«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ «գաղտնի այցով» Վրաստանում է եղել Գրոզնիի քաղաքապետ Մուսլիմ Խուչիևը:
Հեռուստաընկերությունը կադրեր է տարածել, որոնցում Չեչնիայի ղեկավարի մոտ համախոհին նկարահանել են Բաթումում՝ «Հիլթոն» հյուրանոցի նախասրահում:
«Ռուսթավի-2—ի տեղեկատվության համաձայն՝ Խուչիևն այցելել է Թբիլիսի և Բաթումի, մի քանի «հույժ գաղտնի» հանդիպում անցկացրել: Հեռուստաընկերությունը չի կարողացել պարզել, թե այդ ինչ հանդիպումներ են եղել, և արդյոք Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատի ներկայացուցչի և ազդեցիկ չեչեն պաշտոնյայի այցը պաշտոնական է եղել, թե մասնավոր:
Խուչիևը երկու օր մնացել է Բաթումիի «Հիլթոն» հյուրանոցում: Աջարիայի կառավարությունում «Ռուսթավի-2»-ի լրագրողներին հայտնել են, որ իրենք ոչինչ չգիտեն այցի մասին: Նկարահանող խումբը փորձել է հարց ուղղել Խուչիևին հյուրանոցի նախասրահում, սակայն նրա թիկնապահներն ագրեսիվ կերպով ընդհատել են լրագրողներին և պահանջել դադարեցնել նկարահանումը:
Տեղեկատվությունն այն մասին, որ Խուչիևն իրոք Վրաստանում էր, վրացական հեռուստաընկերությանը հաստատել են Գրոզնիի քաղաքապետարանի մամուլի կենտրոնում: Ընդ որում, «Ռուսթավի-2»-ին խնդրել են «զերծ մնալ այդ փաստը տարածելուց» և չեն հստակեցրել այցի նպատակը:
«Ոչ մի նպատակ էլ չկա, միգուցե մարդը մեկնել է բուժվելու կամ որևէ մեկին հյուր է գնացել: Ի գիտություն ձեզ, դա ոչ պաշտոնական այց էր, առանց որևէ նպատակի, ցանկալի է, որ այդ մասին առանձնապես չտարածվեք, քանի որ մարդն արձակուրդում է և ուզում է հանգստանալ: Ես չգիտեմ, թե երբ է նա եկել և որքան ժամանակ է, որ այնտեղ է, և եթե անգամ իմանայի, չէի ասի», — «Ռուսթավի-2»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է Գրոզնիի քաղաքապետարանի գործավարության դեպարտամենտի ղեկավարը:
Լրագրողները նշում են, որ մամուլի կենտրոնի հետ անգամ պայմանավորվել էին Խուչիևի հետ հարցազրույցի վերաբերյալ, սակայն հետո նրանց հաղորդել են, որ նա «ստիպված է եղել ընդհատել իր այցը և լքել է Վրաստանը», հաղորդում է Էխո Կավկազան:
Խուչիևի այցի մասին պատրաստած սյուժեում հեռուստաընկերությունը հիշեցրել է Ռամզան Կադիրովի վերջերս արած հայտարարության մասին. «Մենք հիմա գիտենք, տեղեկատվություն ունենք մի քանի շայթանների մասին, նրանք նրանց ուղարկել են Չեչնիայում ահաբեկչություններ անելու, և նրանք հասել են Վրաստան», — ասել է Կադիրովը դեկտեմբերի 24-ին ՆՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հեռուստաընկերությունը նշել է նաև, որ վերջերս Վրաստանում հակաահաբեկչական հատուկ գործողություն է անցկացվել, որի ժամանակ սպանվել է չեչեն ահաբեկիչ Ահմեդ Չատաևը, որը մասնակից էր Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչությանը: