Գիշերային ավտոբուսները կսկսեն երթևեկել Թբիլիսիի փողոցներով այսօրվանից: Այս մասին հաղորդել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Իշխանությունների նոր նախաձեռնությունը մշակվել է Թբիլիսիի «գիշերային էկոնոմիկայի» զարգացման համար: Այժմ մունիցիպալ ավտոբուսները կսկսեն ուղևորներին սպասարկել ուրբաթ և շաբաթ գիշերները, գրում է Նովոստի-Գրուզիան:
Առաջին փուլում №222 ավտոբուսը երթևեկելու է կեսգիշերից մինչև տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:00-ը: Դրա երթուղին սկսվում է մետրոյի «Ահմեթելիի թատրոն» կայարանից մինչև «Վարքեթիլի» կայարան:
«Սա պիլոտային նախագիծ է, և եթե այն արդարացվի, ապա մեկ ամսից անպայման այլ երթուղիներ կավելացնենք: Գիշերային ավտոբուսը կարևոր և հարմար կլինի ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև այն անձանց համար, որոնք ստիպված են աշխատել և տեղաշարժվել գիշերային ժամերին», — հայտարարել է քաղաքապետի տեղակալ Սոֆյա Խունցարիան:
Ըստ «Գիշերային էկոնոմիկայի զարգացում» նախագծի ղեկավար Սերգի Գվարջալաձեի՝ №222 երթուղին ներառում է գիշերային ժամերին քաղաքի առավել ակտիվ վայրերը:
«Նշված ավտոբուսի միջոցով միմյանց միջև կկապվեն քաղաքի երկու ամենախիտ բնակեցված վայրերը՝ Գլդանին ու Վարքեթիլին: Երթուղին ներառում է քաղաքի մշակութային կենտրոնները, որտեղ ամենամեծ ակտիվությունը լինում է ուրբաթ և շաբաթ օրերին: Դա, այդ թվում, Աբանոտուբանին է, Աղմաշենեբելի նորացված պողոտան», — նշել է նա:
Գվարջալաձեն նշել է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ քաղաքապետարանը որոշակիորեն կկարողանա առանձնացնել, թե տրասնպորտի որ տեսակն է անհրաժեշտ քաղաքին գիշերային ժամերին:
Պիլոտային երթուղով երթևեկելու են MAN մակնիշի ավտոբուսներ մեկ ժամ ինտերվալով: Սակագինը ստանդարտ կլինի՝ 50 թեթրի (մոտ 0,19 դոլար): Կգործեն նաև արտոնյալ սակագներ:
Գիշերային ավտոբուսի առաջին ուղևորներին հաճելի անակնկալ է սպասվում. ավտոբուսում նրանց կնվիրեն վրացի և արտասահմանյան հեղինակների գրքեր:
Գիշերային Թբիլիսիի զարգացումը Կալաձեի նախընտրական խոստումներից մեկն է: Քաղաքապետը կարծում է, որ գիշերային մշակութային կյանքի ակտիվացումը կնպաստի մայրաքաղաքի եկամուտների ավելացմանը: