Թբիլիսիում շինանյութի արդեն մի քանի սուպերմարկետ կա: Այդ ժամանակակից և նորաձև խանութները՝ հարմարավետ դասավորած ապրանքով, աստիճանաբար դուրս են մղում այն տարածությունը, որը Թբիլիսիի համար կուլտային է՝ «Բազրոբա Էլիավան»:
«Բազրոբա Էլիավան» Թբիլիսիում հայտնվել է 1990-ականների կեսերին: Մետաղից և տախտակներից մի կերպ սարքած վաճառասեղանները, ներքևից վերև ապակիներով պարզ խանութները, աշխատակիցներ, որոնք զուգահեռ աշխարհ են ստեղծում, որն էլ Թբիլիսիի ուրբանիզմի անքակտելի մասն է դարձել:
Այստեղ ժամանակը կարծես կանգ է առել: Ոչինչ չի փոխվում՝ ո՛չ բույրերը, ո՛չ հնչող երաժշտությունը, ո՛չ ընդհանուր տեսքը: «Էլիավան» իր նեղ ու կեղտոտ անցումներով, էժան ներկի հոտով, խաչապուրու վաճառողներով ու ձկան և գարեջրի հոտով ներծծված բեռնակիրներով կարծես տխուր 90-ականների կենդանի հիշողություն լինի, որն իր ժամանակից դուրս է եկել և Թբիլիսիի հետևից անցում կատարել դեպի ներկա իրականություն:
Այս 20 տարիների ընթացքում «Բազրոբա Էլիավան» շատ ընտանիքների է սովից փրկել: Շատերի համար այսօր էլ այդ վայրն ինքնադրսևվորման և վաստակի միակ տեղն է:
65-ամյա խառատ Գելա Արսիաշվիլին արդեն 20 տարի է այստեղ է աշխատում: Վարձակալած տարածքում նա մետաղական կոնստրուկցիաներ է սարքում, և ինչպես ինքն է ասում, այդ գործի շնորհիվ միշտ կարողացել է ընտանիք կերակրել:
Որդուն էլ է այդ արհեստը սովորեցրել, և այժմ միասին են աշխատում: Նա չի վախենում առանց աշխատանքի մնալ: Այստեղ անցկացրած տարիների ընթացքում Գելա Արսիաշվիլին հասկացել է, որ լավ արհեստավորը միշտ էլ հաճախորդներ կունենա:
Նրա աշխատանքը ծանր է, ամբողջ օրը փոշի, աղմուկ, ճռինչ, ինչպես Գելան է ասում՝ մետաղի սիմֆոնիա է: