«Հիբրիդային պատերազմի տարր»․ հայ քաղաքագետը՝ Գաբրիելյանովի գրառման մասին
Գաբրիելյանովը՝ ՀՀ-ում ռազմական հեղաշրջման փորձի մասին
«Ռուսաստանն իր հիբրիդային պատերազմի հայկական ճակատում այլևս ռեսուրս չունի և իր օգտագործած ագենտներին օգտագործում է երկրորդ անգամ»,- ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովի վերջին գրառմանը։
Գաբրիելյանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո անձամբ հանդիպել է ՀՀ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Զրույցի ժամանակ ասել է, որ «Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը դուրս բերել փողոց և իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը»։ Գասպարյանն էլ, ըստ նրա, պատասխանել է՝ «ուղիղ հրամանի» դեպքում դուրս կբերի բանակը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանում անցանկալի անձ ճանաչված լրագրողի այս հայտարարությունը, այն էլ պատերազմի ավարտից գրեթե երեք տարի անց, վկայում է այն մասին, որ Մոսկվան փորձում է հարվածել Հայաստանի գործող իշխանությանն ու հայ հասարակության մեջ «կասկածի որդ» մտցնել։
Գաբրիելյանովի ֆեյսբուքյան գրառումը, փորձագիտական կարծիք
Ի՞նչ է հայտարարել Արամ Գաբրիելյանովը
«Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը, որն ունի հայկական ծագում, ֆեյսբուքյան էջում աղմկահարույց գրառում է կատարել։ Պատմել է իր առաջարկի մասին այդ ժամանակ երկրի ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Օնիկ Գասպարյանին․
«Ես Օնիկին ասացի, որ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը դուրս բերել փողոց և իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը։ Իսկ ես կապահովեմ տեղեկատվական աջակցություն: Օնիկը պատասխանեց՝ թող Մոսկվան ուղիղ ցուցում տա, և ես դուրս կբերեմ բանակը»։
Գաբրիելյանովի խոսքով՝ ինքը պատասխանել է, որ «ոչ ոք ուղիղ հրաման չի տա», խոսակցությունը փակվել է։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ շատ մեծ վերապահումներով է պետք վերաբերվել Գաբրիելյանովի հայտարարություններին՝ հաշվի առնելով նրա «անձնային որակները»։ Ասում է՝ գուցե նման բան եղել է, գուցե՝ ոչ, պարզաբանումներ պետք է տա անձամբ Օնիկ Գասպարյանը։
«Մյուս կողմից՝ կասկած չունեմ, որ այո, Մոսկվայի նպատակն է եղել հենց 2018 թվականից սկսած, ՀՀ-ում այս իշխանությունը փոխելը, ընդ որում՝ միջոցների մեջ որևէ խտրականություն չդնելով։ Իհարկե, այս կերպ փորձ է արվում նաև հարվածել ներկայիս իշխանությանը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Մեհրաբյանի դիտարկմամբ՝ սա հերթական սադրանքն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ։ Շեշտում է՝ Մոսկվան շարունակելու է ամեն ինչ անել «մթնոլորտն աղտոտելու» համար։ Ռուսաստանին անհանգստացնում ու լարման մեջ է պահում այն, որ Հայաստանը՝
- եվրոպացի դիտորդների է բերում իր սահմանները վերահսկելու համար,
- Նահանգներում բանակցություններ է վարում,
- ռուսների հետ եռակողմ ձևաչափերում մեծ էնտուզիազմով չի մասնակցում,
- ՀԱՊԿ հասցեին քննադատական հայտարարություններ է անում և դե ֆակտո սառեցրել է ՀՀ մասնակցությունը,
- քննարկման է դրել Հռոմի ստատուտի վավերացման հարցը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ նման հայտարարությունների նպատակը ՀՀ-ում ռուսական «ողորմելի ներկայությունը» որքան հնարավոր է երկար պահպանելն ու ընդլայնելն է։
«Իսկ դա արվելու է միայն և բացառապես հայկական պետականությունը կազմաքանդելու ճանապարհով։ Հենց դրան էլ ուղղված է հիբրիդային պատերազմը, որը Ռուսաստանը տարիներ ի վեր և մինչ օրս վարում է ընդդեմ Հայաստանի։ Եվ վարելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հրաժարվել իր կայսերապաշտական նպատակներից»,- ընդգծել է նա։
Վերադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներին՝ հիշեցրել է՝ խորհրդարանում դրանց քննության համար հանձնաժողով է ստեղծվել, տարվում է մեծածավալ աշխատանք։ Հանձնաժողով են հրավիրվել տարբեր բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանը։ Դռնբաց ռեժիմով պարզաբանումներ է ներկայացրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Ըստ էության, Ռուսաստանին դա շատ է նյարդայնացնում, որովհետև ես ուղղակի կասկած չունեմ, որ ՌԴ դերը 44-օրյա պատերազմի հրահրման և ընթացքի հետ կապված՝ բացահայտվելու է»։
Ըստ նրա՝ նաև սա է պատճառը, որ Մոսկվան փորձում է նման հայտարարություններով Հայաստանում պառակտում մտցնել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գաբրիելյանովը՝ Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձի մասին