Երիտասարդական շարժում Street Workout
Մարզահրապարակներում, փողոցներում, պուրակներում և անգամ մետրոյում` նրանք մարզվում են ամեն օր ու ամեն ժամ, անկախ եղանակային պայմաններից: Վերջին չորս տարում Հայաստանում տարածված այս սպորտաձևը կոչվում է Street Workout: Դրա գաղափարը մեկն է`մարզվել փողոցում ու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով: Այն տարածված է աշխարհի բազմաթիվ երկրներում, նախկին խորհրդային երկրներում` հատկապես: Մարզիկների հայաստանյան մեծաթիվ բանակի հերթական հավաքը առիթ էր նրանց հետ ծանոթանալու համար:
Արթուր Հարությունյան (Street Workout Armenia շարժման համահիմնադիր)
«Երբ 2012-ին հիմնադրեցինք Street Workout-ի հայկական ֆեդերացիան, մի քանի տասնյակ մարզիկներով էինք: Հիմա աթլետների թիվը մի քանի հազարի է հասնում, Հայաստանի 28 քաղաքներում ունենք ֆեդերացիայի անդամներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են մարզումներին ու մրցույթներին»:
Ղազար Հակոբյան (Street Workout Armenia շարժման համահիմնադիր)
«Այս մարզահրապարակը կառուցվեց ֆեդերացիայի հիմնադրման տարում: Այգու վերակառուցման շրջանակում մեզ ընդառաջեցին ու միջոցներ հատկացրեցին մարզասարքեր տեղադրելու համար: Այստեղ տարվա բոլոր ամիսներին մարդաշատ է, մարզվում են թե մեր աթլետները, թե մյուս բոլոր ցանկացողները»:
Եղբայրներ՝ Սոսն ու Սարգիսը
Սարգիսը սկսել է մարզվել երկու ամիս առաջ` հետևելով արդեն տևական ժամանակ մարզվող եղբոր` Սոսի օրինակին: Երկվորյակները դպրոցական դասերի ավարտից հետո շատ հաճախ հենց այստեղ են` իրար հետ մրցելու ու ընկերներին զարմացնելու նոր սովորած վարժություններով:
Ընկերուհիներ՝ Տոման, Աննան և Սեդան
Այս աղջիկները Street Workout Armenia-ի հպարտությունն են: Թիմին առաջինը միացել են Տոման ու Աննան, հետո իրենց «ջրերը գցել» նաև ընկերուհուն` Սեդային: Ասում են, մարզումներն օգնում են ավելի գեղեցիկ կազմվածք ունենալ, նաև բարելավել ֆիզիկական տվյալները` հարկ եղած դեպքում իրենց պաշտպանելու համար:
Վազք
Ձմեռային մարզումը սկսելուց մի քանի շրջան տաքացնող վազքը պարտադիր է` մկանները ցուրտ եղանակին ավելի զգայուն են, դա կարող է վնասվածքների պատճառ դառնալ:
Նախավարժանք
Վազքից հետո հերթը մարմնամարզությանն ու ընդհանուր տաքացնող վարժություններինն է, էլի միասին ու բարձր երաժշտության տակ` տրամադրությունը բարձրացնելու համար: Ցուրտ եղանակին դա հատկապես ակտուալ է:
Freestyle
Մարզման վերջին փուլն աթլետներն անվանում են freestyle. հերթով ցուցադրում են սովորած բոլոր վարժություններն ու հնարքները: Համոզում են, որ երբեք չեն մոռանում անվտանգության մասին:
Selfie՝ ինքնանկարը հուշ կդառնա
Իսկ վերջում արդեն ավանդական դարձած ընդհանուր լուսանկարն է` Facebook-ում ու Instagram-ում ցուցադրելու ու… ինչու չէ` մի քիչ էլ գլուխ գովելու համար: