Երեք նոր սահմանապահ ուղեկալներ ՀՀ-Ադրբեջան սահմանին. ինչո՞ւ են դրանք տեղակայվել
Երեք նոր սահմանապահ ուղեկալ Ադրբեջանի հետ սահմանին
Հայաստանի հարավային սահմանին՝ Սյունիքի մարզում, բացվել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) երեք նոր սահմանապահ ուղեկալներ՝ «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն»: Պաշտոնապես հաղորդվել է միայն այն մասին, որ սահմանապահները սկսել են իրենց ծառայությունը, իսկ ուղեկալները համապատասխանում են ժամանակակից պահանջներին։
Կարելի է միայն ենթադրել, որ դրանց տեղակայումը երկրի անվտանգության համակարգը վերափոխելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերից մեկն է: Իշխանությունները աստիճանաբար սահմանապահներին են փոխանցում պետական սահմանի պաշտպանության գործառույթը, ինչը նախկինում իրականացնում էր բացառապես բանակը։
Հայ սահմանապահներն արդեն իսկ հսկում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատված հատվածը երկրի հյուսիսում՝ Տավուշի մարզում։
2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատել և սահմանագծել են սահմանի Տավուշ-Ղազախ հատվածը՝ շուրջ 12.6 կիլոմետր: Այս տարածքում արդեն տեղադրվել է 43 սահմանային սյուն: Զինված ուժերն այդ տարածքների պաշտպանությունը փոխանցել են սահմանապահներին։
Արդյունքում, ձևավորվում է սահմանի վերահսկողության նոր ճարտարապետություն, սակայն դեռևս չսահմանազատված սահմանային հատվածների, գոյություն ունեցող ռազմական ենթակառուցվածքների և Ադրբեջանի հետ հարաբերություններում փխրուն կայունության ֆոնին։
APRI Armenia անկախ վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը մեկնաբանում է, թե ինչ կարող է նշանակել նոր սահմանապահ ուղեկալների բացումն ու ինչու են իշխանությունները որոշել ուղեկալներ բացել հենց այդ ուղղությամբ։
- «Երկաթյա վարագույրը փլուզելու փորձ». հայ փորձագետները՝ Բաքու կատարած այցի մասին
- Հնարավո՞ր է հայ-թուրքական կարգավորում առանց Բաքվի․ Երևան-Անկարա հեռակա բանավեճ
- «Անկլավների թեման կքննարկվի միայն սահմանազատումից հետո»․ կարծիքներ Երևանից
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի մեկնաբանությունը
Նոր ուղեկալներ Սյունիքում
«Հայ սահմանապահների տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանի հերթական հատվածում լիովին համապատասխանում է պետության որդեգրած ռազմավարական կուրսին։ Խոսքը սահմանապահ զորքերի փուլային ամրապնդման և ընդլայնման մասին է։ Վերջնանպատակն է ապահովել, որ երկարաժամկետ հեռանկարում սահմանապահները, այլ ոչ թե զինված ուժերն ապահովեն Հայաստանի ողջ պետական սահմանի պաշտպանությունը։
Մենք տեսնում ենք, թե ինչպես է սա տեղի ունենում փոքր, բայց հետևողական քայլերով։ Սկզբում դա տեղի ունեցավ Իրանի հետ սահմանին, ապա «Զվարթնոց» օդանավակայանում։ Եվ հիմա սահմանապահները սկսել են ծառայություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի նոր, դեռևս չսահմանազատված հատվածում։
Սահմանապահների առկայությունն այստեղ ինքնին նշանակում է, որ այս տարածքն այլևս ռազմական գործողությունների գոտի չէ։ Այն վերածվում է սովորական պետական սահմանագծի։ Ամեն ինչ, իհարկե, կախված կլինի այդ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունից և սպառազինման մակարդակից։
