Էստոնիայի խորհրդարանը «Վրացական երազանքի» կառավարությունը ոչ լեգիտիմ է ճանաչել
Էստոնիան չի ճանաչում Վրաստանի կառավարությունը
Էստոնիայի խորհրդարանն ընդունել է վրաց ժողովրդին սատարող հայտարարություն, որում հրաժարվում է ճանաչել Վրաստանի խորհրդարանի և կառավարության լեգիտիմությունը: Նշվում է, որ դրանք ձևավորվել են խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք «անցկացվել են կեղծիքների և քաղաքացիներին ահաբեկելու մթնոլորտում»։ Հայտարարության համաձայն՝ Էստոնիան չի ճանաչում նաև «Վրացական երազանքի» կողմից նախագահ նշանակված Միխեիլ Կավելաշվիլիի լեգիտիմությունը։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները բազմահազարանոց բողոքի ցույցերի ալիք առաջացրին Վրաստանում։ Խորհրդարան անցած չորս ընդդիմադիր սուբյեկտները՝ երեք կոալիցիաներ և մեկ կուսակցություն, միաձայն հայտարարեցին ընտրական գործընթացի զանգվածային կեղծիքների մասին, չճանաչեցին նոր խորհրդարանի լեգիտիմությունն ու հրաժարվեցին իրենց մանդատներից։
Միևնույն ժամանակ Էստոնիան հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի այն դեմոկրատական ուժերին, որոնք կոչ են անում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։ Դրանք «անհրաժեշտ են երկրում սահմանադրական ճգնաժամին վերջ տալու և ժողովրդավարությունը վերականգնելու համար»։
Փաստաթուղթը նաև դատապարտում է «խաղաղ ցուցարարների դաժան բռնաճնշումները, որոնց աջակցում է ռուսական աճող իմպերիալիզմը» և կոչ է անում դադարեցնել ցուցարարների նկատմամբ բռնությունն ու նրանց իրավական հետապնդումը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Հայտարարությանը կողմ է քվեարկել Էստոնիայի խորհրդարանի 59 պատգամավոր, դեմ՝ 9։
Ի՞նչ է ասվում հայտարարության մեջ. մանրամասներ
«Վերջին տասնամյակի ընթացքում Էստոնիան աճող անհանգստությամբ է հետևում վրացական հասարակության բևեռացմանն ու Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցությանը։ Անցած հոկտեմբերին բռնության և ահաբեկման մթնոլորտում Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի ազատ կամարտահայտությունը։ «Վրացական երազանքը», վայելելով Ռուսաստանի աջակցությունը, օգտագործում է կեղծված ընտրությունների արդյունքները պետական կառույցների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու և ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար։
Այս հայտարարությամբ Էստոնիայի խորհրդարանը հրաժարվում է ճանաչել Վրաստանի խորհրդարանի և կառավարության լեգիտիմությունը, քանի որ դրանք ձևավորվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք անցկացվել են կեղծիքների և քաղաքացիներին ահաբեկելու պայմաններում։
Մենք նաև չենք ճանաչում «Վրացական երազանքի» կողմից նշանակված նախագահի լեգիտիմությունը, լեգիտիմ նախագահ ենք համարում Սալոմե Զուրաբիշվիլիին և շարունակում ենք աջակցել երկրում սահմանադրական ճգնաժամին վերջ դնելու նրա ջանքերին։
Էստոնիայի խորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին պատժամիջոցներ սահմանել վրացի քաղաքական գործիչների և պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են Վրաստանում խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելուն և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հետապնդելուն:
Բացի այդ, Էստոնիայի խորհրդարանը կոչ է անում սահմանափակել փոխգործակցությունը Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարության ինստիտուտների հետ մինչև ազատ և արդար ընտրությունների անցկացումը։
Մենք նաև կոչ ենք անում աջակցել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և ազատ մնացած լրատվամիջոցներին, որոնք շարունակում են աշխատել հանուն ազատ հասարակության՝ չնայած ահաբեկումներին և ոտնձգություններին»:
Էստոնիան չի ճանաչում Վրաստանի կառավարությունը