Թբիլիսիի կենտրոնում՝ Դիղոմի թաղամասում, սեփական տանը որդու հետ միասին գնդակահարվել է ներկայում լուծարված «Մխեդրիոնի» ռազմականացված կազմավորման առաջնորդներից մեկը՝ Դոդո Գուգեշաշվիլին:
Որդին՝ Նոդար Գուգեշաշվիլին, տեղում է մահացել, նրա մարմինը փորձաքննության է ուղարկվել: Դոդո Գուգեշաշվիլիին վիրահատում են Գուդուշաուրիի անվան ազգային բուժկենտրոնում: Նա հրազենային վիրավորում է ստացել սրտի հատվածում: Գուգեշաշվիլիի տանը փորձագետ-կրիմինալիստներ են աշխատում:
Ներկա փուլում քննությունը տվյալներ չունի հարձակվողի մասին, թեև, ինչպես պնդում է «Ինտերպրեսնյուս» գործակալությունը, ըստ նախնական վարկածի, Գուգեշաշվիլին և նրա վրա կրակած անձը միմյանց լավ ծանոթ են եղել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 108 և 19-109 հոդվածներով, որոնք «միտումնավոր սպանություն» և «հանցագործությունը ծանրացնող հանգամանքներով միտումնավոր սպանություն» են ենթադրում:
• Դոդո Գուգեշաշվիլին 1990-ականներին համարվում էր «Մխեդրիոնի» ռազմականացված կազմավորման առաջնորդներից և Ջաբա Իոսելիանիի մոտ համախոհն էր: [Ջաբա Իոսելիանին վրացի քաղաքական, ռազմական և քրեական գործիչ էր, «Մխեդրիոնի» կազմավորման առաջնորդը: Գամսախուրդիայի պաշտոնանկությունից հետո՝ Վրաստանի ռազմական խորհրդի անդամ]:
• «Մխեդրիոնի» ռազմականացված կազմակերպությունը ստեղծվել էր 1989թ-ին: 1991թ-ին «Մխեդրիոնին» Ջաբա Իոսելիանիի գլխավորությամբ դարձել էր նախագահ Զվիադ Գամսախուրդիայի դեմ ռազմական պուտչի գրեթե գլխավոր շարժիչ ուժը: Կազմակերպությունը մասնակցել է Աբխազիայի հետ պատերազմին: 1995թ-ին «Մխեդրիոնին» արգելքի տակ հայտնվեց: 2001թ-ին «Հայրենասերների միությունը»՝ «Մխեդրիոնիի իրավահաջորդը», հրաժարվեցին գրանցել որպես քաղաքական կուսակցություն:
• Գուգեշաշվիլին գնդապետի կոչում ուներ, Աբխազիայի հետ պատերազմի վետերան էր: Վերջին տարիներին՝ «Մխեդրիոնիի» լուծարումից հետո, Դոդո Գուգեշաշվիլին հազվադեպ էր հեռուստաէկրաններին հայտնվում, երկրի հասարակական-քաղաքական կյանքին չէր մասնակցում: