Սվետլանա Տիխանովսկայա․ Բելառուսի նախագահի ամենաանսովոր թեկնածուն
Նյութի ամբողջական տարբերակը՝ «Նովայա գազետա» կայքում
Բելառուսում գալիք նախագահական ընտրությունների ամենամեծ հայտնությունն ու ամենաանսպասելի իրողությունը Սվետլանա Տիխանովսկայան էր։ Բոլորովին վերջերս բոլորին անհայտ այս երիտասարդ կինն այսօր փողոցներում հազարավոր կողմնակիցներ է հավաքում և պատրաստ է մարտահրավեր նետել «Եվրոպայի վերջին բռնապետին»։ Սվետլանա Տիխանովսկայան «Նովայա գազետա» կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչն է իրեն դրդել այդ արարքին։
Իրականում ընտրություններին թեկնածություն էր առաջադրել Սվետլանայի ամուսինը՝ հայտնի տեսաբլոգեր Սերգեյ Տիխանովսկին։ Սակայն նախաձեռնող խմբերի գրանցման օրերին նա 15 օրով կալանավորվել է, և նրա խմբին չեն գրանցել։ Այդ ժամանակ Սվետլանան բոլորի համար անսպասելի քայլ է արել․ ամուսնու նախաձեռնությունը գրանցել է որպես իրենը։
Բանտից դուրս գալուց հետո Սերգեյ Տիխանովսկին իմացել է, որ ինքը բնավ նախագահի թեկնածու չէ, այլ իր սեփական կնոջ նախաձեռնող խմբի ղեկավարն է։ Սակայն այդ կարգավիճակում նա միայն տասն օր է մնացել, այնուհետև կալանավորվել է «հանրային կարգը կոպտորեն խախտող գործողությունների կազմակերպման» մեղադրանքով։
• Կարծիք․ Ռուսաստանը հոգնել է Պուտինից։ Ի՞նչ կարող է նա անել
Տեղի ունեցավ այն, ինչ ոչ ոք չէր սպասում․ հազարավոր մարդիկ հերթ էին կանգնում՝ պետության ղեկավարի նոր թեկնածուին սատարելու համար ստորագրություն թողնելու։ Արդյունքում՝ Սվետլանան Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր հանձնել 110 հազար ստորագրություն։
Եվ դա մի երկում, որը արդեն 26 տարի անփոփոխ և առանց այլընտրանքի ղեկավարում է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հերթական նախագահական ընտրությունները Բելառուսում կկայանան օգոստոսի 19–ին։
«Կարծում էի, որ ինձ չեն գրանցի»
«Ես երբեք չեմ հայտարարել, թե քաղաքական գործիչ եմ։ Ես պարզապես ամուսնուս սիրող կին եմ, որը կամ սխալ է արել, կամ՝ հերոսություն։ Եվ այն պահին, երբ ես որոշեցի անել դա, չգիտեի, թե ինչով կավարտվի այս ամենը։ Պարզապես հանուն ամուսնուս ռիսկի դիմեցի», — ասում է Սվետլանան։
Նրա խոսքով՝ ինքը գրեթե վստահ է եղել, որ իրեն չեն գրանցի որպես նախագահի թեկնածու կայանալիք ընտրություններին։
«Կարծում եմ, որ նախաձեռնող խմբին գրանցել են՝ ինձ վրա ծիծաղելու համար․ իբր՝ տեսնենք, թե ով է քեզ համար ստորագրելու»։
Սակայն արդյունքում՝ մարդիկ հերթ էին կանգնել իրենց ստորագրությունները դնելու համար։
Մարդ, որը խոսում է մարդկանց հետ
Սվետլանան պատմում է, թե ինչպես է ամուսինը հայտնի դարձել։ Նրա խոսքով՝ ամուսնու տեսաբլոգը քաղաքական չէր։
Եվ ընդհանրապես, YouTube-ալիք ունենալու միտքը Սերգեյին այցելել է գյուղում կիսաքանդ տան գնումից հետո։ Նա ուզում էր տունը վերականգնել և ագրոզբոսաշրջությամբ զբաղվել։ Սակայն պարզվել էր, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ․ աբսուրդային օրենքների և պաշտոնյաների անտարբերության պատճառով նա երկու տարի էր ծախսել տունը որպես իր սեփականություն ձևակերպելու և դրա վերականգնման թույլտվություն ստանալու համար։
Տեսաբլոգում Տիխանովկսին որոշել էր պատմել իր անձնական պատմությունը։
«Այնուհետև Սերգեյը սկսել է մարդկանց հրավիրել խոսել այն մասին, թե ինչպես են ապրում։ Հետո ինքն է սկսել երկրով մեկ ճամփորդել, այդպես էլ ամեն ինչ սկսել է զարգանալ․․․ Բլոգը սկսեց քաղաքականացվել այն ընթացքում, երբ Սերգեյը շփվում էր մարդկանց հետ և հասկանում, թե որքան վատ են նրանք ապրում։
Մարդկանց վաղուց ոչ ոք չի հարցնում, թե ինչպես են նրանք ապրում։ Ոչ ոք նրանցով չի հետաքրքրվում։ Ոչ ոք նրանց հետ չի զրուցում․․․
Եվ ահա գալիս է մեկը։ Եվ թեկուզ նա միայն տեսանկարահանում է, սակայն լսում է նրանց։ Այդ մարդիկ նրան հետաքրքրում են։ Իսկ մարդիկ գուցե ուզում են պարզապես արտահայտվել՝ առաջին անգամ այսքան տարվա ընթացքում։ Ո՞ւմ նրանք այս ողջ ընթացքում կարող էին պատմել, որ դժվար են ապրում»։
«Հանձնվել չկա»
Քաղաքականությունը Սվետլանայի համար հեշտ գործ չէ․ այդ թվում՝ նա մտահոգվում է ոչ միայն իր ու ամուսնու համար, այլև՝ երեխաների։ Սակայն նա կարծում է, որ հետդարձի ճանապարհ չկա։
«Իհարկե, ես կնախընտրեի, որ այս փուլն իմ կյանքում չլիներ։ Բայց եթե հանձնվեմ, կդավաճանեմ ոչ միայն Սերգեյին։ Նա ինձ կհասկանա։ Բայց խոսքս նրանց մասին է, ովքեր հերթ են կանգնել, իրենց ռիսկի ենթարկել, հավատացել Սերգեյին և հավատացել ինձ»։
Մտահոգվելու բան կա․ Բելառուսում նախագահական ընտրություններից առաջ թեկնածուների դեմ բռնաճնշումները սովորական երևույթ են։ Նախագահի մեկ այլ թեկնածու, գործարար Վիկտոր Բաբարիկոն կալանավորվել է հունիսի 18–ին իր որդի Էդուարդի հետ, որը նրա նախաձեռնող խմբի ղեկավարն է։ Նա մեղադրվել է այլ քրեական գործով «վկաների վրա ազդելու փորձի» համար։