Ինչպես են կանայք Հայաստանում համատեղում ընտանիքի հոգսն ու երեխայի խնամքը կարիերայի հետ
Երեխայի խնամք և կարիերա ՀՀ-ում
Շատ երկրներ փորձում են ամրացնել ընտանիքները, խթանել ամուսնություններն ու սատարել զույգերին, որոնք երեխաներ են մեծացնում: Այդ նպատակով պետական և մասնավոր հիմնարկներն աշխատողների համար ստեղծում են ընտանիքամետ աշխատանքային միջավայր: Մտածված, գործնական քայլերն իրապես փոխում են նման ընկերություններում աշխատող զույգերի կյանքի որակը։ Դա հատկապես վերաբերում է կանանց։ Նրանք հնարավորություն են ստանում կարիերա կառուցելու հետ մեկտեղ ընտանիք և երեխաներ ունենալ:
Հայաստանում ևս զգացվում է դրա անհրաժեշտությունը, նկատվում են և համապատասխան զարգացումներ: Կնոջ կարիքներին աշխատավայրի և աշխատանքային ժամերի հարմարեցումը հաճախ քննարկվող հարց է կանանց իրավունքները պաշտպանող ՀԿ-ներում, սոցիալական մեդիայում, նաև բազմաթիվ հիմնարկներում:
Հայ տղամարդիկ այս քննարկումներում ակտիվ չեն։ Նրանց շրջանում դեռ արմատացած է այն մոտեցումը, որ երեխաների խնամքն ու ընտանիքի կենցաղավարությունը կնոջ ուսերին պետք է լինեն: Հայաստանում ընդունվել է օրենսդրական կարգավորում, որով մանկահասակ երեխաներին խնամելու համար հայրերին ևս վճարովի արձակուրդի հնարավորություն է տրվում: Սակայն շատ քչերն են օգտվում դրանից։
Իսկ կանայք ավելի ակտիվ են պահանջում հնարավորություններ, որոնք թույլ կտան և երեխաներին խնամել, և մասնագիտական առաջընթաց ունենալ։
- Առաջին հայրական բլոգը Հայաստանում․ պատմում է հեղինակը
- «Բժիշկ, հրաշք կլինի՞»․ Հայաստանում մանկական քաղցկեղի հաղթահարման մասին
- «Երազում ես սովորել, իսկ քեզ ամուսնացնում են»․ վաղ ամուսնություններ Հայաստանի եզդիական համայնքում
- Մենթոր դպրոցներ Հայաստանում․ օգնություն հեռավոր և սահմանամերձ գյուղերին
Կին, որը համառորեն պայքարել է իր իրավունքների համար
Աննան պատմում է, որ միայն երրորդ երեխայի խնամքի ժամանակ է գործատուից ստացել իր համար ցանկալի պայմանները: Նախկինում գործատուները չէին համաձայնվում, որ որոշ ժամանակ տնից աշխատի և համատեղի իր պարտականությունները և երեխայի խնամքը: Ստիպված է եղել օգտվել դայակի ծառայությունից:
«Առաջին երեխայի ժամանակ հինգ ամսականից սկսեցի գրասենյակից աշխատել։ Ընդ որում, նույն աշխատաժամերով ինչ մնացած աշխատակիցները: Վաստակած գումարի ուղիղ կեսը վճարում էի դայակին և ահավոր մեղքի զգացում ունեի երեխայի հանդեպ: Մյուս կողմից, չէի կարող երկու տարի միայն երեխայի խնամքով զբաղվել»,- ասում է նա:
Աննայի խոսքով՝ երկրորդ բալիկի ժամանակ նույն գործատուն համաձայնվել է, որ մեկ ժամ շուտ ավարտի աշխատանքային օրը.
«Այդ մեկ ժամը ոչ մի հարց չէր լուծում։ Ես ստիպված էի իմ իրավունքների համար պայքարել, մինչև որ ինձ հնարավորություն տրվեց երեխային աշխատավայրում կերակրել: Դայակը կեսօրին երեխային բերում էր ինձ մոտ, ինչ-որ ազատ սենյակ էի գնում, կերակրում: Այդպես կարողացա մեկուկես տարի երեխային կրծով կերակրել»:
Իսկ երրորդ երեխայի ժամանակ աշխատանքի է անցել միջազգային կազմակերպությունում։ Եվ այստեղ իրեն առաջարկել են երեխայի խնամքի վճարվող արձակուրդից անմիջապես հետո հեռավար աշխատանքի անցել մինչև երեխայի վեց ամսականը: Դրանից հետո Աննան սկսել է հիբրիդային ռեժիմով աշխատել՝ օրվա կեսը տնից, կեսը գրասենյակից։
«Օրվա ընթացքում, երբ կարոտում էի երեխային, դայակը նրան բերում էր աշխատավայր, գրկում էի, կերակրում՝ փորձելով շատ չխաթարել նաև գործընկերներիս աշխատանքային առօրյան: Կարևորը՝ սթրեսը քչացել էր և ավելի պրոդուկտիվ էի աշխատում»,- ասում է նա։
Իսկ նախկին աշխատավայրում իր հեռանալուց հետո այլ աշխատակիցներ ևս սկսել են խոսել ընտանիքամետ միջավայրի ապահովման մասին։
Պահանջել են, որ իրենց թույլատրվի առանց որևէ խնդրի գնալ երեխաների դպրոցական ժողովներին կամ այլ միջոցառումների, կարիքի դեպքում տանել հիվանդանոց կամ դասերից հետո զբաղեցնել աշխատավայրում:
«Ինձ այն ժամանակ անգամ կին գործընկերներս չէի սատարում։ Իսկ հիմա բոլորն են ուզում ընտանիք և աշխատանք առողջ բալանսի համար պահանջատեր լինել: Ուրախ եմ, որ կամաց-կամաց փոփոխություններ են լինում։ Կանայք աշխատանքի անցնելու հարցազրույցներին սկսել են այս խնդիրների շուրջ խոսել, նախքան աշխատանքային պայմանագիր կնքելը գործատուի հետո որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել»,- պատմում է Աննան:
Նրա կարծիքով՝ շատ բան այլ կլինի, եթե պետությունը օրենսդրական բարեփոխումներով կամ գործատուներին խթանելու այլ եղանակներով նպաստի աշխատավայրը ընտանիքամետ դարձնել:
Ինչ է արվում աշխատավայը ընտանիքամետ դարձնելու համար
Աստղիկ Կարապետյանը «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահն է: Այն առաջ է տանում ընտանիքամետ աշխատավայր ունենալու գաղափարն ու խրախուսում, օգնում ստեղծել նման միջավայր։
Իրականացնում են հետազոտություններ, վեր հանում խնդիրները, դրանց լուծումների ուղղությամբ առաջարկություններ մշակում՝ ուղղված կառավարությանն ու օրենսդիր մարմնին։ Նաև իրականացնում են իրազեկումներ, տրամադրում իրավական խորհրդատվություն։
«Մեր գործունեության արդյունքում՝ պետական կառույցներն ու հասարակությունը տեղեկանում են ընտանիքամետ քաղաքականությունների մասին, գործատուները շահագրգռվածություն են հայտնում համագործակցել և ընտանիքամետ դառնալ»,- ասում է այս նոր կառույցի ղեկավարը։
Հայաստանում օրենսդրական դաշտում որոշակի փոփոխություններ եղել են նաև իրենց ջանքերի շնորհիվ, շեշտում է Աստղիկը.
«Օրինակ, եթե նախկինում կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի 1,5 տարեկանը տրամադրվում էր յուրաքանչյուր 3 ժամը մեկ առնվազն երեսուն րոպե ընդմիջում, ապա այժմ մինչև 2 տարեկան երեխա ունեցող կնոջն է հավելյալ ընդմիջման իրավունք տրվում։ Եվ նա կարող է այդ ընդմիջումները միասին օգտագործել՝ մեկ ժամ ուշ գնալ աշխատանքի կամ շուտ ավարտել։ Հնարավոր է նաև մեկ ժամ երկար ընդմիջում անել աշխատանքային օրվա ընթացքում»։
Ինչ վերաբերում է կրծքով կերակրման սենյակի առկայությանը, ըստ մասնագետի, թեև հայաստանյան աշխատանքային օրենսգրքում կա կարգավորում, սակայն այն պարտադիր բնույթ չի կրում։ Հիմնարկում կերակրասենյակ չլինելը օրենքի խախտում չի համարվում։
«Սա իրականում նորմալ պրակտիկա է։ Պետությունը չպետք է ճնշի գործատուին՝ նման բեռ դնելով նրա վրա։ Միևնույն ժամանակ, առաջատար փորձը ցույց է տալիս, որ պետք է սահմանվեն պարտադիր պայմաններ՝ կրծքով կերակրումը խրախուսելու համար։ Օրինակ, եթե մի գործատուն չունի ֆինանսական միջոցներ կամ տարածքը թույլ չի տալիս կերակրասենյակ կահավորել, ապա կարող է թույլատրել աշխատակցին հեռավար աշխատել»,- բացատրում է Աստղիկը։
Նկատում է՝ կան մատների վրա հաշված ընկերություններ, որոնք, բացի օրենսդրական կարգավորումներին հետևելը, նաև իրենց կողմից են սահմանում արտոնություններ և ստեղծում իրական ընտանիքամետ միջավայր։
«Մենք ավելի հաճախ խոսում ենք ծնողների և, մասնավորապես, մայրերի մասին, քանի որ հենց նրանք են առավել հաճախ կանգնում աշխատաշուկայից դուրս մնալու, եկամուտը կորցնելու ու կարիերայում հաջողություններ ունենալու մտքից հրաժարավելու խնդրի առաջ»,- ասում է նա։
Կազմակերպությունում համարում են, որ ընտանիքամետ լինելու համար աշխատավայրը պետք է ապահովի է հետևյալ 3 պահանջները՝
- ճկուն աշխատանքային պայմաններ (հեռավար աշխատանք, կրճատ օրով/շաբաթով աշխատանք և այլն),
- վճարվող արձակուրդներ (մայրության, հայրության, երեխայի խնամքի),
- աջակցություն երեխայի խնամքի հարցերում (դայակ, մանկապարտեզ, կրծքով կերակրելու խրախուսում)։
Այս պայմանների մի մասը ապահովվում են օրենսդրական կարգավորումներով և պետական ծրագրերով։ Մասնավորապես, իրավական ձևակերպում ունեն վճարվող արձակուրդները, ոչ ամբողջ օրով աշխատանքը, հավելյալ ընդմիջումները մինչև 2 տարեկան երեխայի մորը։
Աստղիկ Կարապետյանի խոսքով՝ այնուամենայնիվ, կան գործատուներ, որոնք իրենց կամքով սահմանում են հավելյալ արտոնություններ իրենց աշխատակիցների համար.
«Օրինակ, ունեցել ենք գործատու, որն իր աշխատողի մանկահասակ երեխայի համար դայակ է վարձել և խաղասենյակ կահավորել աշխատավայրում»:
«Կետ 33»-ն ուսումնասիրում է այն երկրների փորձը, որտեղ գործատուների կողմից ընտանիքամետ դառնալու միտում կա։
«Նախ կազմակերպությունները այսպիսով մեծ ներդրում են ունենում իրենց բարի համբավը կերտելու գործում։ Մաքեթինգային, PR մասնագետներն օգտագործում են այդ հանգամանքը իրենց աշխատանքում։ Մյուս կողմից, ընկերություններն ունենում են մրցակցային առավելություն և կարողանում են դաշտում լավագույն կադրերին գրավել և իրենց մոտ պահել», — կարծում է Աստղիկ Կարապետյանը։
Այս հարցում նա կարևոր է համարում պետության դերն ու ազդեցությունը։ Շեշտում է՝ պետությունը օրենսդրական կարգավորումներ ընդունելով է թելադրում խաղի կանոնները.
«Պետությունն էլ իր տարբեր հիմնարկներով գործատու է։ Եվ իր ընդհանուր վարքը որպես գործատու մեծ դեր ունի։ Եվ այն, որ ԱԺ-ում չկա կերակրասենյակ, արդեն իսկ հետևություններ անելու տեղիք է տալիս»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երեխայի խնամք և կարիերա ՀՀ-ում