Էլարջին մեգրելական խոհանոցի իսկական գլուխգործոց է, որն ընդամենը երկու մթերքից է բաղկացած՝ եգիպտացորենից ու պանրից: Մի՛ շտապեք մտածել, որ այն պատրաստելը հեշտ է լինելու: Մի քանի կարևոր նրբություններ կան, առանց որոնց ոչինչ չի ստացվի: Բոլոր անհրաժեշտ մանրամասները կհաղորդի Զուգդիդիի մեր թղթակից Նատիա Կանկիան:
Էլարջիի 3 չափաբաժնի համար անհրաժեշտ է.
1 կգ եգիպտացորենի ձավար
200 գ եգիպտացորենի ալյուր
1.5 կգ սուլուգունի պանիր
Եգիպտացորենի ձավարը պետք է մաղով անցկացնել, հետո լավ լվանալ. բարեխիղճ մեգրել տնային տնտեսուհիներն այն լվանում են 25 անգամից ոչ պակաս, քանի դեռ չեն համոզվել, որ զանգվածը սպիտակ է: Լվացած ձավարի վրա ջուր ենք լցնում ու եռացնում: Խառնել պետք է միայն փայտե տափակ գդալով: Իսկ եթե հաճախ եք պատրաստելու գոմի կամ էլարջի, ավելի լավ է հատուկ փայտե գդալ գնել. Սամեգրելոյում դրանք կան յուրաքանչյուր խոհանոցում, մենք «չոգանի» ենք ասում: Դրանով պետք է անընդհատ խառնել եգիպտացորենի ձավարով շիլան, որը եփվում է ցածր կրակի վրա (չեք մոռացել չէ՞ կրակը թուլացնել ջուրը եռալուց հետո):
Պետք է անընդհատ հետևել ողջ գործընթացին, մինչև ձավարն ամբողջությամբ չեփվի՝ մոտ 45 րոպե: Շուտով դուք արդեն տեսքից կսկսեք հասկանալ, եփվել է ձավարը, թե ոչ՝ զանգվածը խտանում է, այն խառնելն արդեն դժվարանում է: Ահա այստեղ պետք է ավելացնել եգիպտացորենի ալյուրը (հիշում ե՞ք՝ 200 գ): Արագ-արագ խառնեք, որպեսզի տակը չկպնի: Պետք է խիտ եգիպտացորինի շիլա դառնա: Կրակը մի փոքր էլ ենք թուլացնում ու թողնում ենք ևս 30 րոպե: Ի դեպ, արդյունքում ևս մեկ ուտեստ ենք ստանում՝ գոմի:
Այժմ պանրի ժամանակն է: Սկզբում պետք է այն մի փոքր աղ անել՝ մի պտղունց: Թավան դնում ենք կրակին, կես բաժակ ջուր ենք լցնում: Եռալուց հետո մի կտոր սուլուգունի են գցում թավայի մեջ: Պետք է ստուգել, արդյո՞ք այն պատրաստ է: Դրա համար տրորեք այն փայտե գդալով, եթե պանիրը հալչում է ու ձգվում, ուրեմն պատրաստ է: Պատրաստի գոմիին ավելացնում ենք մի կտոր պանիր ու խառնում ենք: Թողնում ենք կրակին մեկ րոպե ու կրկին խառնում ենք: Եթե եգիպտացորենի զանգվածը լավ ձգվում է, ուրեմն ձեր էլարջին պատրաստ է: Դնում ենք ափսեների վրա ու մատուցում ենք տաք վիճակում: Խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ նայել տեսանյութը, որպեսզի ոչինչ բաց չթողեք: Իսկ եթե հարցեր առաջանան, գրեք նյութի տակ մեկնաբանությունների տեսքով: Հաջողություն: