Բջջային հեռախոսից օգտվելու արգելք Երևանի դպրոցներում․ քաղաքապետարանի առաջարկը
Բջջային հեռախոսների արգելք ՀՀ դպրոցներում
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 1-6-րդ դասարանի աշակերտներին արգելել դպրոցում բջջային հեռախոս օգտագործել, բարձր դասարանների աշակերտների համար էլ մտցնել սահմանափակումներ։ Մինչ այդ, սակայն, նոր կարգը կներդվի մայրաքաղաքի 15 դպրոցներում, ապա մոնիթորինգ կիրականացվի։ Ըստ այդմ էլ կգնահատվի աշակերտների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վիճակի ու առաջադիմության մակարդակ վրա այս նախաձեռնության ազդեցությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից չեն հայտնել՝ արդյո՞ք այն համաձայնեցվել է ոլորտի պատասխանատուների հետ, թե՞՝ ոչ։ Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան, սակայն, նշել են, որ ԿԳՄՍՆ-ն կարևորում է դասապրոցեսի արդիական և տեխնոլոգիապես հագեցած մեթոդներով կազմակերպումը, որի իրականացմանը «կարող է նպաստել նաև դասերի ժամանակ հեռախոսների կիրառումը»։
«Արգելքները չեն նպաստում թվային գրագիտության զարգացմանը, ընդամենը խնդիրները տեղափոխում են դպրոցից դուրս»,- հայտարարել են գերատեսչությունից։
Մի շարք ծնողներ սոցցանցերի իրենց գրառումներով հիշեցրել են՝ դասագրքերում կան QR կոդերով ուսումնական նյութեր և հարց բարձրացրել, թե բջջային հեռախոսների բացառման պարագայում երեխաներն ինչպես են դրանց ծանոթանալու։ Փորձագետները դա խնդրահարույց չեն համարում։ Ասում են՝ QR կոդերի բովանդակությանը կարելի է ծանոթանալ ուսուցիչների օգնությամբ` տեխնոլոգիապես հագեցած դասասենյակներում։
- Գրաքննության փո՞րձ․ ՀՀ-ում մտադիր են խրախուսել «Իրական Հայաստանի» գաղափարների տարածումը
- ՀՀ-ն կդառնա՞ Հարավային Կովկասի տեխնոհաբ․ երկրում AI տվյալների գործարան է կառուցվելու
- Փաշինյանն ասում է՝ ՀՀ-ում ավելի լավ են ապրում, քան 2018-ին, քաղաքացիները համամիտ չեն
Ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 1-6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։
«Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, կլինի համապատասխան պահման վայրում և միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել»,- խորհրդակցության ժամանակ հայտնել է Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Խաչատրյանի փոխանցմամբ՝ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է շաբաթական 1-2 անգամ հեռախոսի օգտագործում, բայց սահմանափակումների կիրառմամբ, այն է՝ բացառապես կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Խոսքն, ըստ նրա, ոչ միայն հեռախոսների, այլև խելացի ժամացույցների, պլանշետների և այլ սարքավորումների մասին է։
Քաղաքապետարանի պաշտոնյաների և անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանի համոզմամբ՝ փոփոխության արդյունքում հնարավոր կլինի հասնել նրան, որ աշակերտները չշեղվեն դասապրոցեսից։
Փորձագիտական կարծիքներ
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ այսօր էլ ՀՀ-ում կան դպրոցներ, որտեղ գործում է բջջային հեռախոսների արգելքը։ Աշակերտներին, սակայն, հաջողվում է այն շրջանցել։
«Խորամանկում են, ասենք՝ մի հեռախոսը հանձնում են, մյուսը պահում են իրենց մոտ։ Հաճախ ուսուցիչներն էլ են իմանում այդ մասին, բայց ձայն չեն հանում՝ մտածելով, որ լավ, այդ երեխան ավելի լավ է մնա հեռախոսի մեջ, քան դասը խանգարի։ Պետք է զգույշ լինել, որ արդյունքում չունենանք մի իրավիճակ, երբ դասարանի մի մասը կարող է ունենալ երկրորդ հեռախոս և օգտագործել, իսկ մյուսներին չի կարելի»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանը։
Փորձագետի դիտարկմամբ՝ առանցքային հարցն արգելքի ու սահմանափակումների հանդեպ վերահսկողությունն է լինելու։
Անդրադառնալով QR կոդերի շուրջ քննարկումներին՝ նկատում է՝ անհրաժեշտության դեպքում այդ կոդերը կարող են օգտագործվել դասարանում՝ ոսուցչի հեռախոսով կամ տանը։ QR կոդերի ներդրումը դպրոցական դասագրքերում դրական հանգամանք չի համարում։
