Երբ լալիս է Թերեզա կովը
Նկարը՝ Անաստասիա Լոգվինենկոյի
Տասը տարի առաջ մեր ընտանիքում ծնվեց խարտյաշ հորթուկը՝ Թերեզան։ Թե ինչպես նա դարձավ մեր ընտանիքի անդամը, պարզ կդառնա ավելի ուշ: Իսկ Թերեզա կնքվեց, որովհետև տատս սովորություն ուներ կենդանիներին մարդկանց անուններ տալ: Թերեզան մի քանի քույր ու եղբայր ուներ, սակայն մինչև հորթուկը դարձավ կով, մենակ մնաց: Այդ փաստը գուցե բացասական երևույթ էր, սակայն ուներ նաև դրական կողմեր:
Բոլորիս ուշադրության կենտրոնում Թերեզան էր, սա՝ մեկ:
Երկրորդը՝ անհրաժեշտ անասնակերի քանակը նվազեց, և տղամարդիկ դադարեցին դրա հայթայթման համար սարը բարձրանալ: Անասնագլխի ավելանալը կամ պակասելը ընտանիքիս անդամները հաշվում էին խոտի տոննաներով, իսկ ես՝ ընտանիքի տղամարդկանց սարում անցկացրած օրերով։
Եվ երրորդը՝ երբ Թերեզան մենակ էր, և անասնակերի համար այլևս սարեր չէին բարձրանում, պապիկս դժգոհում էր՝ իր վիճակը համեմատելով քաղաքացու կարգավիճակի հետ։
Ինչպես էին վաճառում Թերեզային
Թերեզան լավ ցեղատեսակի կով էր, և մի քանի տարի առաջ մեզ առաջարկեցին վաճառել նրան: Պապս համաձայնեց: Մի քանի օր անց գնորդները եկան և, հաստ պարանը անցկացնելով Թերեզայի կոտոշներին, ստիպելով դուրս հանեցին գոմից: Նա հրաժարվում էր բարձրանալ բեռնատարի վրա, Թերեզան կարծես գամվել էր գետնին: Եվ այդ մարդիկ սկսեցին ծեծել կովին: Պապս ի վիճակի չէր այդ տեսարանին հետևել, նա մոտեցավ Թերեզային և փորձեց նրան համոզելով տանել դեպի մեքենան:
Այդ պահին ես վերջնականապես համոզվեցի, որ Թերեզան շուտով կդառնա ուրիշների սեփականությունը: Ես մտածում էի, թե արդյո՞ք նոր տերերը գիտեն, թե ինչքան խոտ պետք է տան նրան, գիտե՞ն՝ նրան անպայման խմոր են տալու, իսկ ամենացավալի ու ինձ հետաքրքրող հարցը այն էր, թե արդյո՞ք Թերեզան ինձ կհիշի, եթե այո՝ ապա ինչպե՞ս:
Սակայն հանկարծ պապս փոշմանեց և Թերեզային կրկին, արդեն առանց համոզելու և առանց պարանի մտցրեց գոմ: Ես միանգամից դուրս գնացի ու մոտեցա Թերեզային և, երբ ես նրա դեմքը շոյեցի ձեռքս խոնավացավ, սակայն ուշադրություն չդարձրի: Երեկոյան երբ բոլորով մեկնաբանում էին տեղի ունեցածը, պապիկս ժպտալով ասաց.
