Թբիլիսիում բուսակերների սրճարանի վրա հարձակում է տեղի ունեցել: Քաղաքի հենց կենտրոնում գտնվող սրճարան է ներխուժել մարդկանց մի խումբ, ովքեր հաճախորդների վրա նրբերշիկներ ու խորոված են նետել, հայհոյել են ներկաներին, քաշել մատուցողուհու մազերն ու կոտրել ափսեները:
«Նրանք բղավում էին. Մի՛ս կերեք, վրացի չե՞ք, ինչ է», — պատմում է սրճարանի աշխատակցուհի Մարին և խնդրում, որ ազգանունը չնշենք:
Շուտով ջարդարարներին միացել են հարևանները: Տեսնելով սրճարանի տերերի և հաճախորդների դրեդներն ու փիրսինգները, մեխանիկորեն կարծել են, թե նրանք են քաշքշուկի մեղավորները և կրակի վրա էլ ավելի շատ յուղ լցրել:
«Նույնիսկ չհարցրեցին՝ ինչ է կատարվում, սկսեցին սպառնալ, ասել, որ մեր վիզը կկտրեն», — պատմում է սրճարանի մեկ այլ աշխատակից Գիորգի Գեգելաշվիլին:
Կանչի եկած պարեկային ոստիկանության աշխատակիցներն էլ իրենց հերթին են միանգամից «վճիռ» կայացրել.
«Ասացին, որ մենք ենք անցորդներին դրդել, սակայն նրանք բացարձակապես ոչինչ չեն տեսել և նույնիսկ չէին հասցրել գոնե մոտավորապես հասկանալ իրավիճակը»,- պատմում է հաճախորդներից մեկը:
Սրճարանի տերերն ու հաճախորդները պնդում են, որ հարձակվողներն իրենց հին ծանոթներն են. ուլտրաաջ ազգայնականների խումբ, ովքեր մինչ այդ պարբերաբար սրճարան էին գալիս:
«Նրանք գիտեն, որ մենք հակաֆաշիստներ և բուսակերներ ենք, իսկ նրանք ատում են այդ ամենը: Վեճի ժամանակ սպառնում էին՝ ասելով, որ ոչ միայն մեզ կգտնեն, այլ նաև մեր ընտանիքներին», — պատմում է Գեգելաշվիլին:
Ուլտրաաջ վրացի ազգայնականների մասին քիչ բան է հայտնի, սակայն սոցցանցերն ակտիվորեն քննարկում են նրանց:
«Վրաստանում երկու կարգի ազգայնականներ կան: Հիմնական մասը ռուսամետ է, սակայն կան նաև իզոլյացիոնիստ-հակաարևմտյան տրամադրություններ ունեցողներ», — այսպես է Ֆեյսբուքում արտահայտվել լրագրող Թենգիզ Աբլոթիան, ով կարծում է, որ սրճարանի վրա հարձակվածները երկրորդ խմբին են պատկանում:
Ֆեյսբուքյան քննարկումների մի քանի մասնակից հայտնել է, որ անկախության օրը, Թբիլիսիի կենտրոնական պողոտայում ականատես են եղել ուլտրաաջ ազգայնականների երթին և համապատասխան լուսանկարներ ցույց տվել: