ԵՄ դեսպան. «Վրաստանն այժմ ավելի հեռու է ԵՄ-ից, քան թեկնածուի կարգավիճակ ստանալիս»
Գերչինսկին՝ Վրաստանի եվրաինտեգրման մասին
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Մոլդովան զգալիորեն առաջ են անցել Վրաստանից, որն այժմ ավելի հեռու է ԵՄ-ից, քան 2023 թվականին, երբ ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Գերչինսկին նաև հերքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պնդումները, թե ոչ թե իրենք, այլ ԵՄ-ն է կանգնեցրել Վրաստանի անդամակցության գործընթացը։
«Հենց «Վրացական երազանքի» առաջնորդներն են կանգնեցրել երկրի եվրաինտեգրման գործընթացը»,— ընդգծել է նա։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հայտարարությունը
«Ընդլայնման ճանապարհին Ուկրաինան և Մոլդովան շատ ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Վրաստանը։ Ուկրաինայի դեպքում դա տեղի է ունենում դաժան, ագրեսիվ պատերազմի ֆոնին։ Ուկրաինացի ժողովուրդը դիմադրում է ռուսական ագրեսիային՝ միաժամանակ իրականացնելով շատ դժվար բարեփոխումներ։
Մոլդովան դիմադրում է Ռուսաստանի հիբրիդային հարձակումներին։ Չնայած Մոսկվայի կողմից նման հզոր հարձակումներին՝ մոլդովացիները վերջերս խորհրդարանական ընտրություններում քվեարկեցին Եվրոպայի օգտին։
Ե՛վ Ուկրաինան, և՛ Մոլդովան շուտով Եվրամիությանը միանալու ճանապարհին են։ Ցավոք, Վրաստանի դեպքում մենք տեսնում ենք հակառակ իրավիճակը։
Թեկնածուի կարգավիճակ ստանալուց երկու տարի անց Վրաստանն ավելի հեռու է ԵՄ-ից, քան 2023 թվականին էր։
Սա պարզ է դառնում Եվրոպական հանձնաժողովի կողմից մեկ շաբաթ առաջ հրապարակված ընդլայնման զեկույցից։ Զեկույցը կործանարար է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտման առումով։
Այն հստակ նշում է, որ Վրաստանն այժմ ավելի հեռու է ԵՄ-ից, քան երկու տարի առաջ, երբ նրան շնորհվեց թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր կուրսը և վերադառնա եվրաինտեգրման ուղուն։
Հենց «Վրացական երազանքի» կառավարությունն էր, որ 2022 թվականի մարտին որոշեց ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել։ Եվրամիությունը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց 2023 թվականի դեկտեմբերին։
Վրաստանը, իհարկե, իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել իր սեփական օրենսդրության վերաբերյալ։ Կարող է ընդունել ցանկացած օրենք։
Բայց իմ և Եվրամիության խնդիրն է «Վրացական երազանքին» և երկրի բնակիչներին ցույց տալ, թե որ օրենքները չեն համապատասխանում ԵՄ օրենսդրությանը։
2024 թվականի գարնանը մենք հստակ և բարձրաձայն հայտարարեցինք, որ խորհուրդ չենք տալիս ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, և դա կունենա բացասական հետևանքներ։ Արդյունքում, 2024 թվականի հունիսին՝ օրենքի ընդունումից հետո, Եվրոպական խորհուրդը որոշեց փաստացի կասեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը և պահանջեց, որ վրացական կառավարությունը փոխի իր կուրսը։
Ուրախ եմ և դրական եմ համարում այն փաստը, որ վրացի որոշ խորհրդարանականներ վերջապես ծանոթացել են Եվրոպական խորհրդի՝ 2024 թ․-ի հունիսի եզրակացություններին։
Սակայն խնդիրն այն է, որ 18 ամիս պահանջվեց հասկանալու համար, որ իրենց գործողությունները կունենան հետևանքներ։
Անցյալ շաբաթ մենք ստացանք ընդլայնման մասին զեկույցը, որը, հավանաբար, վերջին տագնապի ազդանշանն էր։ Զեկույցը կործանարար էր։ Հուսով եմ, որ վրացի խորհրդարանականներին 18 ամսից էլ պակաս ժամանակ կպահանջվի այն ուսումնասիրելու և գործողություններ ձեռնարկելու համար։
Եթե Վրաստանը և վրացական իշխանությունները լուրջ են տրամադրված ԵՄ-ին միանալու հարցում, ապա նրանք պետք է շտապ փոխեն իրենց կուրսն ու վերադառնան եվրաինտեգրման ուղուն։
Եվրահանձնաժողովը վրացական իշխանություններին խնդրել է պարզաբանել վերջին զեկույցում վիզային ռեժիմի վերաբերյալ արված առաջարկությունների իրականացման ընթացքը։ Ստացված պատասխանը անբավարար էր։
Այդ պատասխանի հիման վրա 2025 թվականի դեկտեմբերին կհրապարակվի վիզաների կասեցման մեխանիզմի վերաբերյալ նոր զեկույցը։ Այն կփոխանցվի անդամ պետություններին, որոնք էլ որոշում կկայացնեն»։
«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը գրել է, որ «ԵՄ դեսպանները կանաչ լույս են վառել վիզաների կասեցման ընթացակարգի պարզեցման համար»։
Նրա խոսքով՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները համաձայնագիրը կստորագրեն նոյեմբերի 17-ին, այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի դեկտեմբերին։
«Հնարավոր է՝ շուտով այն կիրառվի վրացական անձնագիր կրողների դեմ»,- գրել է Յոզվիակը։
Հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդարանը կողմ էր արտահայտվել վիզաների կասեցման մեխանիզմի պարզեցմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Գերչինսկին՝ Վրաստանի եվրաինտեգրման մասին