Գարեգին Բ-ի հեռացման պահանջը հասավ Մայր Աթոռ, Փաշինյանը չմասնակցեց հավաքին
Գարեգին Բ-ի հեռացման պահանջով հավաք Էջմիածնում
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջն այսօր հասավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Էջմիածնում հավաք անցկացնելու մասին տևական ժամանակ է, ինչ խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, ներկա չէր հավաքին։ Հավաքը հրավիրել էին կաթողիկոսի հեռացման գաղափարը կիսող 10 եպիսկոպոսները։
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել է՝ այս պահին մասնակցելու անհրաժեշտություն չի տեսնում։ Հերքել է հոգևորականներին ուղղորդելու մասին պնդումները, ողջունել է նրանց խիզախությունն ու նշել՝ շարունակելու է աջակցել նրանց բոլոր օրինական միջոցներով։
«Այսօրվա իրադարձությունն այն մասին է, որ եկեղեցում ճգնաժամ է և այն պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը [կաթողիկոսի ավազանի՝ աշխարհիկ անունը] հեռացված չէ Մայր Աթոռից։ Առաջին քայլը դա է»,- ընդգծել է վարչապետը։
Հավաքի նույն ժամին Էջմիածնում միասնական ժամերգություն էր կազմակերպել Արագածոտնի թեմը: Մայր տաճարի շուրջ էին հավաքվել կաթողիկոսի հրաժարականը պահանջող և նրան աջակցություն հայտնող խմբերը։ Նրանց իրարից բաժանում էր ոստիկանական պատը՝ հարյուրավոր ոստիկաններ։
Ժամերգությունը մեկնարկեց ուշացումով և ուղեկցվեց հակադիր խմբերի բացականչություններով։ Եպիսկոպոսների հայտարարած հավաքը տևեց ընդամենը 15-20 րոպե։ Նրանցից Վազգեն Սրբազանը հայտնեց, որ եկել են մեկ առաքելությամբ՝ քարտուղարությանը հանձնելու կաթողիկոսի հրաժարականի պահանջի վերաբերյալ իրենց նամակը։
Քաղաքացիները Մայր Աթոռի տարածքը չէին շտապում լքել նաև ժամերգության ու հավաքի ավարտից հետո։ Տաճարի հարևանությամբ իրավիճակը պարբերաբար լարվում էր։ Ոստիկանները հորդորում էին չտրվել սադրանքների։ Հրմշտոցի հետևանքով լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Այլ միջադեպեր չգրանցվեցին։
- «Որոշ ժամանակով կասեցնե՛լ ծառայությունը»․ կուսակրոն հայ հոգևորականին ինտիմ տեսանյութ է վերագրվում
- Շիրակի թեմի առաջնորդը մեղավոր ճանաչվեց իշխանազավթման կոչ հնչեցնելու մեջ
- Հոգևորականի օրագիրն ու ՀՀ-ում հեղաշրջման փորձը․ մանրամասնում է ՔԿ-ի նախագահը
«Վեհափառ» և «Հեռացի՛ր»․ հակադիր խմբերը հանդիպեցին
Եպիսկոպոսների հայտարարած հավաքն ու ժամերգությունը ժամը 17։00-ին էին։ Հայտարարվածից մեկուկես ժամ առաջ Մայր Աթոռում արդեն մարդաշատ էր։ Ոստիկանական մեծաթիվ ուժերը պատ էին կազմել Մայր տաճարի երկու կողմերում։
Կաթողիկոսին տաճար ուղեկցեց հոգևորականների թափորը։ Եկեղեցու զանգերի ղողանջների ֆոնին քաղաքացիների մի խումբ բացականչում էր «Վեհափառ», մյուսը՝ «Հեռացի՛ր»։ Եկեղեցական արարողությունը մեկնարկեց կես ժամ ուշացումով։
Մայր Աթոռի տարածքում էին նաև վերջին ամիսներին կարգալույծ հռչակված մի քանի հոգևորականներ, այդ թվում՝ Հովհաննավանքում ծառայությունը շարունակող Ստեփան (Տեր Արամ քահանա) Ասատրյանը։
«Եկել ենք Մայր Աթոռն օտարի շահերից ազատագրելու, աղոթքով հրաժարական պահանջելու»,- հայտարարել է Ասատրյանը։
10 եպիսկոպոսները Մայր Աթոռի տարածք եկան ժամերգության մեկնարկից կես ժամ անց` ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հայտարարեց, որ եկել են կաթողիկոսի հրաժարականի պահանջ ներկայացնելու։
«Հրաժարականի պահանջի նամակը հանձնել ենք քարտուղարություն։ Այս պահին մեր առաքելությունն ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ ձեզ հետ լինելու ենք Մայր տաճարի մեջ՝ աղոթելու մեր ժողովրդի, ազգի ու հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,- նշեց նա։
Ամենայն հայոց կաթողիկոսն օրվա իրադարձություններին անդրադարձավ իր ուղերձում։ Նա նշեց, որ առկա խնդիրները պետք է լուծվեն եկեղեցական կանոնական ընթացքով, այլ ոչ առանձին խմբերի պարտադրանքով։
«Ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով։ Սակայն հավատավոր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են եկեղեցու պայծառությանն ու երկրի շինությանը»,- եզրափակեց Գարեգին Բ-ն՝ եկեղեցականներին հորդորելով վերադառնալ կանոնական դաշտ։
Ընդդիմություն․ «Ուզում են եկեղեցին զրկել անկախությունից»
Վեհափառին իրենց աջակցությունը հայտնելու և հայտարարված ժամերգությանը մասնակցելու համար Էջմիածին էին եկել ընդդիմության ներկայացուցիչները։ Նրանց շարքերում էին նաև՝
- «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը,
- ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել,
- կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, որը համակարգում է նորաստեղծ «Մեր ձևով» շարժումը։
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի համոզմամբ՝ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքի հետևում կանգնած է անձամբ ՀՀ վարչապետը, ով «չունի եկեղեցու ներքին գործերին միջամտելու որևէ լիազորություն»։ Կարծում է՝ Փաշինյանի նպատակը եկեղեցին իրեն ենթարկեցնելն է։
«Պետք է ունենանք այնպիսի պետություն, որտեղ իշխանությունը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, այլ բացառապես պահպանում է օրենքը, եկեղեցականներն էլ այդ պարագայում կարիք չունեն զբաղեցնելու կամ հավակնելու որևէ պաշտոնի։ Սրանք են լուծումները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թաթոյանը։
Նրա համոզմամբ՝ հավաքը եկեղեցու դեմ արշավի մի մասն է, օրակարգ, որը «պառակտում ու թուլացնում է մեզ»։ Նախկին պաշտոնյայի խոսքով՝ եկեղեցին պաշտպանելու համար պետք է գործի դնել նաև միջազգային մեխանիզմներ։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Մայր Աթոռ էր եկել հոծ բազմության ուղեկցությամբ։
«Գաղափարն է եկեղեցին զրկել անկախությունից, որ եկեղեցին չունենա ագզային օրակարգ տանելու իրավունք։ Սա արվում է դրսի ուժերի հետ պայմանավորվածությունների արդյունքում»,- նշել է նա՝ ակնարկելով Թուրքիային։
Նրա կարծիքով՝ վարչապետը փորձում է ցույց տալ, թե խնդիրը ներեկեղեցական է, սակայն դա այդպես չէ։ Ինչ վերաբերում է կաթողիկոսի հրաժարականի պահանջով հանդես եկած եկեղեցականներին, նրանք, ըստ Կարապետյանի, ճնշումների տակ և կոմպրոմատների գործադրման արդյունքում են գնացել այդ քայլին։ Ասում է՝ այդ 10 եպիսկոպոսների մեծ մասը «ոչ դրական կարծիք» ունի Փաշինյանի մասին։
Փաշինյան․ «Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, պետք է հեռանա»
Հայաստանի վարչապետը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է կաթողիկոսի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մասին իր հայտարարությունը։ Դա, ըստ նրա, ակնհայտ իրողություն է։
«Ձեզ համար նորությու՞ն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Չե՞ք տեսել փաստեր։ Ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք»,- ընդգծել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք նման սկանդալային հայտարարությանը չպետք է հետևեն իրավական գործընթացներ։ Փաշինյանը պատասխանել է, որ կան «բազմաթիվ նրբություններ», այդ թվում՝ կապված միջպետական հարաբերությունների հետ։
Անդրադառնալով կաթողիկոսի եղբոր՝ Եզրաս Սրբազանի վերաբերյալ հայտարարություններին նշել է՝ նույնիսկ փաստաթղթեր են հրապարակվել, որ ԽՍՀՄ տարիներին նա ԿԳԲ-ի գործակալ է եղել։
«ԿԳԲ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, եղել է ԽՍՀՄ քաղաքացի։ Հարց՝ արդյո՞ք հիմա օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Կա օպերատիվ, հետախուզական աշխատանք, բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են։ Ամեն ինչ իր ընթացքով լուծում կստանա»,- նկատել է նա։
Շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ իրեն պետք է կաթողիկոս, որ «չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավանգ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին»։ Մինչ այդ տարբեր առիթներով Փաշինյանը կաթողիկոսի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին մեղադրել էր ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ։
Ասում է՝ 10 եպիսկոպոսների հրավիրած հավաքի մասին տեղեկացել է հոգևորականների հայտարարությունից, իր հետ ոչինչ չեն համաձայնեցրել։ Վստահեցնում է՝ բարձրաստիճան հոգևորականները ոչ թե միացել են կաթողիկոսի հեռացման իր պահանջին, այլ ձևավորել են իրենց օրակարգը, պարզապես այդ օրակարգերը «մեծապես համընկնում են»․
«Ի՞նչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն և բացառապես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը։ Ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց Կտրիճ Ներսիսյանի [կաթողիկոսի աշխարհիկ անունը] Մայր Աթոռից հեռացման»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ ոչ եկեղեցում, ոչ էլ ժողովրդի մեջ պառակտում չկա։ Խոսքը է գնում «Մայր Աթոռը մի քանի աղանդավորից ազատելու մասին»։ Վարչապետն «աղանդավոր» է անվանում Գարեգին Բ կաթողիկոսին և նրա նեղ շրջապատին և շեշտում՝ նրանք «զավթել են» Սուրբ Էջմիածինը։
Չնայած հնչեցրած մեղադրանքներին՝ կառավարության ղեկավարը պատրաստ է ընդունել կաթողիկոսին, սակայն բացառապես նրա «արժանապատիվ հեռանալու» հարցը քննարկելու համար։
«Գարեգին Բ-ի հանգստի կոչվելը դարձել է անհետաձգելի»․ 10 եպիսկոպոսների հայտարարությունը
Կաթողիկոսի՝ Մայր աթոռը լքելու գաղափարը կիսող եպիսկոպոսները դիմել էին իրենց հոգևոր եղբայրներին և ժողովրդին։ Նրանք հորդորել էին միանալ իրենց արդար պահանջին՝ Գարեգին Բ-ի հանգստի կոչվելուն (հեռանալուն), որն այլևս դարձել է «անհետաձգելի անհրաժեշտություն»։
Շեշտել էին՝ բողոքի ձայն են բարձրացնում «եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող կործանարար ընթացքի դեմ՝ մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»։
Հոգևորականների գնահատմամբ՝ անցնող տարիների ընթացքում Գարեգին Բ-ն իրականացրել է «միանձնյա, կամայական և թերի» կառավարում, իսկ իրենց ձայնը լսելի չի եղել եկեղեցում։
Կարծում են, որ հասել է ժամանակը՝ արտահայտելու հստակ և վճռական դիրքորոշում եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվելու տարատեսակ դժվարություններից և ճնշումներից և կանգնեցնելու «Մայր Աթոռի ահագնացող գահավիժումը»։
«Մայր եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին»,- ասված է եպիսկոպոսների տարածած հաղորդագրության մեջ։
Ի՞նչ կլինի, եթե կաթողիկոսը հեռանա․ Փաշինյանի ճանապարհային քարտեզը
Մայր Աթոռում կազմակերպված հավաքից ուղիղ տասը օր առաջ ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր «եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ»՝ նկարագրելով այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն կաթողիկոսի հեռացումից հետո։
Դրանք են՝
- կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ,
- եկեղեցու կանոնագրքի ընդունում,
- Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր կանոնագրքի։
«Կանոնագիրքը քննարկում և ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»,- նշել էր Փաշինյանը։
Վարչապետը թվարկել էր նաև այն հարցերը, որոնց, ըստ իրեն, պետք է անդրադառնա նոր կանոնագիրքը։ Այդ թվում մատնանշել էր՝ հոգևորականի բարեվարքության կանոնները, եկեղեցու ֆինանսական թափանցիկությունը, եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությունը, եկեղեցու գործունեության համապատասխանությունը ՀՀ Հարկային օրենսդրությանը, հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքները։
Զգաստության կոչ Մայր Աթոռից
10 եպիսկոպոսների նախաձեռնած հավաքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «վտանգաշատ» էր որակել և խորը մտահոգություն հայտնել հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։
«Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը»,- ասված էր հայտարարության մեջ։
Սուրբ Էջմիածնից հավատավոր ժողովրդին հորդորել էին պահպանել հանդարտություն և չտրվել նման «սադրիչ հայտարարությունների» ազդեցությանը։
Մեկնաբանություն
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է․
«Շատ ցավալի է, որ իշխանություն-ընդդիմություն առճակատման կենտրոն է դառնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն ատելությունը, որ տեսնում եմ ֆեյսբուքյան գրառումներում՝ լինեն Փաշինյանի կամ Քոչարյանի [ՀՀ երկրորդ նախագահ] կողմնակիցները, մեզ լավ տեղ չի կարող տանել:
Սկանդալային անցյալով տասը եպիսկոպոսները, ցավոք, դարձել են Փաշինյանի ձեռքին գործիք և մանրադրամ:
Նույնչափ ցավալի է արձանագրել, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու մեր թեմակալ մի քանի առաջնորդներ միացան Քոչարյանի թիմին: Փաշինյան-Քոչարյան փոխադարձ ատելությունը և իշխանատենչության մոլուցքը սահմաններ չունի»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Գարեգին Բ-ի հեռացման պահանջով հավաք Էջմիածնում