«Բիբլուս» գրախանութների վրացական ցանցը փետրվարի 17-ին դատական հայց է ներկայացրել սեփական ներկա և նախկին աշխատակիցների դեմ՝ տեսաուղերձ ձայնագրելու համար, և պահանջում է հերքել դրանում բերվող փաստերը:
Խոսքն ընկերության 4 ներկա և նախկին աշխատակիցների մասին է, որոնք փետրվարի 9-ին տեսաուղերձ էին տարածել, որում պատմում էին աշխատանքային ծանր պայմանների մասին: Տեսահոլովակի հեղինակներից մեկի խոսքով՝ խանութներում խորհրդատուներն աշխատում են 10 ժամ, իսկ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 300 լարի (113 դոլար):
«Մենք՝ խորհրդատուներս, ստիպված ենք կատարել ամբողջ աշխատանքը՝ միաժամանակ կատարելով խորհդատուի, գանձապահի, հավաքարարի, պահեստապետի, բեռնակրի գործառույթները»,- տեսահոլովակում պատմում է աշխատակիցներից մեկը:
«Բիբլուս» ընկերությունը հերքել է այս հայտարարությունները և աշխատակիցներին մեղադրել ստի մեջ: «Biblus Gallery-ն հայտարարում է, որ ընկերությունում աշխատանքային օրը 8 ժամ է (աշխատում են 2 հերթափոխով), աշխատակիցների համար գործում է նաև բոնուսների համակարգ»:
Ընկերությունը հեռացրել է հոլովակի երկու հեղինակներին, որպես պատճառ նշելով նրանց կողմից ընկերությանը հասցված վնասը: Այդ որոշման համար «Լսարան 115» ուսանողական կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացրել հենց խանութում, որտեղից ընկերությունը նրանց ստիպված է եղել դուրս հանել պարեկային ոստիկանության ուժերով:
«Բիբլուսի» աշխատակիցների տարածած հոլովակը մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում, ինչպես որ ավելի վաղ «Ֆրեսկո» հիպերմարկետի աշխատակիցների տարածած նույնանման ուղերձը: Նրանք նույնպես բողոքում էին ծանր աշխատանքային պայմաններից և ցածր աշխատավարձից:
Այդ ուղերձներին մինչ այժմ որևէ կերպ չի արձագանքել աշխատանքի պետական տեսչությունը: Ինչպես լրագրողներին հայտնել է առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն, «աշխատանքի տեսչությունը սոցիալական ցանցերին արձագանքելու ծառայություն չէ»: Նախարարը դժգոհ աշխատակիցներին խորհուրդ է տվել դիմել դատարան: