Եվրամիությունը հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից
Կիսվել
Կիսվել
ԵՄ՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովին որոշում է կայացվել Ռուսաստանից հետ կանչել Եվրամիության դեսպանին: Այդ որոշումը եվրոպական երկրների առաջնորդներն ընդունել են երկար բանակցություններից հետո, հաղորդում է Բի-Բի-Սին:
Բանակցությունների արդյունքում հայտարարություն է տարածվել, որում ասվում է, որ ԵՄ-ն աջակցում է Մեծ Բրիտանիային Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում և համարում, որ դրանում Ռուսաստանի մասնակցությունից բացի ոչ մի ուրիշ բացատրություն չկա: Այդ կապակցությամբ ԵՄ-ը մեկ ամսով Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին խորհրդակցությունների համար:
ԵՄ գագաթնաժողովին ներկա էր նաև Բրիտանիայի վարչապետ Թերեզ Մեյը: Հենց նա էր կոչ անում գագաթնաժողովի մասնակիցներին Ռուսաստանի հասցեին ավելի կոշտ հռետորաբանություն կիրառել: Մեյին հաջողվեց այնպես անել, որ նախկին ռուս հետախույզի և նրա դստեր թունավորման հարցով բանաձևի վերջնական տեքստը շատ ավելի կոշտ լինի, քան նախնական տարբերակն էր:
Մեյը նաև կոչ է արել այդ երկրների առաջնորդներին Մոսկվայից հետ կանչել իրենց դիվանագետներին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոնք առանձին հանդիպել են Մեյին և աջակցել նրան, Ռուսաստանից իրենց դիվանագետներին հետ կանչելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, սակայն դիտարկում են այդպիսի հնարավորություն:
Մեծ Բրիտանիայից արդեն վտարվել է 23 ռուս դիվանագետ: Կրեմլն ու ռուսական ԱԳՆ-ն հերքում են անգլիական Սոլսբերի քաղաքում կատարվածին ՌԴ մասնակցությունը: