Վրաստանի 8 քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչները և ուսանողները Գերագույն դատարանի շենքի առջևխոսքի ազատության պահանջով բողոքի ակցիա անցկացրին:
Ինչպես ակցիային հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Նիկա Մելիան, Գերագույն դատարանն իշխանությունների ճնշման տակ պատրաստվում է որոշում կայացնել «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության դեմ (ընկերությունը փոխանցելով նախկին սեփականատեր Քիբար Խալվաշիին):
Ակցիայի կազմակերպիչների խոսքով, Վրաստանում խոսքի ազատությունը վտանգված է, և «Ռուսթավի-2»-ի գործով ոչ անաչառ վճիռ կայացնելու դեպքում, ակցիաները մշտական բնույթ կկրեն:
«Ո՛չ ԶԼՄ-ների հանդեպ գրոհին» գրառմամբ պաստառ էին այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում կախել «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորները, ինչն ընդդիմության և մեծամասնության պատգամավորների միջև լեզվակռիվ առաջացրեց:
«Եվրոպական Վրաստանի» պատգամավոր Էլենե Խոշտարիայի խոսքով՝ դա բողոքի և այն մարդկանց հետ համերաշխության ձև է, որոնք այսօր բողոքում են Վրաստանի լրաատվամիջոցներում ընթացող գործընթացներից:
«Ռուսթավի-2» գլխավոր ընդդիմադիր հեռուստաընկերության շուրջ ընթացող վեճն արդեն շարունակվում է 2 տարի: Հեռուստաընկերության նախկին սեփականատեր Քիբար Խալվաշին պահանջում է վերադարձնել այն, քանի որ նա վաճառել է հեռուստաընկերությունը նախկին իշխանությունների ճնշման տակ:
Հունիսին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել դատարանի որոշումը հեռուստաընկերությունը Խալվաշիին վերադարձնելու մասին: «Ռուսթավի-2»-ի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը Գերագույն դատարանում: