Մեդիայի, ինֆորմացիայի և սոցիալական հետազոտությունների կենտրոնի (CMIS) ուսումնասիրության համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ի վեր Վրաստանում բողոքի ակցիաներ լուսաբանելիս տուժել է լրատվամիջոցների 181 աշխատակից։
Վերջին տարվա ընթացքում CMIS-ն արձանագրել է 434 միջադեպ, որոնք կապված են եղել լրագրողների, պարբերականների և մեդիայի ազատությունը պաշտպանող կազմակերպությունների իրավունքների խախտման հետ։
«Վրաստանում մեդիամիջավայրը կրիտիկական վիճակում է։ Վերջին տարվա ընթացքում անկախ լրագրողներն ու պարբերականները ենթարկվել են այնպիսի իրավախախտումների, ինչպիսիք են ֆիզիկական բռնությունը, անօրինական բերման ենթարկումը/ձերբակալումը, հարցաքննությունները, նկարահանման արգելքը, վարչական շենքեր մուտքի արգելքը, անօրինական տուգանքները, բանավոր վիրավորանքները, սպառնալիքները և այլն։
Այսքան մասշտաբային խնդրի պայմաններում լրագրողների վրա հարձակում գործած ոչ մի անձ, այդ թվում՝ հրապարակայնորեն նույնականացված անձինք, պատասխանատվության չի ենթարկվել։
Այս տարվա օգոստոսի 6-ին Batumelebi և Netgazeti պարբերականների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Տեղական և միջազգային կազմակերպությունները կարծում են, որ Ամաղլոբելին դատապարտվել է քաղաքական շարժառիթներով, պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան։
Միաժամանակ անկախ պարբերականներն ու մեդիայի իրավունքները պաշտպանող քաղհասարակության ներկայացուցիչները թիրախ են դարձել բռնաճնշող օրենսդրության համար։
«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանն ընդունել է մի շարք օրենքներ կամ գործող օրենսդրության փոփոխություններ, որոնք գոյաբանական սպառնալիք են անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության համար»,- ասված է CMIS-ի հրապարակած փաստաթղթում։