Բաքվում ցուցադրել են «Իսկանդերի» բեկորներ, որն արձակվել է Շուշիի ուղղությամբ․ լուսանկարներ
Բաքվում ցուցադրվել են «Իսկանդեր» հրթիռի բեկորները, որն արձակվել է Շուշիի ուղղությամբ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Հրթիռն ամբողջությամբ պայթել է, սակայն հայտնի չէ, թե Հայաստանի որ հատվածից է այն արձակվել։ Հրթիռի մասին տեղեկությունների նպատակահարմարության մասին կարծիքներն ադրբեջանական հասարակությունում չեն համընկնում։
- «Ղարաբաղյան հակամարտությունը լուծում է գտել»․ Իլհամ Ալիև
- Արդյո՞ք արցախյան երկրորդ պատերազմը պայմանավորվածության արդյունք էր․ մեկնաբանություն Բաքվից
- Կայուն անկայունություն Հայաստանում։ Ելքը ռեստա՞րտն է
«Իսկանդեր» հրթիռի բեկորները ցուցադրվել են Բաքվի ձեռնարկություններից մեկի տարածքում։
Ի՞նչ է կատարվել
2021 թ․ մարտի 31-ին Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) անանուն աղբյուրը հայտարարել է, որ Շուշիում «Իսկանդեր» հրթիռի բեկորներ են հայտնաբերվել։ Բեկորների սերիական համարը համընկել է Ռուսաստանում արտադրված այդ դասի հրթիռների տվյալների հետ։
Նշվել են նաև հայտնաբերված բեկորների հստակ աշխարհագրական կոորդինատները՝ 39°45’38.10«N 46°44’33.90»E և 39°45’27.80«N 46°45’25.80»E։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու Մոսկվայի զայրալից արձագանքը
Իր հարցազրույցներից մեկում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն էր արել՝ ասելով, որ Արցախյան երկրորդ պատերազմի վերջին օրերին Հայաստանն «Իսկանդեր» հրթիռ է կիրառել։
Դրան ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի արևմտամետ լրատվական կայքերից մեկի եթերում կասկած էր հայտնել ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրների արդյունավետության առնչությամբ։ Նա հայտարարել էր, որ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով»։
Նրա խոսքերին արձագանքել էր Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը՝ Հայաստանի վարչապետին մեղադրելով ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու մեջ։
Իլհամ Ալիևը հերքել է «Իսկանդերի» կիրառման մասին լուրերը
2021 թ․ փետրվարի 26-ին իր մեծ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես անդրադարձել էր հայկական կողմից «Իսկանդեր» հրթիռի արձակման մասին խոսակցություններին։
«Ինչ վերաբերում է «Իսկանդեր» հրթիռային համալիրի առնչությամբ Հայաստանի վարչապետի հայտարարությանն, ապա մեզ մոտ այն նույնպես հարցեր է առաջացրել։ Չեմ ուզում հեգնել այս թեմայով, բավական են ռուս պաշտոնատար անձանց, Ռուսաստանի խորհրդարանի անդամների և փորձագետների մեկնաբանությունները, որ հրթիռը 10 տոկոսով պայթելու համար պետք է դեռ մեծ ջանքեր գործադրել։
Մենք «Իսկանդեր» հրթիռի արձակում չենք տեսել, չենք տեսել։ Այդ պատճառով էլ երբ այդ հայտարարությունը հնչեց, երեկ մենք ևս մեկ անգամ հետաքրքրվեցինք։ Բայց ոչ, չենք տեսել», — նշել է նա։
Բաքվում սկզբում չեն հասկացել ANAMA-ի հայտարարությունը
Շուշիում «Իսկանդեր» հրթիռի բեկորների հայտարարության մասին ANAMA-ի աղբյուրի հայտարարությունից հետո Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է այդ լուրը։
««Հայկական Իսկանդերների» զզվեցրած թեման շարունակվում է․․․ Դեռևս երեք տարի առաջ եմ գրել, որ այդ հրթիռները Հայաստանին չեն փոխանցվել։ Հետո շարունակություն եղավ, թե դրանք կամ չեն պայթում, կամ ընդհանրապես չեն կիրառվել․․․ Այժմ այս հարցին միացել է АNАМА-ի անանուն աղբյուրն ու նշել հրթիռի ընկնելու վայրի կոորդինատները, որը ռազմական գործողությունների ժամանակ մեր բանակի վերահսկողության տակ չի եղել․․․
Պարզապես անլուծելի խնդիր է դրված ռուսական կողմի առաջ․ կամ պետք է խոստովանել, որ «Իսկանդերների» և ՍՈւ-30-ի այսպես կոչված մատակարարումները բլեֆ են եղել մեզ վախեցնելու համար, կամ պետք է հաստատել Փաշինյանի վարկածն «անորակ» «Իսկանդերների» և առանց հրթիռային կործանիչների ՍՈւ-երի մասին․․․ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է մեր ANAMA-ն միացել այս թեմայի քարոզչությանը, որը ոչ մի կապ չունի մեր շահերի հետ։
P.S. Իմացեք, որ եթե կարևոր մեկնաբանություն է տալիս իրեն «անանուն» կոչող աղբյուրը, դա հաստատ ապատեղեկատվություն է…», — գրել է Զուլֆուգարովը Ֆեյսբուքի իր էջում։
Չարտահանվող մոդե՞լ
Բաքվում հնչած փորձագիտական գնահատականի համաձայն՝ գտնված բեկորները պատկանում են «Իսկանդեր Ե» չարտահանվող մոդելին։ Այլ կերպ ասած, Շուշիի ուղղությամբ արձակվել է «Իսկանդեր Մ» հրթիռ, որը բացառապես ռուսական բանակի զինանոցում կա։
Ադրբեջանական բանակի պաշտոնաթող մայոր Ադալեթ Վերդիևի խոսքով՝ այստեղ երկու տարբերակ է հնարավոր․ կամ Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել հրթիռի չարտահանվող մոդել [արտահանվողից այն տարբերվում է խոցման իր հեռահարությամբ — JAMnews], կամ հրթիռն արձակվել է Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմաբազայից։
Որտեղի՞ց է արձակվել հրթիռը
«Այս պահին դեռ տեղեկություն չունենք, թե որտեղից և երբ են արձակվել հրթիռները։ Գործակալության աշխատակիցները կատարում են հումանիտար ականազերծման գործողություններ։
Հրթիռի բեկորները հայտնաբերվել են միմյանցից 780 մ հեռավորության վրա։ Դրանցից մեկի բեկորները հայտնաբերվել են հյուսիս-արևելյան ուղղությամբ, մյուսինը՝ հակառակ», — տեղական լրատվամիջոցներին իր հարցազրույցում ասել է ANAMA-ի օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը։
«Իսկանդերն» ամբողջությամբ պայթել է
«Հրթիռային արկերի բեկորները հայտնաբերվել են Շուշիի մերձակայքում տարբեր հատվածներում իրականացվող օպերատիվ միջոցառումների ժամանակ։ Զննման ժամանակ մասնագետները պարզել են, որ դրանք պատկանում են 9М723 հրթիռին, որն «Իսկանդերի» կոդային անվանումն է։ Հրթիռի երկարությունը յոթ մետր 23 սմ է, տրամագիծը՝ 920 մմ», — հավելել է Իսմայիլովը։
Նրա խոսքով՝ ներկա պահին հրթիռի ընկնելու վայրում են Ականազերծման գործակալության աշխատակիցները, որոնք համապատասխան հետաքննություն են իրականացնում։
«Հրթիռն ամբողջությամբ պայթել է, դրանում պայթուցիկ նյութեր չեն մնացել», — ընդգծել է նա։