«Տարբեր փորձարկումներ են արվել և՛ էլեկտրոնային դասագրքերի, և՛ QR կոդերի։ Դրանք որևէ դրական ազդեցություն կրթության որակի վրա չեն ունենում»,- շեշտել է նա։
Դպրոցական դասագրքերի հեղինակ Քրիստինե Սողիկյանն ասում է՝ ակնհայտ է, որ բջջային հեռախոսները շեղում են աշակերտների ուշադրությունը։ Դրանում համոզվել է նաև անձամբ՝ որպես դպրոցահասակ երեխայի ծնող։
Կարծում է՝ դպրոցում գտնվելու ժամերին հեռախոսից չօգտվելը կարող է դառնալ «թվային հիգիենայի տարր», ինչպես նաև սովորողներին զերծ պահել օնլայն տարածքում չարաշահման կամ շահագործման զոհ դառնալուց։ Ասում է՝ ինչպես դպրոցում, այնպես էլ տանը պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ ցածր դասարանների աշակերտները զինված չեն մեդիագրագիտության և կիբերանվտանգության մասին գիտելիքներով․
«Ես կողմնակից եմ բջջային հեռախոսների բացառմանը և՛ կիբերբուլինգից երեխաներին զերծ պահելու, և՛ նրանց ճանաչողական կարողություններն ու ուսումնառության մեջ առաջադիմությունը բարձրացնելու համար»։
Սողիկյանի խոսքով՝ Երևանի մի շարք դպրոցներ արդեն իսկ այդ պրակտիկան կիրառում են, գործում է բջջային հեռախոսների արգելքը։ Վստահեցնում է՝ դրա հետևանքով աշակերտները «որևէ մեծ կորուստ չեն ունենում»։
Նա հանրակրթական դպրոցի երրորդ և չորրորդ դասարանների «Անգլերեն» առարկայի դասագրքերի համահեղինակ է։ Այդ գրքերում նույնպես կան QR կոդեր, սակայն կարծում է՝ դրանց միջոցով տրվում է հավելյալ գիտելիք, որը կարելի է ստանալ ոչ միայն բուն դասի ընթացքում՝ ուսուցչի օգնությամբ, այլև տանը՝ մեծերի վերահսկողության ներքո։
Դասագրքերի հեղինակի խոսքով՝ բջջային հեռախոսների արգելքն աշակերտներին չի զրկի ժամանակակից կրթական միջոցներից օգտվելու հնարավորությունից։
«Փոխարենը կարող է լինել դպրոցի կողմից տրամադրվող շարժական սարք, որը կօգտագործվի նպատակային՝ կոնկրետ դասի ընթացքում, հասանելիություն կլինի միայն ուսումնական ռեսուրսներին։ Այն չի լինի աշակերտի համար ուշադրությունը շեղող գործիք»։
Շեշտում է՝ փոփոխությունը կնպաստի նաև սովորողների սոցիալականացմանը։ Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այժմ աշակերտների շփումն էլ մեծամասամբ տեղի է ունենում հեռախոսային կամ համակարգչային խաղերի միջոցով։
Խոսելով ծնողների անհանգստության մասին՝ նկատել է՝ դպրոցում գտնվող երեխաների հետ հաղորդակցվելու համար կարելի է օգտագործել ոչ թե սմարթ, այլ սովորական հեռախոսներ։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Գրքերում տեղադրել եք QR կոդեր, որ հեռախոսով պետք է նայեն։ Ձեր արածն ու ասածը չեն համապատասխանում։ Գրքերը դարձրել եք չգիտեմ ինչ։Կողմնորոշվեք, նոր հայտարարություններ արեք»։
«Սկզբում կրթական ծրագիրը կարգավորեք, QR կոդերը գրքերից ջնջեք ու նոր անցեք չարիք սմարթֆոններին»։
«QR֊ը մեծ խնդիր չի, դա ուսուցիչը կարող է միացնել բոլորի համար կամ աշակերտը տանը լսի, հո 35-ն էլ դասին QR չեն միացնելու միաժամանակ։ Իսկ որոշումը միանշանակ ճիշտ է։ Նույնիսկ պետք է բոլոր դասարաններում արգելվի։ Մեր դպրոցում արդեն վաղուց օրենք է՝ մտան դասարան, դնում են արկղի մեջ մինչև դասի վերջ։ Բողոքելը լավ բան է, բայց գոնե տեղին լինի։ Կոնկրետ սա ճիշտ, նույնիսկ ուշացած որոշում է»։
«Շուտ էր պետք անել, ամբողջ սերունդը տարված է հեռախոսով, համատարած անգրագիտություն»։
«Ոչ միայն Երևանի, ամբողջ հանրապետությունում, մարզերում նույնպես պետք է սահմանափակումներ մտցնել»։
«Այդ դեպքում ուսուցիչներին էլ արգելեք դասի ժամանակ բջջայինից օգտվել։ Բջջայինից չեն պոկվում անգամ դասի ժամանակ»։
«Շատ սխալ որոշում է, որովհետև ծնողների մեծամասնությունը աշխատում է։ Ծնողը պետք է տեղեկացված լինի, թե երեխան երբ տուն հասավ։ Դուք ավելի լավ է կարևոր ուրիշ հարցեր լուծեք, որովհետև կրթությունը խայտառակ վիճակում է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Բջջային հեռախոսների արգելք ՀՀ դպրոցներում