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանն ավանդաբար ունեցել է մեծաթիվ սահմանապահ ուժեր։ Նրանք մշտապես ներկա են սահմանին՝ հագեցած տարբեր տեսակի բավականին լուրջ զենքերով։ Եվ, ի տարբերություն հայ սահմանապահների, նրանց կարողությունները միշտ շատ մոտ են եղել կանոնավոր բանակի կարողություններին, իսկ մարտական պատրաստվածությամբ փաստացի չեն տարբերվել բանակից»։
Իրավիճակը Լաչինի ուղղությամբ
«Դեռևս քիչ տեղեկություններ կան, ուստի մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Հնարավոր է, որ քննարկվում են որոշ միջնաժամկետ ծրագրեր: Այս ուղղությամբ արդեն գոյություն ունի [Լաչինի միջանցք] ճանապարհ: Եվ այն կարող է օգտագործվել երկու երկրների կողմից: Հնարավոր է, որ այդ պատճառով նրանք որոշել են վաղ սկսել սահմանապահ զորքերի ուղեկալների տեղակայումը:
Ավելին, այս հատվածում սահմանը դեռևս սահմանազատված չէ, և հայկական զորքերը շարունակում են գտնվել այնտեղ: Հետևաբար, սահմանապահ ուղեկալների ստեղծումը չի նշանակում բանակի դիրքերի փոխարինում: Սա հատկապես քիչ հավանական է այս հատվածում, քանի որ նշված ճանապարհը պոտենցիալ հարձակման լոգիստիկ ուղի է: Սա, ընդհակառակը, նշանակում է, որ այստեղ անհրաժեշտ են լուրջ ամրություններ:
Դատելով բաց աղբյուրներից, այդ թվում՝ Google Maps-ից և արբանյակային լուսանկարներից, ադրբեջանական կողմում արդեն իսկ ստեղծվել են բավականին հզոր ամրաշինական կառույցներ։ Հետևաբար, կոնկրետ այս ուղղությունը համարվում է ռիսկային՝ հնարավոր էսկալացիայի առումով:
Ընդհանուր առմամբ, սահմանապահ ուղեկալների ստեղծումը կարելի է դիտարկել որպես ապագային միտված քայլ, մասնավորապես՝ կողմերի միջև հնարավոր շփումների պարագայում: Կոնկրետ այս հատվածը, հավանաբար, ընտրվել է գոյություն ունեցող ճանապարհի պատճառով»:
Առայժմ երկու կողմում էլ դեռևս առկա են ռազմական ենթակառուցվածքներ
«Կա ընդհանուր ըմբռնում, որ ինչ-որ պահից սկսած Հայաստանի ողջ պետական սահմանը պետք է վերահսկվի բացառապես հայ սահմանապահների կողմից։ Սակայն իդեալական դեպքում դրան պետք է նախորդի սահմանի ամբողջական սահմանազատումն ու սահմանագծումը»։
Ներկայումս երկու կողմում էլ կան ռազմական ենթակառուցվածքներ։ Ադրբեջանցի սահմանապահները Հակարի կամրջի մոտ ներկա են վաղուց՝ դեռևս Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակներից։ Դժվար է ասել, թե որքանով է ֆունկցիոնալ այս հսկիչ-անցագրային կետը։ Բայց ենթակառուցվածքն ինքնին գոյություն ունի։
Ներկայումս ռազմական ենթակառուցվածքները շարունակում են մնալ երկու կողմերում։
Զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման մասին չի կարելի խոսել, քանի դեռ սահմանը լիովին չի սահմանազատվել, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են անմիջական հեռավորության վրա։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ այնտեղ, որտեղ սահմանազատումն ավարտվել է, զինվորական անձնակազմը ուղղակիորեն սահմանային գծի վրա տեղակայված չէ։ Այնուամենայնիվ, մարտական դիրքերը տեղակայված են երկու կողմերում էլ՝ մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա։
Այլ կերպ ասած, սահմանի ոչ մի հատվածում լիովին չեն հրաժարվում ռազմական ներկայությունից։ Այս փուլում դա ավելի քան տարօրինակ կլիներ, քանի որ ընթացող գործընթացները չափազանց փխրուն են։
Տարիներ կպահանջվեն, որպեսզի Հայաստան-Ադրբեջան սահմանը սկսի նմանվել խաղաղ հարևան պետությունների միջև սահմաններին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Երեք նոր սահմանապահ ուղեկալ Ադրբեջանի հետ սահմանին