— Ես գիտեի, որ հեշտ չի լինի նրանից հրաժարվելը, սակայն երբ փորձում էի նրան մտցնել մեքենայի մեջ, նա քայլում էր և միաժամանակ աչքերց արցունք էր գալիս: Էլ ես չէի կարող նրան հանձնել ուրիշներին, չնայած գումարը բավականին շատ էր:
Այս օրը անցավб և մի շաբաթից ոչ ոք չէր էլ հիշում կատարվածը, կարծես սովորական մի օր անցած լիներ, բայց ես գիտեի, որ այդ օրը Թերեզան երկրորդ անգամ ծնվեց:
Ով ինչից է վախենում
Գուցե այսօր ես ավելի շատ պատմեի Թերեզայի մասին, եթե պապիկս ողջ լիներ, չէ՞ որ նա ամեն օր Թերեզայի հետ խոսում էր: Այդ մասին ես իմացա միայն այն ժամանակ, երբ մի անձրևոտ օր Թերեզան արոտից տուն չեկավ: Ամեն օր, երբ մոտենում էր նախիրի արոտից տուն գալու ժամը, պապիկս ճիպոտը վերցնում և գնում էր դիմավորելու, իսկ այդ օրը նա վերադարձավ առանց Թերեզայի և բարկացած, որ ամպամած օրով կովը տուն չի եկել, իսկ հայրիկս տանը չէ որպեսզի գնար փնտրելու: Պապիկս ու տատիկս վիճաբանում էին, քանի որ պապիկս որոշել էր միայնակ գնալ սար՝ կովին փնտրելու, իսկ տատիկս՝ դեմ էր, որովհետև պապիկի առողջական վիճակը լավ չէր:
Ես անմիջապես առաջարկեցի ինքս գնալ սար՝ անտեսելով այն փաստը, որ դեռ մանկուց վախեցել եմ ամպրոպից ու կայծակից: Ժամը 19:00 էր, և մութը հետզհետե ընկնում էր, եղանակն էլ շարունակում էր փչանալ: Ես արդեն հասել էի պապիկիս նշած վայրը ու բավականին հոգնել էի, իսկ Թերեզային չէի գտել, ինչը նշանակում էր՝ գիշերը գայլերը Թերեզային կհոշոտեն, իսկ ես մթին միայնակ տուն կգնամ: Այս վիճակը ինձ վախեցրեցб և ես հուսահատությունից մի քանի անգամ բարձր ձայնով գոռացի՝ «Թերեզա», ինչին հետևեց Թերեզայի բառաչը: Թերեզան մեծ քարերի արանքում կանգնած սպասում էր և միայն ինձ տեսնելուց հետո շարժվեց ու մոտեցավ ինձ:
Ես արդեն մոռացել էի կայծակի ու ականջ խլացնող ամպրոպի մասին ու Թերեզայի հետ խոսելով գալիս էի տուն, երբ ճանապարհին հանդիպեցինք պապիկիս, ով եկել էր ինձ դիմավորելու: Հենց այդ ժամանակ պապիկս ասաց, որ ինքն էլ ամեն օր Թերեզայի հետ խոսում է, ինչպես նաև ասաց, թե ինչու է Թերեզան առանձնացել մյուս կովերից ու տուն չի եկել: Պատճառը այն էր, որ նա ջրից վախենում է, իսկ այդ օրը հովիվը նախիրը շուտ տուն բերելու համար գետով էր անցկացրել:
Մինչև հիմա սարսուռով եմ հիշում այն երեկոն: Իսկ կենդանիները հիշո՞ւմ են կամ հասկանո՞ւմ են, թե ինչ է կատարվում իրենց հետ:
Ի՞նչ արժե ընտանիքը
Ծեր Թերեզայի և նրա բազմանդամ ընտանիքի խնամքով այսօր հայրիկս է զբաղվում: Ժամանակ առ ժամանակ որոշում է Թերեզային վաճառել, քանի-որ նա արդեն ծերացել է: Թերեզան գյուղում հայտնի է որպես լավ ցեղատեսակի կով, սակայն երբ գնորդները գալիս են, հայրս կարծես դիտավորյալ ավելի բարձր գին է պահանջում:
Միգուցե այն պատճառով, որ մտածում է, թե նրանք իրոք հիշել գիտեն և Թերեզան հիշողության մեջ պահում է բոլոր նրանց դեմքերն, ովքեր այսօր չկան:
Հրապարակվել է 16.06.2016