Դաղստանի կառավարությունը պաշտոնաթող է արվել: Դրան նախորդել են խուզարկություններ և տեղական պաշտոնյաների ձերբակալություններ. նրանց կասկածում են սոցիալական ծրագրերի իրականացման ժամանակ կատարած խարդախության համար:
Դաղստանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Վասիլևը հանրապետության վարչապետի պաշտոնակատար է նշանակել Անատոլի Կարիբովին:
Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ փետրվարի 5-ին ուժայինները ձերբակալել և Մոսկվա են տեղափոխել Դաղստանի կառավարության ղեկավար Աբդուսամադ Համիդովին և նրա տեղակալներ Շամիլ Իսաևին ու Ռայուդին Յուսուֆովին:Պաշտոնյաները կասկածվում են սոցիալական ծրագրեր իրականացնելիս բյուջետային գումարների հարցում խարդախության համար:
Քրեական գործի դրվագներից մեկը կապված է Կասպիյսկում հանրապետական կրթական կենտրոնի շինարարության ժամանակ կատարված խարդախությունների հետ, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականի տվյալներով՝ դպրոցի շինարարության համար բյուջեից դուրս գրված մեկ միլիարդ ռուբլուց (մոտ 17,5մլն դոլար) ավելի քան 80մլն ռուբլին (մոտ 1,4մլն դոլար) կարող է անցած լինել հանրապետության կրթության նախարար Շահաբաս Շահովին և նախարարների կաբինետի՝ այդ նախագիծը համակարգող ղեկավարներին:
Այսօր Մոսկվայի դատարանը պետք է ձերբակալվածների հանդեպ խափանման միջոց ընտրի: