ԶԼՄ-ների դեմ 29 հայց՝ կես տարում․ խոսքի ազատությունը Հայաստանում
ԶԼՄ-ների հանդեպ ճնշումներ ՀՀ-ում
2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների 36 դեպք է արձանագրվել։
«Գրանցվել է ֆիզիկական բռնության 2 դեպք, երկուսն էլ իրավապահների կողմից»,- հայտնել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Ներկայացնելով երկրորդ եռամսյակի վիճակագրական տվյալները՝ ԽԱՊԿ նախագահը նկատել է՝ հունվար-մարտ ամիսների համեմատ 10-ով աճել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը՝ հասնելով 39-ի։
Տարվա առաջին կեսում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ 29 դատական հայց է ներկայացվել, ինչը Մելիքյանի համոզմամբ՝ «բացասական ու մտահոգիչ» ցուցանիշ է։ Երկրորդ եռամսյակի բոլոր 16 հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքով են։ Հայցվորներից 3-ը ներկա և նախկին պաշտոնյաներ են, 2-ը՝ քաղաքական գործիչներ։
- Փաշինյանը ՀՀ-ում ամենավստահելի գործիչն է, բայց նվազած վարկանիշով․ IRI-ի հարցման արդյունքները
- Նոր ուժ հին դեմքերո՞վ․ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը
- «Անջատե՛ք թշնամու ձայնը»․ ՀՀ-ում պահանջում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
Տարվա երկրորդ եռամսյակը թեժ և լարված էր
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ՝ 2025 թ․-ի երկրորդ եռամսյակը հասարակական, քաղաքական առումով բավականին լարված էր։ Փորձագետը դա պայմանավորում է պետական հեղաշրջման փորձի բացահայտմամբ։ Կարծում է՝ թեժ հանրային բանավեճ առաջացրին նաև այդ ֆոնին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի, երկու բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները։
Արձանագրել է՝ լարված իրավիճակը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ՀՀ-ի լրատվադաշտի բևեռացվածությունը․
«ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունն ուղիղ կապ ունի քաղաքական ուժերի հետ և օգտվում է նրանց հովանավորությունից: Ցավոք, հանրային շահը կրկին հետին պլան գնաց։ Եվ շատ քիչ էին այն լրատվամիջոցները, որոնք համակողմանի լուսաբանում էին թե մեկ, թե մյուս քաղաքական ճամբարի և համակիրների տեսակետները»։
Մելիքյանի խոսքով՝ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները շատ բարդ հարաբերություններ ունեն իշխող ուժի պատգամավորների և պաշտոնյաների հետ, իշխանության հետ ասոցացվող լրագրողները, իրենց հերթին, բարդությունների են հանդիպում՝ ընդդիմադիր գործիչների հետ շփվելիս:
«Լրատվադաշտի անպարկեշտ բառապաշարը գալիս է նաև վարչապետից»
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ անպարկեշտ, փողոցային արտահայտությունները պատել են ամբողջ լրատվադաշտն ու հասարակությունը։ Կարծում է՝ դա քաղաքական վերնախավից է գալիս․
«Այն բառապաշարը, որով Փաշինյանն ու իր կինն արձագանքում են իրենց հասցեին արված վիրավորանքներին, ինձ համար սկզբունքորեն անընդունելի և դատապարտելի են։ Երբ ես իրենց մեկնաբանությունները կարդում եմ, ամոթ եմ զգում իրենց փոխարեն»։
Կարծում է՝ երկրի առաջին դեմքն ու իր տիկինը պետք է լինեն «ավելի զուսպ, ինքնատիրապետող», որպեսզի հասարակությունը քաղաքական վերնախավից ճիշտ օրինակ վերցնի։
«Սկսած վարչապետից մինչև սոցիալական ցանցերի հասարակ օգտատեր այդ բառապաշարը, կարծես թե, դարձնում են սովորական»։
Մելիքյանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում և նկատում՝ սա «հասարակությանն այլանդակելու ու հետընթացի տանելու» ուղիղ ճանապարհ է։
Իշխանությունները խոսում են առաջընթացի մասին, քննադատությունը հաշվի չեն առնում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հիշեցրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցը։ Դրա համաձայն՝ Հայաստանը 9 նիշով առաջընթաց էր գրանցել։
Աշոտ Մելիքյանը նկատել է՝ հատկապես իշխանությունները սա մեծ ոգևորությամբ տարածեցին, և հավելել՝ կարծես թե հաշվի չառան այն քննադատությունները, որոնք ներառված էին նույն զեկույցում։
«Օրինակ` հատուկ ընդգծվում էր, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ։ Սա իրողություն է, որը պետք է հաշվի առնել, դրա դեմ պայքարել»,- շեշտել է նա։
Ներդրվելու է «հեռացման պահանջի» ինստիտուտ
Մելիքյանը կարևորել է սոցցանցերում «կեղտոտ մթնոլորտի առողջացման» ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ օրենսդրական փոփոխությունների իրականացումը։
Նրա փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր օրինագիծ, ըստ որի՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով գործերը կվերաբերեն ոչ միայն այն դեպքերին, երբ այդ վիրավորանքն ու զրպարտությունը տարածվել է ԶԼՄ-ով, այլև եթե այն տարածվել է սոցցանցերում՝ որևէ օգտատիրոջ կողմից։
Վստահ է՝ սա խոսքի ազատության իրավունքի իրացման սպառնալիք լինել չի կարող, քանի որ «հայհոյախոսությունը խոսքի ազատության հետ որևէ կապ չունի»։
Ըստ նրա՝ ներդրվելու է նաև «հեռացման պահանջի» ինստիտուտը։
«Եթե մինչև հիմա և՛ Քաղաքացիական օրենսգիրքը, և՛ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը նախատեսում էին, որ զրպարտված անձը կարող է պահանջել հերքում կամ օգտվել պատասխանի իրավունքից, ապա հիմա տուժած անձը կարող է պահանջել նաև այդ հրապարակման հեռացում»,— մանրամասնել է նա։
Մելիքյանի խոսքով՝ «հեռացման պահանջի» կիրառումը պետք է լինի խիստ համաչափ, այն է՝ անհրաժեշտության պարագայում պետք է հեռացվի ոչ թե ողջ բովանդակությունը, այլ միայն բուն վիրավորանքը․
«Հնարավոր է, որ շատ օբյեկտիվ քննադատական հոդված հրապարակվի, որում լինի միայն մեկ վիրավորական արտահայտություն, որն անընդունելի է։ Կարելի է միայն դա հեռացնել»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԶԼՄ-ների հանդեպ ճնշումներ ՀՀ-ում