականացրել», Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված էր հերքել այս լուրը։
Հայ փորձագետները չեն մեկնաբանում այս կեղծ տեղեկատվությունը, նրանց փոխարեն դա անում են սոցցանցերի օգտատերերը։ Նրանք գրում են տեքստում առկա անճշտությունների մասին և ներկայացնում իրենց վարկածները, թե ինչ նպատակով կարող էր տարածվել այս «նորությունը»։
● Հայաստանը չի հավակնում Ռուսաստանի ռազմական միջամտությանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտին
Ո՞վ է տարածել ապատեղեկատվությունը
Ապատեղեկատվության հիմնական աղբյուրն է հանդիսանում Avia.pro կայքը։ Առցանց պարբերականի տեքստում ասվում է․
«Նվազագույնը երկու թուրքական մարտական ինքնաթիռ ուղիղ հետագծով ուղղություն է վերցրել դեպի Երևան, և մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինանոցում առկա ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է, շրջադարձ կատարել և հետ են գնացել՝ թերևս այդպիսով մշակելով Հայաստանի մայրաքաղաքին հարված հասցնելը․․․
Սակայն դրանով սադրանքները չեն ավարտվել․ Հայաստանի հետ սահմանին նկատվել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային պաշտպանության նվազագույնը չորս ուղղաթիռ, որոնք նույնպես մոտեցել են Հայաստանի սահմանին, սակայն այն չեն խախտել՝ գիտակցելով, որ զինվորականներն անհապաղ կրակ կբացեն թե թուրքական, թե ադրբեջանական ուղղաթիռների ուղղությամբ»։
Avia.pro կայքն նաև իր վարկածն է առաջ քաշում, թե «ինչի հետ են կապված նման սադրանքները»․
«Հաշվի առնելով Անկարայի բարձրագոչ հայտարարությունները, մասնագետները կարծում են, որ այդպիսով Հայաստանին ստիպում են գրոհել, ինչն, իր հերթին, Թուրքիային թույլ կտա օրինական հիմքերով կոնֆլիկտի մեջ մտնել այդ երկրի հետ, սակայն, հաշվի առնելով, Ռուսաստանի աջակցությունը, իրավիճակի սրացումից դեռևս հաջողվում է խուսափել»։
Հերքում
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կարճ հերքում է տարածել․ ոչ մի կործանիչ Երևանին չի մոտեցել։
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Թեև սոցցանցերի օգտատերերի մեծ մասը չի տարածեկ ռուսական լրատվամիջոցների լուրը, սակայն նրանցից շատերը գրել են, որ ֆեյքը բավականին ճշմարտանման էր պատրաստաված։ Միաժամանակ հրապարակման տեքստում նրանք որոշ անճշտություններ են նկատել, որոնք հարցեր են առաջացրել։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Հետաքրքիր է, թե որ ուղղությամբ են թուրքական կործանիչները Երևանին 56 կմ մոտեցել, եթե Երասխից մինչև Երևան ավելի քան 65 կմ է։ Այստեղ երեքից մեկն է․ կամ սահմանը հատել են, կամ ադրբեջանական ուղղաթիռները Թուրքիայի տարածքում են, կամ avia կայքն ընթերցողներ է փորձում հավաքագրել»։
«Արդար կլիներ նշել, որ Երասխից մինչև Երևանի ծայրամասեր, այնուամենայնիվ, մոտ 50 կմ է (կործանիչներն ավտոմոբիլային ճանապարհով չեն թռչում)։ Ակնհայտ է, որ կայքի հոդվածը լսարան հավաքելու համար է։ Սակայն, այնուամենայնիվ, դա չի չեղարկում Թուրքիայի սադրիչ պահվածքը Հայաստանի նկատմամբ»։
«Կարծում եմ՝ այս ֆեյք լուրի առանցքային արտահայտությունը սա է․ «Հաշվի առնելով Ռուսաստանի աջակցությունն, իրավիճակի սրացումից ստացվում է խուսափել»։ Հավանաբար, հեղինակը տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության գործոնն ընդգծելու անհրաժեշտություն է տեսել»։