Երևանում այսօր մասնակիորեն փլուզվել է արդարադատության նախարարության շենքերից մեկի տանիքը: Փլուզման պահին շենքում աշխատակիցներ են եղել: Մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս մասին դեպքի վայրից հաղորդել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Աշխատակիցներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է: Ըստ նախնական տվյալների՝ նա գանգուղեղային վնասվածք է ստացել: Մյուսի մոտ պարզապես քերծվածքներ են, նրան արդեն դուրս են գրել»:
Նախարարը հաղորդել է նաև, որ նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար:
«Շենքում շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հանգամանքները կուսումնասիրվեն, և եթե կան մեղավորներ, նրանք պատասխան կտան»: