Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ռուսական ռազմական ինքնաթիռը՝ երկու հայ ռազմագերիներով։ Նրանց ուղեկցում էր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Հաղորդվում է, որ հայկական կողմը Բաքվին է վերադարձրել ադրբեջանցի մեկ զինվորականի։
Հայրենիք է վերադարձել երկու հայ գերի՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։
Այս երկու զինվորականներն, ինչպես ավելի վաղ հայտնում էին հայկական աղբյուրները, մառախուղի պատճառով մոլորել էին հուլիսի 14-ի վաղ առավոտյան Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի մերձակայքում։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում էր, որ զինվորականներն ավտոմեքենայով են եղել և իրենց ծառայողական պարտականություններն են կատարել, բայց զենք չեն ունեցել։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ էին տարվում Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ, պարզվում էր, թե արդյոք նրանք ադրբեջանական կողմում են հայտնվել։ Սակայն այս ողջ ընթացքում Ադրբեջանը որևէ տեղեկություն չէր տրամադրում, զինվորականների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր։ Ադրբեջանը չէր հաստատում նրանց գերեվարման փաստը։
Սեպտեմբերի 7-ին նրանց փոխանակել են ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևի հետ, որը ձերբակալվել էր Արցախում՝ Մարտակերտի տներից մեկում։ Նա ներխուժել էր տուն, որտեղ երկու դեռահասներ էին, սպառնացել նրանց և պահանջել սնունդ և ծխախոտ։ Երեխաները նրան սնունդ էին տվել, այնուհետև՝ խոստացել խանութ գնալ ծխախոտի։ Դեռահասներից մեկը դուրս էր եկել տնից և ոստիկանություն կանչել։
Արցախի իրավապահ մարմինները ձերբակալել էին ադրբեջանցի զինվորին և քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Բաբաևը մեղադրվում էր լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման համար՝ բնակարանի անչափահաս բնակիչների սպանության սպառնալիքով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ զինծառայող Ջամիլ Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ Ադրբեջանական կողմն էլ էր այն ժամանակ հետաքննություն սկսել։
Հայ գերիներին այս անգամ էլ էր ուղեկցում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Նա ավարտում է իր առաքելությունը, այս առնչությամբ սեպտեմբերի 6-ին նա հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարարի հետ։ Այժմ արդեն հաղորդվում է, որ Մուրադովը Բաքու է մեկնել այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։
Հայ գերիների թիվը, որը հաստատել է ադրբեջանական կողմը, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կազմում է 60 մարդ։ Սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ Ադրբեջանում պահվող գերիների իրական թիվը ավելի մեծ է։
Տեղեկություններ Բաքվից
«Ադրբեջանցի Ջամիլ Բաբաևը, որին հայերը ձերբակալել էին Աղդերեում խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում, Բաքու է վերադարձել», — այս մասին հաղորդել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը։
Ըստ առկա տեղեկությունների՝ Բաբաևն Ադրբեջան է վերադարձել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարի միջնորդությամբ։
Բաբաևը փոխանակվել է երկու հայ զինվորների՝ Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի հետ։