Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնի կառուցման համար կբռնագրավվի 5 ընտանիքի գույք
Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոն
Թբիլիսիի պատմական Աբանոտուբանի թաղամասում նախատեսվում է կառուցել Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոն։ Այս որոշումից հետո Վրաստանի կառավարությունը կենտրոնի տարածքը որակել է որպես «հանրային կարիքների համար անհրաժեշտ»: Սա նշանակում է, որ նշված տարածքում բնակվող հինգ ընտանիքներից կբռնագրավվեն նրանց պատկանող բնակելի և առևտրային տարածքները։
Էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի կողմից ստորագրված հրամանը «Ակտիվների կառավարման և զարգացման ընկերությանը» տալիս է սեփականազրկման իրավունք՝ թույլ տալով պետությանը նախնական փոխհատուցման դիմաց բռնագրավել մասնավոր սեփականությունը:
Որոշումը հրապարակվել է ապրիլի 3-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցից կարճ ժամանակ առաջ։ Հեյդար Ալիևը նրա հայրն է և երկրի նախկին ղեկավարը։
Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցի գլխավոր իրադարձությունը նրա հանդիպումն էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, երկրի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Որոշման համաձայն՝ նախագիծը վերաբերում է հին շենքերից մեկին, որի սեփականատերերի ընդհանուր թիվը 24 է։ Պետության կողմից ընտրված ընկերությունն արդեն համաձայնության է եկել նրանցից մի քանիսի հետ և գնել է նրանց պատկանող գույքը, սակայն չի կարողացել համաձայնության գալ 5 ընտանիքների հետ։ Նրանց գույքը ներառում է տարբեր չափերի բնակելի և ձեղնահարկային տարածքներ։
Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ սեփականատերերին նախապես առաջարկվել է փոխհատուցում՝ հիմնվելով Դատական փորձաքննության ազգային բյուրոյի գնահատման վրա, սակայն համաձայնագիրը չի կայացել։ Հենց դրանից հետո է ընկերությունը դիմել նախարարություն՝ սեփականազրկման գործընթաց սկսելու խնդրանքով։
Որոշման մեջ ընդգծվում է, որ սեփականության իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ, սակայն բացարձակ չէ և կարող է սահմանափակվել հանրային կարիքների դեպքում։
Նշվում է նաև, որ փոխհատուցման չափի վերաբերյալ ցանկացած անհամաձայնություն պետք է լուծվի դատական կարգով։
Բնակիչները մեկ ամիս ժամանակ ունեն այս որոշումը բողոքարկելու համար։
Նախագծի համաձայն՝ 5380 քառակուսի մետր տարածքում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր, որը կներառի համերգասրահ, կրթական տարածքներ, մանկական թատրոն և հանրային տարածքներ։ Գլխավոր նախասրահը կմիացվի պատմական «Հին բաղնիքի» շենքին, որը, ըստ նախագծի հեղինակների, կստեղծի ճարտարապետական ներդաշնակություն հնի և նորի միջև։
Փաստաթղթում նաև նշվում է, որ կենտրոնը դիտարկվում է որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ և հիմնված է Վրաստանի և Ադրբեջանի միջև պատմական կապերի վրա։ Նախագծի նպատակն է զարգացնել բազմազգ մշակութային տարածք, ինչպես նաև խթանել մշակութային տուրիզմն ու միջազգային միջոցառումների անցկացումը։
Հեյդար Ալիևն Ադրբեջանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն էր։ Հենց նա է ձևավորել երկրի ներկայիս քաղաքական համակարգը։
Ծնվել է 1923 թվականին։ Կարիերան սկսել է խորհրդային անվտանգության ծառայություններում։ Ավելի ուշ դարձել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջնորդը՝ սկզբում որպես Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ապա՝ որպես ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, որն այդ ժամանակ Խորհրդային Միության ամենաբարձր քաղաքական պաշտոններից մեկն էր։
Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1993 թվականին, Ալիևը դարձել է արդեն անկախ Ադրբեջանի նախագահ և կառավարել է երկիրը մինչև 2003 թվականը։ Նրա կառավարումը նշանավորվել է պետության կենտրոնացման աճով, քաղաքական կայունության վերականգնմամբ մասնավորապես՝ նավթային ոլորտում միջազգային խոշոր համաձայնագրերով։
Նրա վարած քաղաքականությունը հաճախ գնահատվում է երկու տեսանկյունից՝ մի կողմից՝ որպես պետական կայունության և տնտեսական աճի, իսկ մյուս կողմից՝ որպես ավտորիտար կառավարման ամրապնդման և քաղաքական հակառակորդների նկատմամբ սահմանափակումների ժամանակաշրջան։
Հեյդար Ալիևը մահացել է 2003 թվականին, բայց նրա քաղաքական ուղեգիծը մինչ օրս շարունակում է որդին՝ Իլհամ Ալիևը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոն