Էներգաարդյունավետ շենքեր Հայաստանում․ խնայողություն թե՛ մարդկանց, թե՛ պետության համար
Էներգաարդյունավետության ապահովում ՀՀ-ում
Ամբողջ աշխարհում՝ Հայաստանում ևս, էներգաարդյունավետության բարձրացումը համարում են կարևոր խնդիր: Տարբեր կազմակերպություններ և միջազգային ծրագրեր քայլեր են իրականացնում էներգիայի կորուստների նվազեցման, սպառման կրճատման և գրագետ կառավարման ուղղությամբ:
Այն մասին, թե ինչ է արվում այս ուղղությամբ Հայաստանում։
- «ՀԷՑ-ի պետականացումը կնպաստի ՀՀ-ում ռուսական ազդեցության գահավիժմանը»․ հայ քաղաքագետ
- Արևային էներգիա և ջեռուցման այլ տարբերակներ Հայաստանի «Սիբիրում»
- Էլեկտրաէներգիայի ազատ առևտուր Հայաստանում․ ռիսկեր և հնարավորություններ
Ի՞նչ է էներգաարդյունավետությունը
Էներգաաարդյունավետ լուծումների շարքում են արտաքին պատերի ջերմամեկուսացումը, լամպերի փոխարինումը էներգախնայող տարբերակներով, նկուղների և տանիքիների բարեկարգումը, ջրային տաքացուցիչները, արևային կայանները։ Այս բոլորը հնարավորություն է տալիս կրճատել էներգիայի սպառումը:
Իսկ երբ կրճատվում է սպառվող էներգիայի ծավալը, պակասում են նաև ջերմոցային գազերի արտանետումները և միջավայրն ապրելու համար դառնում է առավել անվտանգ:
Արդյունքնում մարդիկ ունենում են դրամային խնայողություններ, ապրելու ավելի հարմարավետ պայմաններ: Երկրում էլ կրճատվում է, ինչպես դա անավանում են փորձագետնրեը՝ «էներգետիկ աղքատության ցուցանիշը»:

Էներգաարդյունավետությունն ազդում է մարդկանց կյանքի որակի վրա
Մանվել Գևորգյանը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ է: Այն շենքը, որտեղ բնակվում է, ջերմաարդիականացվել է երեք տարի առաջ։ Դա իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագի և Կլիմայի կանաչ հիմնադրամի համատեղ ծրագրով, որը կոչվում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում»:

Նրա խոսքով, շատերը շենքի արտաքին տեսքն են կարևորում, սակայն ինքն ավելի շատ գնահատում է ջերմաարդիականացման արդյունքում ունեցած խնայողությունը:
«Կնոջս հետ ապրում ենք երեք սենյականոց բնակարանում։ Թոշակառուներ ենք, աշխատանք չունենք: Մինչև վերանորոգման ծրագիրը՝ ձմեռները միայն մի սենյակն էինք տաքացնում և օգտագործում, որպեսզի կարողանանք վճարել կոմունալները մեր ունեցած գումարով»,- ասում է Մանվել Գևորգյանը:
Նրա խոսքով, էներգաարդյունավետ արդիականացումից հետո իրենք ջեռուցում են երեք սենյակները և վճարում ավելի քիչ, քան նախկինում․
«Այն ժամանակ հոսանքի համար ձմռանը վճարում էինք 25-30 հազար դրամ։ Հիմա վճարում ենք 15-20 հազար և տան ամբողջ մակերեսը տաք պահում: Գիտե՞ք՝ մեր տարիքում մրսելն ու հիվանդանալն ինչ խնդիրներ կարող է բերել։ Իսկ մեր երեխաները Հայաստանում չեն, և մենք փաստացի խնամող չունենք»:
Ասում է՝ շատ լավ կլինի, եթե համայնքի և ծրագրի համագործակցությունը շարունակվի և բոլոր շենքերը ջերմաարդիականացվեն: Բնակիչները, ըստ նրա՝ արժանի են ապրել նորմալ պայմաններում՝ ձռմանը տաք, ամռանը զով։ Կարծում է նաև, որ կենցաղային պայմանների բարելավումը կարող է կրճատել համայնքից արտագաղթը Երևան և արտերկիր:
«Քայլում ես Քաջարանի փողոցներով, տրամադրությունդ բարձրանում է։ Քաղաքը կարծես նոր շունչ է ստացել։ Շենքերը գունավորվել են, մարդկանց տները տաքացել, կոմունալներն էլ քչացել են: Մարդկանց տրամադրությունը փոխվում է, երբ սկսում են լավ պայմաններում ապրել»,- ասում է Քաջարանի բնակիչը:
«Բոլորն էլ ցանկանում են կրճատել էներգիայի ծախսը»
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ն գործունեություն է ծավալում նաև էներգաարդյունավետության ոլորտում: Տնօրեն Արմեն Փարսադանյանն ասում է, որ շենքերի էներգաարդյունավետության ծրագրերը շատ բան են փոխել համայնքում:
«Նույնիսկ այն շենքերի բնակիչները, որոնք ուղիղ շահառու չեն, սեփական աչքով են տեսել, թե ինչպես է էներգիայի սպառումը կրճատվում։ Լսել են, որ դա հնարավոր է այնպիսի լուծումների շնորհիվ, ինչպիսին, օրինակ, լեդ լամպերի տեղադրումն է, տան պատերի ջերմամեկուսացումը, մուտքերի դռների փոխարինումը: Եթե մտնեք շինանյութի խանութներ, կտեսնեք, որ մարդիկ հարց ու փորձ են անում, գնում այնպիսի նյութեր և ապրանքներ, որոնք շինարարության ընթացքում կարող են ապահովել էներգաարդյունավետություն»,- պատմում է Փարսադանյանը:
Ըստ նրա՝ առաջիկա տարիներին մարդիկ ավելի շատ կսկսեն կիրառել էներգաարդյունավետ լուծումներ, որովհետև բոլորն էլ ցանկանում են էներգիայի ծախսի կրճատում․
«Դրա համար լավ կլինի, եթե տեղում՝ համայնքներում, համապատասխան մասնագետներ վերապատրաստվեն, որոնք կկողմնորոշեն և կուղորդեն մարդկանց՝ ինչպես իրենց տունն ու բնակարանը դարձնել էներգախնայող: Մարդիկ պատրաստ են որոշակի ներդրումներ անել այդ ուղղությամբ և երկարաժամկետ օգուտներ քաղել»:
Հայաստանում շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
Հայաստանում բնակելի շենքերը էներգիայի հիմնական սպառողների ցանկում են։ Երկրի կլիման ընդգծված մայրցամաքային է, -5°C միջին ձմեռային ջերմաստիճանի պայմաններում ջեռուցման սեզոնը երկարատև է։ Շենքերում էներգիայի սպառումը որոշակի ամիսների շատ բարձր է։ Իսկ ջերմոցային գազերի արտանետումներն էլ հիմնականում կապված են էլեկտրաէներգիայի արտադրության հետ։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից։ Այն ֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամը, աշխատանքները համակարգում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանում շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումները։ Այդպիսով այն նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։
Մինչ այժմ ծրագրի համաֆինանսավորմամբ արդիականացվել են 174 բնակելի շենք, 77 հասարակական շենք՝ ներառյալ դպրոցներ, նախադպրոցական, մշակույթային և բժշկական հաստատություններ: Ընթացքի մեջ են ավելի քան 183 բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքները:

Ծրագրի արդյունքները
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ նախագիծը տարբեր խնդիրներ է լուծում․
«Բնակելի և հասարակական շենքերում էներգաարդյունավետ արդիականցման վերանորոգումների միջոցով ցույց ենք տալիս, թե ինչպես է էներգիայի սպառումը կրճատվում: Մարդկանց կյանքի որակը փոխվում է, բնակարանները ձմռանը դառնում են ավելի տաք, իսկ ամռանը՝ զով: Ջեռուցման և հովացման ծախսերը կրճատվում են, էներգաարդյունավետ արդիականացված շենքերում բնակարանների գինը բարձրանում է»:
Կլիմայական տեսանկյունից էլ ծրագրի ազդեցությունը զգալի է։ Ներդրումների շուրջ 20 տարվա ընթացքում նախատեսվում է կրճատել մոտ 1.1 մլն տոննա ջերմոցային արտանետում:«Երկրում ջերմոցային գազերի արտանետումները շենքներից մեծ ծավալ են կազմում: Էներգաարդյունավետ միջոցառումների արդյունքում շենքերում ավելի քիչ էներգիա է սպառվում։ Հետևաբար, ավելի քիչ ջերմոցային գազեր են արտանետվում, ինչը շատ կարևոր արդյունք է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության՝ երկրում իրականացվող միջոցառումների շրջանակում»,- ասում է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Արմեն Եսոյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Էներգաարդյունավետության ապահովում ՀՀ-ում