Դաղստանում դաժանաբար ծեծել են «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավարին
Կիսվել
Կիսվել
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ծեծել են «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության Դաղստանի մասնաճյուղի ղեկավար Սիրաժուտդին Դացիևին: Այս մասին «Նովայա գազետային» հայտնել է Հակամարտությունների վերլուծության և կանխարգելման կենտրոնի տնօրեն Եկատերինա Սոկիրյանսկայան:
Նրա խոսքով՝ առավոտյան, երբ Դացիևը տնից դուրս է եկել, նկատել է ոչ հեռվում կայանած մուգ ապակիներով սև Պրիորա մեքենա: Մի քանի րոպե անց, երբ նա անցել է մեքենայի կողքով, նրա վրա հետևից հարձակվել են:
Սիրաժուտդինի գլխին ծանր ինչ-որ բանով հարվածել են, ենթադրաբար, ծեծանով կամ կռփազենքով, գետնին տապալել և սկսել ծեծել: Հարձակվողները մի քանիսն են եղել: Իրավապաշտպանը հայտնվել է Կենտրոնական շրջանային հիվանդանոցի նեյրոխիրուրգիայի բաժանմունքում շոկային վիճակում: Դացիևի գործընկերներն անհանգստացած են նրա առողջական վիճակով, քանի որ նրան լուրջ վնասվածքներ են հասցրել: Հիվանդանոցում աշխատում է ոստիկանությունը:
Սոկիրյանսկայայի խոսքով՝ Մախաչկալայում «Մեմորիալի» մասնաճյուղի ղեկավար Օյուբ Տիտիևի ձերբակալությունից հետո իրավապաշտպան կենտրոնի աշխատակիցները սպանության սպառնալիքներ էին ստանում:
Օյուբ Տիտիևը ձերբակալվել է հունվարի 9-ին: Նրան մեղադրել են մարիխուանայի պահպանման համար: Մի քանի օր անց, Շալիի շրջանային դատարանի որոշմամբ, նա կալանավորվել էր: Տիտիևի ցուցմունքների համաձայն՝ թմրանյութով փաթեթը գցել են նրա մեքենան ոստիկանության աշխատակիցները, որոնք ձերբակալել են իրեն: ՆԳՆԿուրչալոևի բաժանմունքում, ուր տարվել էր Տիտիևը, նրանից խոստովանական ցուցմունքներ էին պահանջել, սակայն նա հրաժարվել էր նման բան անել: