Բաքվում տների տանիքներից ապամոնտաժում են ջրի կաթսաները, թեև ջրատարի հետ դեռ խնդիրներ կան
Կիսվել
Կիսվել
Բաքվում բազմահարկ շենքերի տանիքներից հանում են կաթսաները, որոնց մեջ մարդիկ ջուր էին պահեստավորում, որպեսզի օգտագործեն այն, երբ ջուրը կտրվում էր։ Պաշտոնյաները դա բացատրում են վերելակների փոփոխմամբ և տանիքների վերանորոգմամբ։
Բաքվեցիներին ինչի՞ համար են պետք ջրի տարաները
Բաքվում ջրամատակարարման խնդիրներ կան։ Քաղաքի որոշ թաղամասերում ջուրն օրական միայն մի քանի ժամ է լինում։ Մյուս թաղամասերում այն մշտական է, սակայն հաճախ են խաթարումներ և ցածր ճնշում լինում։
Այդ պատճառով էլ քաղաքացիների շենքերի կտուրներին կամ հորաններում կաթսաներ են տեղադրվել։ Դրանք խողովակներով միացած են ջրատարին և բնակարանին, հաճախ նաև պոմպ են տեղադրում, որպեսզի բաքից ջուրը հեշտ գա։
Ինչո՞ւ են հանում կաթսաները
Կոմունալ ծառայությունների պաշտոնյաները դա բացատրում են նրանով, որ բազմահարկ շենքերում պատրաստվում են վերանորոգել տանիքը և հին վերելակների փոխարեն նոր ժամանակակից վերելակներ տեղադրել։
Բնակկոմունալ տնտեսության միավորման նախագահ Ռամսին Աբդուլաևի խոսքով՝ շենքերի կտուրներին տեղադրված ջրի բաքերի մեծ մասը վերելակների հորաններում է տեղադրված և շատ է խանգարում։
Այսպիսի բացատրություն է ստացել բաքվեցի Սվետլանա Կրասնովան։
«Այն պահից, երբ մեր շենքում ապամոնտաժեցին բոլոր կաթսաները, մեկ ամիս է անցել։ Ամեն գիշեր ջուրն անջատում են, տանիքը ոչ ոք չի սարքում, վերելակն էլ չի փոխում», — բողոքում է նա։
Հինգհարկանի շենքում, որտեղ ապրում է Արզու Խալիլովան, վերելակ ընդհանրապես չկա։ Սակայն նրա ու նրա հարևանի բաքերը հանել են առանց որևէ բացատրությունների։ Նման դեպքերը ևս մեկ վարկած են ձևավորել․ կաթսաները հանում են, որ դրանք չփչացնեն քաղաքի տեսքը։
Այլ վարկածով՝ կաթսաները կտուրներից հանում են, որովհետև դրանք էլ պետք չեն․ ամեն տեղ շուտով ջուրը քաղաքում շուրջօրյա է լինելու, անխափան և նորմալ ճնշումով։ «Ազերսու» պետական ընկերությունը դա վաղուց է խոստանում, սակայն իր խոստումը դեռ չի կատարել։ Ճիշտ է, «Ազերսուի» ներկայացուցիչ Անար Ջաբրայիլին ասում է, որ բաքերի ապամոնտաժումն իրենց իրավասությունների մեջ չի մտնում։
Առաջին անգամ այն մասին, որ տանիքներից սկսել են բաքերը հանել, Բաքվում սկսել են խոսել դեռ կես տարի առաջ։ Սակայն ամռան գալուն պես խնդիրն արդիական է դարձել։