Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը
Կիսվել
Կիսվել
Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին: Երեկ երեկոյան նա դուրս է եկել տնից և չի վերադարձել: Լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան արդեն դիմել է ոստիկանություն: Աֆղանը մեկ տարուց ավել է, ինչ Թբիլիսիում է ապրում, քանի որ նրա լրագրողական գործունեության պատճառով նրա մոտ խնդիրներ էին առաջացել Ադրբեջանում:
Վերջերս JAMnews-ը ռեպորտաժ էր հրապարակել Ադրբեջանից Վրաստան տեղափոխված քաղաքական փախստականների մասին: Աֆղան Մուխտարլին այդ ռեպորտաժի հերոսներից մեկն էր: JAMnews-ի հետ զրույցում նա պատմել էր, որ Վրաստանում գտնվելը վերջին ժամանակներս խնդրահարույց է դարձել:
JAMnews-ը կապվել է անհետացած լրագրողի ընկերոջ, ադրբեջանցի ակտիվիստ Դաշգին Աղալարլիի հետ, որն ուզում է քաղաքական ապաստան ստանալ Վրաստանում և ապրում է Թբիլիսիում: Հենց նա է վերջինը տեսել Մուխտալիին:
«Ժամը ութի կողմերն էր, մենք նստած էինք Կոլտնտեսության հրապարակի սրճարանում: Աֆղանը զանգահարեց կնոջն ու ասաց, որ տուն է գնում և արդյոք ինչ-որ բան է պետք: Կինն ասաց նրան, որ հաց վերցնի: Այդ զանգից հետո մենք դուրս եկանք փողոց: Ես մնացի կանգառում, իսկ Աֆղանը պետք է անցներ փողոցը: Իմ երթուղայինը եկավ և ես գնացի: Դրանից հետո Աֆղանին ոչ ոք չի տեսել, նա տուն չի վերադարձել», — պատմում է Դաշգին Աղալարլին:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս ակտիվացել է Վրաստանում ապրող ադրբեջանցի լրագրողների և ակտիվիստների հետապնդումը:
«Մենք պարզապես անընդհատ զգում ենք, որ մեզ հետևում են: Մեր հետևից միշտ մի քանի մարդ էր գալիս: Աֆղանը մի անգամ լուսանկարեց նրանց: Նրանք վրացի չէին, խոսում էին ադրբեջաներեն. նրանք այնքան մոտ էին գալիս, որ մենք հաճախ լսում էինք նրանց խոսակցություններից ինչ-որ բաներ», — ասում է նա:
JAMnews-ը կապվեց Վրաստանի ՆԳՆ հետ, որտեղ մեզ ասացին, որ այդ առթիվ հայտարարություն կարվի ավելի ուշ: