Գառնու տաճարն ամեն տարի մարտի 21-ին իր շուրջ է համախմբում Հայաստանի հեթանոսական համայնքի անդամներին:
Տպավորություն է, որ աշխարհի ամենաքրիստոնյա երկրներից մեկում մեկ օրվա ընթացքում ի հայտ են գալիս հարյուրավոր մոլի հեթանոսներ: Ի դեպ, այս տարվա ցուրտ եղանակի պատճառով նրանցից շատերը չէին մասնակցում միջոցառմանը:
Օրվա խորհուրդը մեկն է՝ գարնանային գիշերահավասարի օրը տոնել Վահագն աստծո ծնունդը՝ հեթանոսկան Ամանորը: Տոնը նշում են Գառնիում, քանի որ այստեղ է գտնվում տարածաշրջանի միակ կանգուն հեթանոսական տաճարը: Այն կառուցվել է 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից:
Մարտի 21-ին Գառնու տաճարի տարածքում միայն հայ հեթանոսները չեն հավաքվում: Տոնական ծիսակարգին, որ կազմակերպվում է հայ մոգերի առաջնորդությամբ, գալիս են հետևելու նաև Հայաստան եկած զբոսաշրջիկները:
Հայ հեթանոսների շարքերը միատարր չեն: Համայնքը հիմնականում ձևավորված է Սլակ Կակոսյանի կողմից 1990 թվականին ստեղծված «Արորդիների ուխտ»-ի անդամներից ու համակիրներներից:
Սակայն բավականին շատ են նաև նրանք, ում համար ազգայինի փնտրտուքը պատճառ է դարձել հրաժարվելու քրիստոնեական դավանաբանությունից հօգուտ «ազգայինի»՝ հեթանոսականի:
Կան նրանց շարքերում և զրադաշտականության հետևորդներ: Զրադաշտականությունն իր պանթեոնով ընկած է հենց հայկական հեթանոսական աստվածների պանթեոնի հիմքում, սակայն և ունի հիմնային տարբերություններ: Հայաստանում Զրդաշտականության հետևորդների թվում են եզդի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: