Բաքվում ոստիկանությունը ցրել է կանանց նկատմամբ բռնության կիրառման դեմ երթը՝ փաստակելով, որ այն արտոնված չի եղել։ Երեք երիտասարդ ակտիվիստների և երկու լրագրողի ձերբակալել են։ Թե ուր են նրանց տարել, հայտնի չէ։
Ակցիան մարտի 8-ի կապակցությամբ էր, այն կազմակերպվել էր մի խումբ ֆեմինիստների կողմից սոցցանցերի միջոցով։ Կազմակերպիչները տարօրինակ են համարել կանանց երթի թույլտվություն խնդրել տղամարդ պաշտոնայներից։
Երթի մասնակիցները պետք է հավաքվեին ցերեկը երկուսին Ազատագրված ադրբեջանուհու արձանի մոտ և երթով անցնեին քաղաքի կենտրոնով դեպի պոետ Նաթավանի արձանը։ Սակայն ոստիկանությունը, որն իրազեկված էր նախանշված երթի մասին, նախօրոք արձանի տարածքն իր վերահսկողության տակ էր առել։
Երբ երթի մասնակիցները հավաքվել են, ոստիկանությունը նրանց պաստառները խլել է և պահանջել ցրվել։ Դրան մասնակիցները պատասխանել են, որ սահմանադրությամբ նախատեսված է հավաքների ազատություն և հիմքեր չկան խաղաղ տոնական երթն արգելելու։
Ոստիկանության միջամտությունից անմիջապես հետո մի խումբ ագրեսիվ տարեց կանայք են հայտնվել, որոնք հարձակվել են ակցիայի մասնակիցների և լրագրողների վրա և փորձել նրանց ցրել։ Ոստիկանությունը նրանց չի խանգարել։
Ոստիկանության և ակցիայի մասնակիցների դիմակայությունը մոտ կես ժամ է տևել։ Արդյունքում մասնակիցների մի մասին հեռացրել են դեպի մետրոյի մոտակա կայարան, որտեղ նրանք շարունակել են վանկարկել «Ո՛չ՝ կանանց հանդեպ բռնությանը»։ Շուտով նրանց հրել են դեպի վագոններ։
Այն մասին, թե ինչ է եղել հետո, պատմում է երթի կազմակերպիչներից մեկը՝ Նիսա Հաջիևան․
«Այն բանից հետո, երբ մեզ խցկեցին մետրոյի վագոն և ստիպեցին մեկնել, մենք հասանք Սախիլ կայարան, այնտեղից էլ հասանք մինչև Նաթավանի հուշարձան։ Կարծում եմ, որ եթե ոստիկանությունը չփորձեր մեզ խանգարել, այս ակցիան շատ ավելի լուռ կանցներ։ Իհարկե, մենք սպասում էինք նման արձագանքի, սակայն գիտակցաբար չէինք համաձայնեցրել ակցիան իշխանությունների հետ, քանի որ դա հակասում է մարտի 8-ի գաղափարին որպես կանանց իրավունքների համար պայքարի օր»։