Բի-Բի-Սին վրացական «ռեյվ-ռեվոլյուցիայի» մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել
Կիսվել
Կիսվել
Բի-Բի-Սի հեռուստաընկերությունը «Վրացական ռեյվ-ռեվոլյուցիա» (ռեյվ-հեղափոխություն) վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարահանել 2018թ-ի մայիսի իրադարձությունների մասին, երբ Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկջոկատայինների անցկացրած ռեյդից հետո բողոքի ցույցի էին դուրս եկել հազարավոր երիտասարդներ:
Ֆիլմում ցուցադրված է լիբերալ տրամադրություններ ունեցող երիտասարդության և ազգայնականների պահպանողական խմբերի միջև կոնֆլիկտը, որը ժամանակի հետ միայն սրվում է:
Բի-Բի-Սիի լրագրողը նշում է, որ Վրաստանի գիշերային ակումբներն ամենաանվտանգ վայրերն են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար, և այնտեղ են հավաքվում շատ երիտասարդներ, որպեսզի հանգստանան: Լիբերալ տրամադրված երիտասարդները ֆիլմում խոսում են Վրաստանի անհարկի կոշտ նարկոքաղաքականության, գիշերային ակումբներ հատուկջոկատայինների ներխուժման և այն պատճառների մասին, որոնք երիտասարդության ցույցերի պատճառ էին դարձել:
Ֆիլմում ներկայացված է նաև ազգայնական խմբավորումների անդամների դիրքորոշումը, որոնք ասում են, որ պայքարում են «վրացական ազգային արժեքների» համար: «Վրացական երթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն հայտարարում է, որ իր կազմակերպության գաղափարախոսությունը նման է «Դոնալդ Թրամփի գաղափարախոսությանը», և որ վրացական աջ-պահպանողական ուժերի գաղափարախոսությունը հիմնված է «քրիստոնեական մշակույթի և ավանդական արժեքների վրա»:
Ֆիլմում խոսվում է նաև այդ գործընթացներում Վրաց ուղղափառ եկեղեցու դերի, ինչպես նաև արտաքին ուժի՝ Ռուսաստանի ազդեցության մասին: Transparency International Georgia հասարակական կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրին լրագրողին պատմում է որոշ ազգայնական կազմակերպությունների ղեկավարների՝ Ռուսաստանի հետ կապի և անգամ փաստացի Ռուսաստանից ստացվող ֆինանսավորման մասին: Սակայն Սանդրո Բրեգաձեն հարցազրույցում իր կազմակերպության կապը Ռուսաստանի հետ կտրականապես հերքում է: