Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի խոսքով՝ Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի նոր զեկույցը դարձել է թեկնածու երկրի մասին ամենավատ զեկույցը ԵՄ ընդլայնման ողջ պատմության մեջ։
Կոսը հայտարարել է, որ Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունների բարելավումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ վրացական կառավարությունը դադարեցնի ճնշումները քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների նկատմամբ, ինչպես նաև դադարեցնի ընդդիմության առաջնորդների ձերբակալությունները։
Մարթա Կոս. «Սա ամենավատ զեկույցն է, որ երբևէ պատրաստվել է անդամության թեկնածու երկրի մասին։
Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին։ Նա ասում է, որ Վրաստանը մոտեցնում է ԵՄ-ին, բայց իրականում հեռացնում է ԵՄ-ից։ Նկատվում է ակնհայտ հետընթաց բազմաթիվ ոլորտներում։ Հատկապես այնպիսի հիմնարար հարցերում, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և ԶԼՄ-ների ազատությունը։
Վրաստանի կառավարությունը չի պաշտպանում սեփական ժողովրդի շահերը։ Վրացական կառավարության համար միակ ելքը վերանայելն է բազմաթիվ օրենքներ, որոնք ակնհայտորեն հակաեվրոպական են։ Կառավարությունը պետք է դադարեցնի իր ընդդիմախոսների և լրագրողների ձերբակալությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետագա հետապնդումները։ Մեզ համար դժվար է աջակցել նրանց, քանի որ նրանց սպառնում է ազատազրկում։
Վրաստանը դեռևս ԵՄ անդամության թեկնածու երկիր է, բայց Եվրոպական հանձնաժողովի համար դա միայն թղթի վրա է։ Մենք կանենք ամեն հնարավորը ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելու համար»։
Ընդլայնման մասին Եվրահանձնաժողովի 2025 թվականի զեկույցի համաձայն՝ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը ներկա պահին փաստացի դադարեցված է։
Զեկույցում նշվում է, որ Վրաստանում ընդունված օրենսդրական փոփոխություններն ու ձեռնարկվող բռնաճնշող միջոցները սահմանափակել են քաղհասարակության, անկախ ԶԼՄ-ների և ընդդիմության հնարավորությունները՝ ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ եվրաինտեգրման գործընթացին։